ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «ախպերավարի կիսում են»

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ընդդիմությունը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Լավ չեմ վերաբերվում ընդդիմության կողմից ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու փաստին: Դա վկայում է ընդդիմության թուլության մասին, որով ուրախանալ պետք չէ»:

Հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ՀՀԿ-ն ոչ միայն Գյումրիում, այլ նաև Սիսիանում սատարում է իրեն «այլընտրանքային» քաղաքական ուժ հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուներին, Կ. Ռուբինյանը պատասխանեց. «Առանձնապես բան չկա ասելու, ախպերավարի կիսում են»:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը նախկինում պարբերաբար հայտարարում էր, թե բոլոր ընտրություններին մասնակցելն անհրաժեշտություն է, քանի որ այդպիսով «մաշեցվում է իշխանության ռեսուրսը», Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այլևս կարևոր չէ, թեկուզ այդ նպատակի համար, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին:

Ի պատասխան՝ Կարապետ Ռուբինյանն ասաց. «Այո: Բոլոր ընտրություններին մասնակցելը շատ կարևոր է: Բացի դրանից, տեղական ինքնակառավարման մարմիններում լուրջ խնդիրներ կան, որոնք պետք չէ անտեսել: Չնայած ՏԻՄ-ի մասին օրենքը շատ վաղուց է ընդունված, սակայն, որպես այդպիսին, տեղական ինքնակառավարում այդպես էլ չեղավ Հայաստանում` համայնքների մակարդակով: Այս դեպքում մեղքն ավելի շատ կառավարությանն էր, որը պետք է միջոցառումներ ձեռնարկեր, որպեսզի օրենքը արմատավորվեր, և իրական ինքնակառավարում լիներ: Ես կարծում եմ, որ երբ վերջապես կազատվենք այս ռեժիմից, նորից իր ամբողջ լրջությամբ այդ ոլորտում բարեփոխումներ կատարելու խնդիր կլինի»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս