«Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ գաղտնի խոսակցություններ են տեղի ունենում, ու այդ խորհրդավորությունը ծնում է նոր հարցեր». Թագուհի Թովմասյան
Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին նիստ է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում:
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալով նիստին՝ նշել էր, որ երեկ կրկին ընդհանուր առմամբ քննարկվել են մեկնարկելիք նստաշրջանում պատգամավորների աշխատաոճի հետ կապված հարցեր, քանի որ վերջին շրջանում հաճախ են այդ պատճառով դժգոհություններ լինում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:
«Պատգամավորներին մեկ անգամ ևս զգուշացվել է, որ պետք է խմբակցության հետ համակարգված, համաձայնեցված աշխատել, որպեսզի չլինեն այնպիսի քայլեր և արարքներ, որոնց մասին խմբակցության ղեկավարը տեղյակ չլինի: Խոսքը վերաբերում է նաև նոր նախաձեռնություններով հանդես գալուն, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելուն: Այլ կերպ ասած, պատգամավորներին ասվել է, որ այսուհետ նոր նախագծերը մինչև շրջանառության մեջ դնելը, դրանք քննարկելը պետք է այն ներկայացնել խմբակցության ղեկավարին, մյուս պատգամավորներին, որպեսզի վերջիններս ևս տեղյակ լինեն դրանց մասին: Այսինքն` խմբակցությունում ցանկանում են իմանալ և վերահսկել պատգամավորների յուրաքանչյուր քայլը՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար»,- գրել էր թերթը:
168.am-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից փորձեց տեղեկանալ նիստի մանրամասների մասին, սակայն պատագամավորը նշեց, որ չի մասնակցել նիստին և չգիտի՝ ինչ են քննարկել: Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ խմբակցությունում այլ պատգամավորներ ևս զբաղվածության պատճառով չեն մասնակցել նիստին:
Անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց՝ «Իմ քայլը» խմբակցության նիստերում պարբերաբար խոսվում է պատգամավորներին վերահսկելու մեխանիզմների մասին, և պատասխանելով մեր հարցին՝ «Դուք շարունակելո՞ւ եք հավատարիմ մնալ Ձեր դիրքորոշմանը՝ անկախ կուսակցության մեծամասնության որոշումներից»՝ նա նշեց.
«Իմ դիրքորոշումը մեկն է՝ ծառայել այս երկրի ամեն քաղաքացու շահին ու ոչ թե անձնական շահն առաջ տանել: Ես չեմ կարող հարմարվել նրան, որ կարող են լինել օրենքներ, մտածողություն, որոնք չբխեն ժողովրդի շահերից»:
Խմբակցության նիստին չէր մասնակցել նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը՝ կրկին զբաղվածության պատճառով:
«Անկեղծ ասած, չեմ մասնակցել նիստին ու չեմ տիրապետում որևէ ինֆորմացիայի: Չեմ մասնակցել, որովհետև այդ ժամանակ ուրիշ միջոցառման էի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա:
Մեր խնդրանքով պատգամավորը՝ որպես նախկին լրագրող, անդրադարձավ նաև իր գործընկերների աշխատաոճին. արձագանքելով հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում վարչության նիստից հետո մասնակիցների՝ առանց մեկնաբանության հեռանալու որոշումը, նա նշեց.
«Ես, անկեղծ ասած, մշտապես կողմ եմ եղել լրագրողների հետ ազատ շփմանն ու թափանցիկությանը: Լրագրողների համար ինֆորմացիան պետք է լինի հասանելի՝ այնքանով, որքանով կորոշվի քաղաքական որոշման արդյունքում, բայց ինչ-որ բան պետք է լրագրողներին ասել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ գաղտնի խոսակցություններ են տեղի ունենում, ու այդ խորհրդավորությունը ծնում է նոր հարցեր:
Ես կողմնակից եմ, որ գոնե ամեն նիստից հետո լինի մի ներկայացուցիչ, որը լիազորված կլինի պատասխանելու լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին և կտա սպառիչ պատասխաններ, ոչ թե ուղղակի պատասխաններ»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Մինչ վարչության նիստի մեկնարկն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր լրագրողներին հակիրճ ծանուցել նիստում արծարծված թեմաների մասին, բայց մի քանի ժամ տևած նիստից հետո նա մտափոխվեց և հարցերը թողեց առանց մեկնաբանության:
Զարուհի Դիլանյան