«Կամ այստեղ պետք է բերեք 3 միլիոն տուժող ՀՀ բոլոր քաղաքացիներին, կամ այստեղ տուժող չպետք է լինի». Հայկ Ալումյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով այսօր մեկնարկած դատական նիստը։
Նախագահող դատավորի պահանջով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք ներկայացան դատարանին, ինչպես նաև հստակեցվեցին կողմերի պաշտպանների ու նրանց՝ դատավարությանը մասնակցելու իրավաչափության հարցերը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն առարկություններ ուներ տուժողների ներկայության վերաբերյալ։
«Կամ այստեղ պետք է բերեք 3 միլիոն տուժող ՀՀ բոլոր քաղաքացիներին, կամ այստեղ տուժող չպետք է լինի։ Բացի դրանից, այսօր քննվում է նաև առանձնապես խոշոր չափերի կաշառքի հարց, և այդ գործով այսօր ներկա հարգարժան անձանցից ոչ ոք տուժող չէ։ Բոլորին կարեկցում եմ, բայց նրանք նշածս գործով տուժողի դատավարական կարգավիճակ չունեն»,- ասաց փաստաբանը։
Ֆորմալ հարցերի քննարկումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն անցան իրենց միջնորդությանը, այն է՝ Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշման ի կատար ածելուն, համաձայն որի՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանավորումը պետք է վերացվի, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվի։ Խոսքը Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի բացի մասին է։
«Քանի դեռ այդ բացը վերացված չէ, դատարանին խնդրում ենք նախագահ Քոչարյանին անհապաղ ազատ արձակել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։
Իսկ մյուս պաշտպանը՝ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, մանրամասներ ներկայացրեց իրենց միջնորդության և ՍԴ որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։
Մասնավորապես, եթե գործառութային անձեռնմխելիություն ունեցող անձի կատարած գործողությունների իրավաչափությունը, իր զբաղեցրած պաշտոնից բխելու հանգամանքը որոշող մարմին չկա, չկան նաև համապատասխան ընթացակարգեր, մարդը չի կարող գտնվել կալանքի տակ։
Արամ Վարդևանյանի ելույթի ժամանակ դահլիճում աղմուկ էր. հավանաբար նման կերպ տուժող կողմն իր վերաբերմունքն էր արտահայտում նրա հնչեցրած մտքերի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գոհար Սավզյան