«Օրենքի բացն առաջացրել է այսպիսի հետևանք». Հայկ Ալումյան
«Օրենքի բացն առաջացրել է այսպիսի հետևանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հայտնի հրապարակման հանգուցային դրույթներից մեկին՝ նշեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:
Իսկ այդ դրույթը սահմանում է. «Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»:
Հ. Ալումյանն ավելի վաղ հայտարարել էր. «Ասել է թե՝ չկա մարմին, չկա ընթացակարգ, որից կարելի կլինի հետևության գալ ներկա կարգավորումների պայմաններում, թե պաշտոնաթող նախագահին որևիցե քրեական գործով վերագրվող գործողությունները բխո՞ւմ են նրա կարգավիճակից, թե՞ ոչ: Այսինքն՝ եթե չկա այդպիսի մարմին, որը համապատասխան ընթացակարգով կարող է այսպիսի հարցին պատասխան տալ, չի՛ կարող օրինական լինել վերաքննիչ դատարանի կամ որևէ այլ դատարանի որոշում, որտեղ ասված է, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ նրան այսօր վերագրվում է»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հավելեց, որ հենց այդ բացի համար էլ դիմել են. «Փոխանակ դա անհանգստացներ վճռաբեկ դատարանին, մենք ենք ստիպված եղել դիմել ու դրա վրա ուշադրություն հրավիրել»:
Լրագրողի հարցին, թե՝ ՍԴ այդ դրույթն արդյո՞ք նշանակում է, որ մինչև 2018 թ. ապրիլ 9-ը կամ մինչ նախորդ Սահմանադրության խմբագրումը պաշտոնավարած բոլոր նախագահների որևէ գործողություն երբևէ չի կարող քննության առնվել՝ որպես հնարավոր իրավախախտում, Հայկ Ալումյանը պատասխանեց.
«Դա նշանակում է, որ օրենսդիրը հնարավորինս արագ, անհապաղ նույնիսկ, համապատասխան կարգավորումներ պետք է մտցնի քրեական դատավարության օրենսգրքում, որպեսզի մենք երբեք այլևս այս խնդիրը չուենանք: Քանի դեռ օրենսդիրը դա չի անի, այս խնդիրը հա կունենանք»:
Զարուհի Դիլանյան