Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են անհապաղ դատական նիստ հրավիրել ու քննել նրա խափանման միջոցը վերացնելու հարցը
Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը:
Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանքի հիմքերի՝ Սահմանադրությանը համապատասխանելուն։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող և կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բարձր դատարանին էր դիմել ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և գործը վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցեց դատարանի որոշման եզրափակիչ մասը, որտեղ նշվում էր․ «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Փաստաթուղթը պետք է հրապարակվի եռօրյա ժամկետում։
Ուրբաթ՝ աշխատանքային օրվա ավարտին, հրապարակվեց նաև ՍԴ որոշումն ամբողջությամբ, ինչից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Հայկ Ալումյանն ու Արամ Վարդևանյանն ասուլիս հրավիրեցին, ուր մանրամասնորեն մեկնաբանեցին ՍԴ որոշումը։
«Օրենքի բացն առաջացրել է այսպիսի հետևանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հայտնի հրապարակման հանգուցային դրույթներից մեկին՝ նշել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:
Իսկ այդ դրույթը սահմանում է. «Միևնույն ժամանակ՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել՝ որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»:
Հայկ Ալումյանն ասել էր նաև, «որ օրենսդիրը հնարավորինս արագ, անհապաղ նույնիսկ, համապատասխան կարգավորումներ պետք է մտցնի Քրեական դատավարության օրենսգրքում, որպեսզի մենք երբեք այլևս այս խնդիրը չունենանք: Քանի դեռ օրենսդիրը դա չի անի, այս խնդիրը հա կունենանք»:
Այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ պահանջելով անհապաղ դատական նիստ հրավիրել ու քննության առարկա դարձնել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ խափանման միջոց կալանավորման վերացման ու նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հարցերը։
https://www.youtube.com/watch?v=R9YX9nQXRNQ
«Եվ թեպետ դատական նիստը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, նշանակված է ս/թ. սեպտեմբերի 12-ին, մենք պահանջում ենք մինչ այդ օրը հրավիրել դատական նիստ ու անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ ելնելով ՍԴ-ի որոշման տրամաբանությունից»,- բողոքի ակցիայի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահի աջակից, փաստաբան Վահե Եփրիկյանը՝ շեշտելով, որ ՍԴ որոշումից հետևում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու խափանման միջոցի ընտրության հարցն անթույլատրելի են։
«Նման պայմաններում, ելնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ներպետական օրենսդրությունից ու Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից, կարելի է փաստել հետևյալը, որ քանի որ անձի անազատության հետ կապված հարցերը քննվում են անհապաղության սկզբունքով, ուստի տվյալ պարագայում Առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի, ինչպես նաև առաջնահերթության կարգով քննարկի նախագահ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, և կասկած չկա, որ պետք է վերջինիս ազատ արձակի»,- ասաց Վահե Եփրիկյանը՝ Ընդհանուր իրավասության դատարանի նախագահին ու անձամբ դատավոր Աննա Դանիբեկյանին կոչ անելով գործել իրավունքի տրամաբանությունից ու անհապաղ նիստ գումարել ու քննել նախագահ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ են ակնկալում, ի՞նչ կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 12-ին, Վահե Եփրիկյանն ասաց, որ իրենք ակնկալում են մինչև սեպտեմբերի 12-ը հրավիրել դատական նիստ և իրավունքի ուժով, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու հարցը։
Քոչարյանի աջակիցների խոսքով՝ իրենք որևէ կերպ դատարանի աշխատանքները խաթարելու նպատակ չեն հետապնդում, իրենց բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ, և իրենց բողոքի ձայնով ու ներկայությամբ պարզապես ցանկանում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել իրենց ներկայացրած հարցի վրա։
Ակցիան կշարունակեն ժամը 16:00-ին Շենգավիթ նստավայրի դիմաց։
Գոհար Սավզյան



