«ՍԴ-ում որևէ անձի նկատմամբ որևէ գործընթաց սկսելն ինքնանպատակ չէ». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Գործընթացը, որը նախաձեռնվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, իրականացվել է Սահմանադրությամբ ամրագրված Ազգային ժողովի լիազորությունների շրջանակներում և այն ընթացակարգով, որը նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով խմբակցության կողմից ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին։

Նրա խոսքով՝ թեև գործընթացը նախաձեռնում է Ազգային ժողովը, բայց այդ հիմքերի ուսումնասիրությունը ՍԴ-ի տիրույթում է։

«Իհարկե, այս ամենի մեջ փորձում են տեսնել քաղաքական գործընթաց ու մանիպուլյացիաներ, մեկ է՝ բողոքելու են։ Նախկինում ասում էին, թե իրավական գործընթացների չենք դիմում, հիմա մենք ընտրել ենք այն ուղին, որն իրավական է։ Եթե կասեք, որ ԱԺ խմբակցությունը շեղվել է իր սահմանադրական լիազորություններից, ապա դա այլ բան է։ Բայց այն, ինչ այժմ կատարվում է, իրականացվում է հավուր պատշաճի»,- շեշտեց նա։

Նա նաև հավելեց, որ իրականացնում են սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները, իսկ ՍԴ-ն պետք է իր լիազորությունների շրջանակներում կայացնի որոշում, և, եթե բավարար քվե չապահովվի, ապա որոշումը համարվելու է մերժված։

Պատգամավորը վստահեցրեց, որ Սահմանադրական դատարանում որևէ անձի նկատմամբ որևէ գործընթաց սկսելն ինքնանպատակ չէ, դա հակասում է իրավական պետության սկզբունքներին։

«Այս գործընթացը սկսվել է, քանի որ «Իմ քայլը» խմբակցության մոտ հիմնավոր կասկած էր առաջացել ՍԴ-ի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի մասին։ Հիմքերի գնահատումը ՍԴ-ի տիրույթում է։ Այս պահին որևէ այլ բան չեմ կարող ավելացնել»,- եզրափակեց  Վլադիմիր Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս