Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը. Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում բարեկամ հայ ժողովրդին։
Ներկայումս չին-հայկական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Երկու երկրների միջև բարձր մակարդակի սերտ շփումներ են իրականացվում, գնալով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, առաջ է ընթանում համակողմանի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։ Ես մեծապես կարևորում եմ չին-հայկական հարաբերությունների զարգացումը և պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքերով ապահովել երկկողմ հարաբերությունների փոխշահավետ և շարունակական խորացումը՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։