Քարոզ՝ արժանապատվության քողի տակ

Սեպտեմբերի 26-ին Երևանում կայացավ ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ֆիլմը ցուցադրվեց նաև Գյումրիում: Իրադարձությունը այդպես էլ սովորական կմնար, եթե ֆիլմի կոնտեքստից ելնելով՝ այն չհաջորդեր սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնը Գյումրիում նշելուն և չնախորդեր հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ նիստին ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի այցին:

Նախ՝ ֆիլմի էության մասին.

Ֆիլմը 2015թ.-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված ոճրագործության մասին է։ Ամենակարևորն այն է, որ, ինչպես ռեժիսորներն են նշում, իրենք «ստեղծել են դեպքերի զարգացման իրենց մեկնությունն ու հանգուցալուծումը»։ Ֆիլմի սյուժետային գործողություններից  զատ՝ ներկայացվում են երեխաներ, որոնցից մեկի անունը Իվան է (ռուսական ամենատարածված անձնանուններից), ով ոչինչ չի հասկանում, ծույլ է և անգամ չի վախենում արջից: Ֆիլմի հեղինակներն ասում են՝ «Իվան» անունը հատուկ են ընտրել, քանի որ դա հիմարություն է խորհրդանշում:

Իսկ ի՞նչ է խորհրդանշում «արջը»…

Տհաճ է, երբ երեխաների մասնակցությամբ նկարահանվում են այլատյացության, էթնիկ անհանդուրժողականության դրվագներ: Ավելի վատ է, երբ դա արվում է սեփական ռազմավարական դաշնակցի՝ «արջ»-ի նկատմամբ:

Ֆիլմը մի տեսակ հագեցած է հակառուսականության ոգով, քանի որ, բացի վերը նշված մեկնաբանություններից, այն սկսվում է դաժան սպանության էկրանավորված ուղղակի դրվագներով: Դիակներով ու արյամբ ցուցադրվում է, թե ինչպես է ռուս զինվորական Իվան Պովարենկոն գիշերով մտնում հայ ընտանիքի տուն և սպանում բոլորին՝ չխնայելով անգամ նորածնին: Եվ դա ցուցադրվում է էկրանից՝ ջանալով զգայական ցասում առաջ բերել Հայաստանում ծառայող ռուսական ռազմաբազայի զինվորականի հանդեպ:

Ֆիլմում այլ հետաքրքրական դրվագներ էլ կան. օրինակ՝ հայ հոգևորականը Գյումրու ռուսական ռազմաբազայի գնդապետի հետ խոսելիս ընկնում է կեղտի մեջ և ապա ցուցադրաբար լվանում ոտքերը:

Ռեժիսորներն ասում են, որ ֆիլմը արժանապատվության մասին է: Կարծում եմ՝ լրացուցիչ կարիք՝ կա նրանց հարցնել, ինչո՞ւ այդ արժանապատվության մասին նրանք որոշեցին բարձրաձայնել հենց Պուտինի հայաստանյան այցից առաջ:

Այնուհանդերձ, բացի հակառուսականությունից, ֆիլմը աչքի է ընկնում նաև կասկածելի հայկականությամբ: Ֆիլմի ավարտին՝ հոգևորականը, որը, թերևս, մարմնավորում է Շիրակի թեմի առաջնորդին, իր մարտական ընկերոջ զենքով սպանում է ռուս զինվոր Պովարենկոյին: Փաստորեն, հենց սա է ռեժիսորների հեղինակային մոտեցումը, որի մասին այդքան թմբակահարում էին:

Ստացվում է, որ ռեժիսորների պատկերացրած արժանապատվության դրսևորումը՝ դահճի վերածված և վրեժով ապրող հայ հոգևորականն է:

Համաձայնեք, կասկածելի մոտեցում է:

Ամեն ինչ, սակայն, այսքանով չի ավարտվում: Հետաքրքրական են նաև ռեժիսորների արտահայտած մտքերը ֆիլմի ստեղծման ընթացքի մասին: Ըստ նրանց՝ մեջբերում եմ. «Մենք 4 տարի առաջ ձեռնարկեցինք էս գործը, իսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նման բան ձեռնարկելը դատապարտված էր ձախողման …»: Իսկ հարցին, թե ինչո՞վ են զգացել նախկին իշխանությունների ճնշումը, ռեժիսոր Արսեն Ազատյանը պատասխանում է. «Կներեք, երևի Դուք Սերժի ժամանակ լավ եք ապրել: Ուրեմն իշխանության մեջ եք եղել: Կինո նկարելը, ի տարբերություն շատ այլ աշխատանքների, պետական համապատասխան մարմինների կողմից վերահսկվում է»:

Նախ՝ փաստենք, որ ռեժիսորը ստում է, որովհետև ֆիլմի մի շարք դրվագներ նկարահանվել են նախորդ իշխանության օրոք, ՀՀ զորամասերից մեկի տարածքում, ինչը անհնար էր՝ առանց պատկան մարմինների թույլտվության: Հետևաբար՝ նրան չեն խանգարել, իսկ ինքը, ստացվում է, նման հայտարարություններով պատվեր է կատարում: Ամենամեծ կեղծիքն այն է, որ ռեժիսորն ի լուր աշխարհի հայտարարում է, թե նախորդ իշխանության օրոք Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակված էր, և համատարած գրաքննություն էր:

Ընդհանրացնելով՝ կարելի է նկատել երեք խնդիր, որ նպատակադրել են ֆիլմը ստեղծողները.

1. Հակառուսական քարոզչություն և ատելության սերմանում Գյումրու ռուսական ռազմաբազայի հանդեպ:

2. Հայ հոգևորականի կերպարի արժեզրկում և ազգային արժանապատվության կեղծ հայեցակարգի առաջադրում:

3. Նախկին իշխանությունների հանդեպ սուտ մեղադրանքներ:

Կասկածներն ու տարակուսանքները ցրվում են, երբ ֆիլմի հրավիրատոմսի հակառակ կողմում գտնում ես հովանավորներին, որոնց թվում են «Ազատություն» ռադիոկայանը և «Ucom» ընկերությունը:

Կարծում եմ՝ հարկ է «Ucom» ընկերությանը հարցնել, թե ինչով է զբաղվել վերջինս 2018թ.-ի ապրիլին, իսկ «Ազատություն» ռադիոկայանից կարծիք ստանալ Գյումրու՝ ռուսների կողմից կառուցված «Սև բերդում» անկախության տոնի միջոցառման բովանդակության մասին:

Վահե Հայկունի

Հ.Գ. Ռեժիսորներ Նարինե Մկրտչյան և Արսեն Ազատյան, տվեք ֆիլմի իրական պատվիրատուների անունը:

Հ.Գ.1. Ի դեպ, այս նույն ռեժիսորներին է պատկանում աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովի մասին տխրահռչակ ֆիլմը, որը ժամանակին խիստ քննադատությունների էր ենթարկվել կինոքննադատների և Փարաջանովի արվեստի սիրահարների կողմից։

Հ.Գ. 2. Ի դեպ, քիչ առաջ «Ucom» ընկերությունից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ ընկերությունը պարզապես աջակցել է՝ ինտերնետ կապ տրամադրելով։

Տեսանյութեր

Լրահոս