«Եթե մենք ցանկանայինք ոչ օրինական ճնշում գործադրելու, բազմաթիվ հնարավորություններ ու առիթներ ունեինք». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը չունի հանրային վստահություն, և ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտ պետք է իր դիրքորոշումն առնվազն հայտնի ՍԴ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին:

«Ես կարծում եմ, որ ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտ, պետք է իր դիրքորոշումն առնվազն հայտնի ՍԴ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ակնհայտ է, որ այս մարմինը չունի հանրային վստահություն: Եթե նույնիսկ այս անվստահության հիմքում ընկած փաստարկները իրավացի և արդարացի չեն, ապա միայն այն, որ հանրությունն իր ՍԴ-ին չի վստահում, արդեն մեծ խնդիր է: Ես կասեի, որ սա նույնիսկ իրավական անվտանգության հարց է: Եվ այս իրավիճակը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծվի՝ իրավական ճանապարհով»,- ասաց Միրզոյանը՝ հիշեցնելով, որ իրավունքի գերակայությունը հեղափոխության առաջին իսկ օրվանից հռչակել են իբրև հիմնարար սկզբունք և այդպես պետք է շարունակեն կառուցել պետականությունը:

Միրզոյանը նկատեց՝ եթե մեխանիզմում ինչ-որ բան այնպես չի աշխատում կամ ժողովուրդն այլևս վստահություն չունի, դա պետք է փոփոխությունների ենթարկել: Ինքը դրանում մեծ խնդիր չի տեսնում:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է: Սակայն նախագծի վերաբերյալ վերջնական որոշում պետք է հայտնի ՍԴ-ն:

Հարցին, թե արդյոք խմբակցությունը այդ նախաձեռնության հարցում հաշվարկել է հաջողության հասնելու հնարավորությունը, Ա. Միրզոյանը պատասխանեց.

«Այստեղ հակասական բան կա: Մի կողմից թվում է ռացիոնալ և ողջամիտ որևէ այդպիսի գործընթաց սկսելիս հաշվարկել բոլոր հնարավոր զարգացման սցենարները, մյուս կողմից կյանքում երբեմն կարևոր է դիրքորոշումը ֆիքսել՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և ինչպիսի ավարտ կլինի»:

Դիտարկմանը, թե ոմանք երբեմն գործընթացն ընկալում են որպես ճնշում ՍԴ-ի վրա՝ Միրզոյանն ասաց՝ բոլորովին համաձայն չէ:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ նման նախաձեռնությունը կապված է ՍԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հետ՝ Միրզոյանը պատասխանեց՝ հատկապես լավ էր, որ ՍԴ-ի այդ որոշումն ընդունելուց հետո ինքը խոսեց այդ նախաձեռնության մասին:

«Եթե նախապես խոսեի, դա մեկնաբանվելու էր իբրև ճնշում: Թեև 1,5 տարվա ընթացքում, եթե մենք ցանկանայինք ոչ օրինական ճնշում գործադրելու, բազմաթիվ հնարավորություններ ու առիթներ ունեինք, իհարկե, չենք արել և չէինք էլ պատրաստվում»,- ասաց Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս