«Հայաստանում իշխանափոխությունից հետո Ադրբեջանը փորձում է հասկանալ` եթե չդիմեն սադրանքների, այլ այսպես պայմանականորեն կայուն պահեն, ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ»

«168 Ժամը» զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վերանյանի հետ:

– Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կփորձի՞ օգտվել ՀՀ ներքաղաքական լարված իրավիճակից և դիմել սադրանքների:

– Միանշանակ, եթե Հայաստանում ուժային երկու կառույցների ղեկավարները, փաստորեն, հրաժարական են տալիս, սա շատ ավելի հարմար պահ է Ադրբեջանի իշխանությունների համար: Եվ սա՝ ոչ թե պատերազմական գործողություններ նախապատրաստելու կամ սկսելու առումով, որի հավանականությունը ես այս պահին չեմ տեսնում, այլ՝ պարզապես իրավիճակը սահմանին սրելու և հավելյալ փորձելու ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշումներ բանեցնել, ազդել, գերազդել ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական, ներիշխանական գործընթացների վրա: Այսինքն` սրել իրավիճակը և մանիպուլյացիոն գործողությունների միջոցով փորձել ներքաղաքական տարբեր ճակատների, ճամբարների միջև պայքարում արտաքին որոշակի ազդեցություն թողնել: Ամեն դեպքում, պետք է նշել, որ այս պահի դրությամբ չկան այն խորքային ռիսկերը, մարտահրավերները, որ Ադրբեջանը կարող է ստեղծված իրավիճակն օգտագործել զուտ ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Ճիշտ է` ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները բավականին թեժ են, բայց ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը և ՀՀ զինված ուժերը, հայ զինվորը և սպան կարողանում են դիմակայել ցանկացած մարտահրավերի, և դա որևէ կերպ չի պայմանավորվում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներով: Զինվորականն իր գործը հստակ անում է` անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում, այլ հարց է, որ Ադրբեջանը կփորձի դրանից օգտվել և ապակայունացման գնալ, այն է` փոքր միջադեպեր կգրանցվեն սահմանին, շփման գծի տարբեր հատվածներում, ինչո՞ւ չէ` նաև ՀՀ-ի ուղղությամբ, ոչ միայն Արցախի: Բայց կարծում եմ, որ մեր զինվորականությունը բավականին սթափ և զգոն կդիմադրի նման իրավիճակում:

Կարդացեք նաև

– Այլ հարց է` Ոստիկանապետի և ԱԱԾ պետի հրաժարականը, այլ` պաշտպանության նախարարինը, և, բնականաբար, դրա ազդեցությունն ադրբեջանական գործողությունների առումով, և՝ ոչ միայն, եթե նման բան, իհարկե, լինի: Ինքը` Դավիթ Տոնոյանը, այսօր հերքել է տարածված լուրերն իր հրաժարականի մասին:

Ուժային կառույցներից երկուսի ղեկավարները հրաժարական տվեցին, բայց պաշտպանության ոլորտը մի փոքր այլ է: Այսինքն` Հայաստանը գտնվում է Ադրբեջանի հետ դիմակայության, փաստացի և ընդհանուր պատերազմական տրամաբանության մեջ, և այս դեպքում այլ է, երբ ոստիկանապետը կամ ԱԱԾ ղեկավարն է հրաժարական տալիս, և բոլորովին այլ տրամաբանություն է աշխատում պաշտպանության նախարարի պարագայում: Այս դեպքում շատ ավելի լայն և խորքային, ռազմավարական գործառույթներ են իրականացվում` ելնելով ՀՀ-ի առջև ծառացած արտաքին սպառնալիքներից և մարտահրավերներից: Այս տեսանկյունից, չբացառելով նախարարի հրաժարականի հնարավորությունը, համենայնդեպս, դրա քաղաքական, պաշտպանական անվտանգության, ռազմական բաղկացուցչի հիմքերը չեմ տեսնում:

Միգուցե ընդհանրապես ուժային համակարգում փոփոխման խնդիր է դրված` անվտանգություն և այլն, բայց կոնկրետ պաշտպանության նախարարի պարագայում այդ փոփոխության անհրաժեշտությունը չեմ պատկերացնում, որ կա, համենայնդեպս՝ հիմա:

Իշխանությունները հասկանում են այս բոլոր ռիսկերը և չե՞ն գնա ինչ-որ պահի պաշտպանության նախարարի ազատման:

– Իհարկե, կա նաև ներքին վտանգ, սակայն կարծում եմ, որ ամենաառաջնային վտանգը դա արտաքին վտանգն է, որովհետև եթե չես կարողանում քեզ պաշտպանել դրսից, ապա ներքինը, կարծում եմ, որ շատ ավելի խոցելի կլինի՝ համեմատած այն իրավիճակի հետ, երբ կարողանում ես արտաքին պաշտպանությունը շատ ավելի արդյունավետ իրականացնել: Արտաքինից շատ բան է կախված, հատկապես, երբ մենք դասվում ենք այն պետությունների շարքին, որը պերմանենտ գտնվում է պատերազմական իրավիճակում:

Հակամարտությունը մշտապես կա, թեպետ սառեցված է, այն ակտիվ փուլում է` ժամանակ առ ժամանակ իրեն դրսևորելով: Այս տեսանկյունից, իհարկե, մենք պետք է շատ զգոն լինենք: Մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է, և առաջին հերթին՝ զինվորականության, որը, կրկնում եմ` որևէ կերպ այսօր առնչություն չունի քաղաքական պրոցեսների հետ, նրա խնդիրը սահմանը և երկիրն ամենաբարձր մակարդակով պաշտպանելն է, ինչը մեր այսօրվա ռեսուրսներով շատ բարձր մակարդակով իրականացվում է:

Այս տեսանկյունից եմ ուզում հարցը դիտարկել, այլ բան է, որ ուժային համակարգի ներսում փոփոխությունների խնդիր կա, որը դրվում է ղեկավարների և նախարարների փոխարինմամբ: Թեպետ ինձ թվում է, որ ավելի շատ ներիշխանական, ներքաղաքական խմորումներ կարող են լինել, որով պայմանավորված են հրաժարականները: Ռազմական ոլորտը մի փոքր այլ է, ինչպես նշեցի, և այս տրամաբանության մեջ չեմ տեղավորում պաշտպանության նախարարի հնարավոր հրաժարականը, դա, թերևս, չի լինի: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

– Ադրբեջանն օգտվելով ՀՀ-ի ներքաղաքական ներկա իրավիճակից՝ տեղեկատվական պատերազմի շրջանակներում, հնարավո՞ ր է, ակտիվորեն ինչ-ինչ իրական և ոչ իրական լուրեր դաշտ նետի և ո՞ւմ ձեռքով` հաշվի առնելով հայ հասարակության էմոցիոնալ ընկալունակությունը:

– Միանշանակ: Ավելին` տարիներ շարունակ այդ տեղեկատվական և հոգեբանական ճնշման, բարոյազրկման քայլերը կանոնավոր կերպով իրականացվում են: Եվ տարիների ընթացքում այդ գրոհները և հարձակումները, տեղեկատվական ու հոգեբանական պայքարի ձևերն աստիճանաբար առավել ակտիվ կիրառում են ստացել: Սա Ադրբեջանի հիմնական զենքերից մեկն է, առհասարակ, ամբողջ աշխարհում կիբեռանվտանգության, տեղեկատվական ու հոգեբանական պատերազմները շատ առաջնային տեղ ունեն` մրցակցության, հեգեմոնիայի հաստատման տեսանկյունից: Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անպայման ՀՀ-ի ներքաղաքական կյանքում ցանկացած հնարավոր թեժացում օգտագործելու է և գնալու որոշակի սադրանքների` ապատեղեկատվության, տարբեր երկրների մեդիա դաշտի միջոցով փորձելու են արհեստական սրացումներ բերել ՀՀ ներքաղաքական դաշտ:

Շատ արագ դա կարող է ազդել, ներազդել տարբեր ուղղություններով որոշումների կայացման վրա և փոխել ընդհանուր գործընթացների տրամաբանությունը, ազդել այդ տրամաբանության վրա: Այսինքն` այս գործողությունները հիմա ավելի ակնհայտ են դրսևորվելու, և ոչ միայն՝ Ադրբեջանի կողմից, այլև՝ թուրք-ադրբեջանական տանդեմն անպայման իր հնարավորությունն օգտագործելու է` ներազդելու, սրելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այն է` սեպ խրելով հանրության, քաղաքական դաշտի ու իշխանության միջև` ելնելով օբյեկտիվ պատճառներից, բայցև վեր հանելով հարցեր, որոնք չկան: Սա կարող է լինել: Կարող են նաև ռուսաստանյան մեդիա և փորձագիտական դաշտի միջոցով հարձակման փորձեր լինել: Մենք գիտենք, որ Ադրբեջանը և Թուրքիան աշխատում են ռուսաստանյան մեդիա և փորձագիտական դաշտի տարբեր շրջանակների հետ, որոնք բավական մոտ են ՌԴ իշխանություններին, նաև աշխատում են ընդդիմադիրների հետ` հասկանալով, որ ՀՀ ներքաղաքական և տեղեկատվական դաշտի վրա ՌԴ-ի մեդիաոլորտի ազդեցությունը բավականին մեծ է:

Այսինքն`փոխկապակցված են, և ՀՀ մեդիա դաշտը կարող է որոշակի ազդեցություն կրել, ուստի ռուսական ուղղությամբ իրենք ավելի ակտիվ կաշխատեն: Մի փոքր այլ է Արևմուտքի ուղղությունը, որտեղ, թեպետ Թուրքիան որոշակի առումով եղանակ կարող է փոխել, այնուհանդերձ, Հայաստանի վրա դա այնքան մեծ ազդեցություն չի կարող թողնել, քան կարող է լինել ՌԴ-ի պարագայում:

– Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը, դրա շուրջ զարգացումները կարծես թե «քնած» վիճակում են, եթե չհաշվենք Բրայզայի հայտարարությունները: Ի՞նչ զարգացումներ, ամեն դեպքում, կարող են լինել: Ի դեպ, վերջերս քաղաքագետ Գարիկ Քեռյանը ղարաբաղյան համամարտությունը նմանեցրեց արաբաիսրայելականին: Նմանություններ դուք տեսնո՞ ւմ եք:

– Արաբաիսրայելականի հետ նմանություններ չեմ տեսնում, որովհետև այս դեպքում ներգրավված են տարբեր խաղացողներ` Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Սիրիա, Իսրայել, թեպետ, եթե մի պահ վերցնում ենք` ինքը հակամարտություն է, որի շահագրգիռ կողմերն Իսրայելը և Պաղեստինն են: Այլ հարթություններում էլ պետք է գտնել տարբերություններ արցախյան և արաբաիսրայելական կամ այլ հակամարտությունների միջև. մեզ մոտ շատ ավելի սառեցված հակամարտության տրամաբանություն է, որն անթաքույց է երևում:

Այսինքն` բախումներ լինում են, բայց դրանք տեղային են և չեն դրսևորվում կանոնավոր կերպով, մինչդեռ Իսրայելի և Պաղեստինի միջև եղածի դեպքում անընդհատ զոհեր ու հրթիռակոծություններ են, բանակցություններն էլ, կարելի է ասել, տապալված են: Արցախյան հակամարտության դեպքում տրամաբանությունն այլ հարթության է գնում շատ ավելի. այստեղ առաջ պետք է մղել պատմամշակութային, ազգային, պետականության, ինքնուրույն և առանձնացված երևույթներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող նմանվել այլ հակամարտություններին, որոնք էլ իրենց հերթին՝ մեր հակամարտության հետ քիչ նմանություններ ունեն` ելնելով մի շարք հանգամանքներից:

Իսկ Հայաստան, Արցախ-Ադրբեջան սահմանային հանդարտությունը դրական է: Իշխանափոխությունից հետո Ադրբեջանը փորձում է հասկանալ` եթե չդիմեն սադրանքների, այլ այսպես պայմանականորեն կայուն պահեն, ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ: Իրավիճակից ելնելով՝ սպասողական վիճակ կարող է լինել` փորձելու ՀՀ իշխանություններից որոշակի զիջումներ ակնկալել, բայց ռազմավարական առումով պայմանական հանդարտությունը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղություն հաստատելու տրամաբանության մեջ:

Այսինքն` ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռագիրը խորքային որևէ փոփոխության չի ենթարկվել և չի էլ ենթարկվելու առաջիկա տասնամյակներում: Միակ տարբերակը պատերազմական գործողություններն են, երբ ՀՀ-ն իր կամքը կթելադրի ուժի միջոցով:

Կրկնում եմ` որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի դիմի անսպասելի արկածախնդրության, ինչի վառ վկայությունն ապրիլյան պատերազմն էր, թեպետ կային որոշակի գործողություններ, որոնք կարող էին տրամաբանորեն հանգեցնել ապրիլյան գործողությունների` ռազմական ներկայության ավելացում և այլն, բայց դա չի նշանակում, որ, եթե հիմա դրանք չկան, ապա Ադրբեջանը չի դիմի անսպասելի արկածախնդրության: Հանգստությունը շատ հաճախ ավելի վտանգավոր երևույթներ է իր մեջ պարունակում:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս