Չենք հաշտվում
Սուրեն Սիրունյանի մահը իսկական շոկ էր բոլորի համար: Հատկապես` նրան ճանաչողներիս համար:
Սուրենից կարելի էր սպասել ամեն ինչ` բացառությամբ մահվան: Սուրենի մեջ այնքան կյանք կար ու մահը նրանից այնքան հեռու էր թվում…
Սուրենն ամեն ինչում էր առանձնահատուկ ու մահը բացառություն չէ:
Նրա դստեր` Դիանայի հետ կատարված ողբերգական միջադեպը բթացրել է Սուրենի կորստի ցավը: Հիմա բոլորս սգալով Սուրենի կորուստը, աղոթում ենք նրա դստեր կյանքի համար:
Ու դրա մեջ ողբերգական խորհրդանշականություն կա:
Սուրենը պայքարի, պայքարող տեսակի մարմնավորում էր: Գրեթե իր դստեր հասակում մտնելով ղարաբաղյան շարժման մեջ` երբևէ չդադարեց լինել շարժման կրողը:
Շարժումը Սուրենի համար կյանք էր, կյանքը` շարժում` բառի ուղղակի և անուղղակի իմաստով: Նա այդ ժամանակաշրջանի խտացված կրողներից մեկն էր` համազգային շարժման ու պայքարի ժամանակաշրջանի:
Սուրեն Սիրունյանը հախուռն էր այնպես, ինչպես տարբեր երևույթների նրա տված գնահատականները: Նաև համարձակ` ինչպես կարծիք արտահայտելիս:
Սուրենի տեսակետներին կարելի էր համաձայնվել կամ՝ ոչ, ընդունել նրա մոտեցումները, կամ՝ մերժել: Բայց գոնե Սուրենին ճանաչողների համար միշտ ակնհայտ էր, որ նրա քննադատության, պայքարի հիմքում ավելի լավ Հայաստան ունենալու ցանկությունն էր:
Անձնական բարեկեցության ձգտելու դեպքում կարող էր հեշտությամբ ապահվել դա, սակայն նա երբեք հեշտ ճանապրհով չէր գնում, նրա կյանքը լի էր ամենատարբեր դժվարություններով: Բայց նաև չհանձնվող պայքարով:
Ու բոլորս ուզում ենք հավատալ, որ Սուրենի պայքարող գենը չի լքի նրա դստերը: Հանուն կյանքի ու Սուրենի վառ հիշատակի: