«Ուռուցքաբանական կենտրոնից հեռացել եմ բացառապես ստեղծված իրավիճակի պատճառով». Բժիշկ Շահսուվարյանը հերքում է Արսեն Թորոսյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին իր սկանդալային ասուլիսից հեռանալուց հետո Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել էր, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի տեղակալ, հանրահայտ օնկոլոգ Վարուժան Շահսուվարյանը կենտրոնից հեռացել է ոչ թե նույն կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին առանց որևէ հիմնավորման ազատելու իր որոշման հետ անհամաձայնության պատճառով, այլ այն պատճառով, որ վաղուց այլ բուժկենտրոնից առաջարկ էր ստացել:

«168 Ժամը» կապվեց բժիշկ Շահսուվարյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նախարարի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Վարուժան Շահսուվարյանը մեզ հետ զրույցում հերքեց նախարարին՝ ասելով, որ իր հեռացումը պայմանավորված է բացառապես ուռուցքաբանության կենտրոնում Արսեն Թորոսյանի որոշման արդյունքում ստեղծված իրավիճակով:

«Նախարարի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. 22 տարի բուժական գործունեությամբ եմ զբաղվում, որից 13 տարին աշխատել եմ Ֆանարջյան ուռուցքաբանական կենտրոնում: Անգամ արտերկրից մշտապես տարբեր առաջարկներ եմ ստացել այլ կենտրոններ տեղափոխվելու, ինչը, կարծում եմ, կփաստեն նաև գործընկերներս, սակայն չեմ ընդունել դրանք: Միանշանակ կրկնում եմ օրեր առաջ արածս հայտարարությունը, որ իմ հեռանալը Ֆանարջյանի անվան կենտրոնից կապված է միմիայն կենտրոնի շուրջ վերջին զարգացումների հետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս