Բաժիններ՝

Հայաստանը պետք է գրավիչ երկիր դառնա հաջողությունների հասած հայ մասնագետների համար

168. am-ի զրուցակից Արամ Փախչանյանը ABBYY ընկերության փոխնախագահն է: Ընկերություն, որը ստեղծել է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Lingvo»-ն և «FineReader»-ը: Այսօր աշխարհի 138 երկրներում կիրառվում են 10 լեզվական ուղղություններով 128 բառարաններ, իսկ յուրաքանչյուր երկրորդ սքաները համալրված է տեքստի ճանաչման «Fine Reader» ծրագրով: Ա. Փախչանյանը ծնվել է 1968թ. Երևանում: Սովորել է ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, ապա ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (ՄՖՏԻ): 1993թ. սկսել է աշխատել ABBYY ընկերությունում՝ տեխնիկական գրողի պաշտոնում, ապա աշխատել է՝ որպես հետազոտությունների և մշակումների բաժնի ղեկավարի տեղակալ: 1997-2004թթ. ղեկավարել է ընկերության կորպորատիվ նախագծերի բաժինը: 1999թ. ABBYY-ի փոխնախագահն է: 2004թ. ղեկավարում է Տվյալների ներմուծման ապրանքատեսակների դեպարտամենտը: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Զբաղվում է երաժշտությամբ, խոհարարությամբ: Սիրում է ճանապարհորդել, դահուկասահք, դայվինգ:

– «Հաջողության բանաձև» նախագծում Դուք դասախոսությամբ հանդես եկաք: Կասե՞ք` ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել, օրինակ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

– Հաջողության հասնելու համար մի քանի ճանապարհներ կան: Ամենապարզագույն ճանապարհը, որը շատերն են անում, դա այն է, երբ վերցնում են միջազգային որևէ հաջողված նախագիծ, կրկնօրինակում են տվյալ տարածքում՝ տեղի մարդկանց ներգրավելով այդ նախագծի մեջ: Նման փորձ շատերն են անում, և երբեմն այն բավական հաջող է ստացվում: Սակայն նման գործունեությունը երկար կյանք և լավ ապագա չի կարող ունենալ, քանի որ վաղ թե ուշ ցանկություն է առաջանալու դուրս գալ եղած տարածքի շրջանակներից և փորձել այդ նախագիծն ընդլայնել այլ վայրերում: Իսկ նման գործունեության դեպքում նախագիծը չեն կարող դուրս բերել հայաստանյան շրջանակներից: Օրինակ, հայտնի և մեծ տարածում գտած սոցցանցերը, ինչպիսիք են՝ Vkontakte -ն կամ Odnoklassniki-ն, որոնք նաև հայերի շրջանում լայն տարածում ունեն, հենց այդպիսի մոտեցմամբ են ստեղծվել: Դրանք թեև բավական հաջող նախագծեր են, սակայն արդեն իսկ կանգնել են լուրջ խնդրի առջև, որովհետև զարգացման իմաստով ապագա չունեն` Ռուսաստանից դուրս գալու հնարավորությունները շատ սահմանափակ են: Հնարավոր է, որ այդ սոցցանցերը պարզապես Facebook-ի կրկնօրինակումն են և նույն գաղափարն են իրագործել:

Հաջողության երկրորդ ճանապարհն այն է, երբ սկսում ես կոնկրետ տեղի շուկայի կամ կոնկրետ պատվիրատուի համար մի ինչ-որ կոնկրետ օգտակար խնդրից, իսկ հետո փորձում ես դա ընդլայնել, ընդհանրացնել: Այսինքն՝ հավելյալ հնարավորություններ ավելացնել և բերել-հասցնել զարգացած մի համակարգի, որը կարող է միջազգային շուկայում իրենից հետաքրքրություն ներկայացնել: Սակայն նման մոտեցման վտանգն այն է, որ այդ շուկայի մասին ձեր պատկերացումների ու փորձի բացակայության պատճառով՝ նախագիծը կարող է ամբողջովին ձախողվել:

Եվ կա երրորդ ճանապարհը, որն ամենառիսկայինն է, բայցև ամենահետաքրքիրն է: Այն է՝ փորձել որևէ նոր բան ստեղծել: Նոր գաղափար իրականացնել: Սակայն այս դեպքում պետք է լավ հասկանալ, որ գլխավորը ոչ այնքան գաղափարն է, որքան թիմը, որովհետև գաղափարի առկայությունը դեռ ոչինչ չի նշանակում: Աշխարհում ամեն օր միլիոնավոր գաղափարներ են ծնվում և ոչնչանում, մարդիկ սրճարաններում նստած` ամեն օր փայլուն գաղափարներ են ծնում` ի՜նչ լավ կլիներ այսպիսի մի բան անեինք, և այլն, բայց հետո մոռանում են, ու անցնում- գնում է: Այսինքն՝ գաղափարը, ինքնին, որևէ արժեք չունի, արժեքավորը մասնագիտական թիմն է, որն այդ գաղափարն իրականացնում է: Իմ փորձից ելնելով` դեպքերի 90%- տոկոսումիրագործված նախագիծն իրականացման ընթացքում սկզբնական գաղափարից հեռանում է, ձեռք բերված փորձի, սխալների և հետաքրքիր նոր մտահղացումների ճանապարհին նոր և հետաքրքիր արդյունքների են հասնում: Դա վտանգավոր, բայցև հաջողության հասնելու շատ հետաքրքիր ու խոստումնալից ճանապարհ է: Բայց այդ ճանապարհով հաջողության հասնելու համար շատ կարևոր նախապայման կա՝ կադրերի խնդիրը պետք է ապահովել: Կադրեր պետք է լինեն, ովքեր ոչ միայն ներքին հզոր էներգիա և ցանկություն կունենան գաղափարը իրականացնելու համար, այլև պետք է իսկապես պրոֆեսիոնալ, մրցունակ մասնագետներ լինեն: Ներկայիս աշխարհում՝ առանց մասնագետ լինելու, դժվար է որևէ բան անել, որովհետև, այսպես թե այնպես, այժմ մասնագետները ցրված են աշխարհով մեկ: Այսօր մասնագետն իր փորձով պայքարի մեջ է մտնում տարբեր երկրներում գտնվող մասնագետների հետ, և եթե դուք մի բանը անեք մեկ ամսում, իսկ իրենք` մեկ օրում, ապա իրենցից հետ կընկնեք:

– Ո՞ր ոլորտներում են հայ մասնագետներն ավելի ուժեղ:

– Իրականում ես որոշակիորեն հավատում եմ, որ հայերը՝ շնորհիվ իրենց պատմական իրողության, լեզվի և մշակույթի, որը շատ յուրահատուկ է, ինչ-որ հատուկ հատկություններ ունեն, որոնք կարող են շատ լավ իրագործվել մասնագիտական առումով: Բայց, դրա հետ մեկտեղ, չեմ կարող ասել, որ ընդհանրապես մեզ բնորոշ մասնագիտական հակումներ ունենք, որոնք հայերին առանձնացնում են այլ ազգերից: Մենք կարող ենք ցանկացած ոլորտում լավը լինել, ինչպես ցանկացած այլ ազգ, եթե դրանով լուրջ զբաղվենք: Հայերը կարող են ցանկացած բանով զբաղվել և արդյունքի հասնել: Ես տեսել եմ հայերի, ովքեր շատ տարբեր ոլորտներում և տարբեր երկրներում լուրջ հաջողությունների են հասել: Դա նշանակում է, որ մենք ունիվերսալ ազգ ենք և, միաժամանակ, չի կարելի ասել, որ մենք որևէ բան ավելի լավ ենք անում, քան այլ ազգերի ներկայացուցիչներ: Պետք է ցանկություն, աշխատանքի նկատմամբ լուրջ մոտեցում լինի, և լուրջ ջանքեր գործադրվեն:

– Ունիվերսալ ազգ լինելով` ո՞ր ուղղությամբ պետք է ներդրումներ անենք, օրինակ, ՏՏ ոլորտում:

– Նախ՝ նշեմ, որ հայեր ասելով` նկատի ունեմ ոչ միայն այն հայերին, ովքեր ապրում են Հայաստանում, այլև այն հայերին, որոնք սփռված են աշխարհով մեկ: Կա հայ ազգը, որ 10 մլն մարդ է և սփռված է աշխարհով մեկ, և կա հայկական պետությունը՝ Հայաստանը, որում իրականում ապրում է հայերի փոքրամասնությունը, լավագույն դեպքում`ընդամենը 3 մլն հայ, դրանից էլ քիչ: Հայ ժողովրդի 70% -ն ապրում է Հայաստանից դուրս, և այդ առումով՝ Հայաստանում ապրող հայերի և ընդհանրապես հայության միջև բացարձակ սահմանագիծ դնելը, կարծում եմ, շատ կոպիտ սխալ կլինի: Մենք պետք է դիտարկենք հայությունը՝ որպես մի երևույթ, որն ընդհանրական է, համաշխարհային երևույթ է, իսկ Հայաստանը պետք է ինչ-որ չափով լինի հայության կենտրոն, հայության հոգևոր և մտավոր կենտրոնը պետք է հանդիսանա: Եվ այդ առումով մենք իրավունք չունենք մտածել, որ Հայաստանը պետք է զարգանա միայն կոնկրետ մի ոլորտում: Պետք է բոլոր ուղղություններով զարգացում ունենանք, քանի որ մենք պետք է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող հայերին ուղղորդենք դեպի Հայաստան և իրենց մոտ հետաքրքրություն ձևավորենք Հայաստանի նկատմամբ, այլ հնարովորինս շատերի մեջ պետք է հետաքրքրություն առաջացնենք: Սակայն այսօրվա իրողությունն որոշ սահմանափակումներ է դնում, որոնց հետ դժվար է հաշվի չնստել:

Եթե մտածում ենք Հայաստանը որպես տնտեսապես զարգացած պետություն տեսնելու ուղղությամբ, ուրեմն, ելնելով մեր երկրի սահմանների խնդրից, երբ ունենք բեռնափոխադրման, արտահանման, ներկրման հետ կապված խնդիրներ, ապա, կարծում եմ, որ Հայաստանը պետք է հնարավորինս ձգտի դեպի ոչ արտադրական ոլորտներ: Արտադրական ոլորտում մեր շանսերը բավական թույլ են: Վրացական շուկան մեծ չէ, իսկ դա միակ շուկան է, որը մեզ համար ինչ-որ չափով բաց է և անմիջապես մեր սահմանի վրա է գտնվում: Պարսկաստանի շուկան մեզ համար բավական փակ է, մենք չենք կարող չափից դուրս բաց առևտուր անել Իրանի հետ, որովհետև այդ դեպքում մեր պետության դեմ տնտեսական սանկցիաներ կարող են կիրառվել: Ուրեմն պետք է ինչ-որ չափով կարողանանք գործունեության այնպիսի տեսակներ ընտրել, որոնք չեն պահանջում նյութական իրերի՝ հումքի և այլ արտադրատեսակի ներկրում և արտահանում Հայաստանից:

Այս պահին մտքիս տուրիզմն է գալիս՝ որպես գործունեության տեսակ, որը, սակայն, պետության զարգացման երբեք չի բերի, և վտանգավոր ճանապարհ է, եթե պետությունը միայն այդ ուղղությամբ զարգանա: Նաև կարող եմ նշել տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտները: Երեք ուղղություն, որոնցով Հայաստանը կարող է իսկապես զբաղվել և, լրջորեն զբաղվելու դեպքում` լավ արդյունքների հասնել: Բայց, դժբախտաբար, իրավիճակն այլ է. եթե նայեք, թե մարդիկ ներկայումս ինչով են ձգտում զբաղվել Հայաստանում, ապա վիճակը բավական ցավալի է ներկայանում: Մարդիկ ձգտում են միայն ներքին շուկայում գործող ինչ-ինչ կառույցների համար ծառայություններ մատուցել, ասենք` դառնալ տնտեսագետ կամ իրավաբան, այսինքն` ծառայություններ մատուցել: Աշխատանքներ, որոնք բացարձակապես ստեղծագործական որևէ բնույթ չեն կրում: Կամ, այն երիտասարդները, որոնք, օրինակ, ՏՏ ոլորտում զբաղվում են ստեղծագործական որևէ աշխատանքով, ապա նրանցից յուրաքանչյուրի գլխում մի կարևոր միտք է սավառնում` Հայաստանից հնարավորինս շուտ դուրս փախչելու միտքը: Նման մտադրություններով երիտասարդություն ունենալով` հնարավոր չէ որևէ բան ստեղծել Հայաստանում: Այդ երևույթը վաղ թե ուշ, երկիրն աղետի առջև կկանգնեցնի: Այսինքն` մտածողության փոփոխություն է անհրաժեշտ, որը, ճիշտ է, արագ չի լինում, բայց դրան կարելի է հասնել, եթե այդ ուղղությամբ իսկապես անհրաժեշտ ուժեր գործադրվեն: Պետք է այնպես անել, որպեսզի հայ երիտասարդը հասկանա, որ, եթե ինքը Հայաստանում զբաղվում է որևէ կառուցողական, որևէ ստեղծագործական գործունեությամբ, ապա կարող է առաջ գնալ և հաջողության հասնել: Դա ուղղակի պետք է կյանքի նորմ դառնա, ինչպես այժմ Իսրայելում է, Ամերիկայում է, Հնդկաստանում է, Չինաստանում է կամ որևէ այլ երկրում: Նման մարդիկ ոչ թե ձգտում են երկրից դուրս գալ, փախչել իրենց երկրից, ընդհակառակը՝ ձգտում են, որքան հնարավոր է, շուտ հետ վերադառնալ, որովհետև այնտեղ հետաքրքիր է կյանքը, այնտեղ հետաքրքիր նախագծեր կան, բուռն զարգացում կա, և այլն: Դա բավական լուրջ խնդիր է, որի ուղղությամբ Հայաստանում լուրջ աշխատանքներ պետք է տարվեն, քանի որ կառուցողական կամ ստեղծագործական եռանդը և ցանկությունը դատարկության մեջ չեն առաջանում, դրա համար պետք է լինեն որոշակի ենթակառուցվածքային պայմաններ:

Պետք է զարգացնել գիտությունը: Առանց գիտության՝ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կարող զարգանալ: Գիտությունը պետք է զարգանա Հայաստանում: Գիտանականները պետք է զբաղվեն գիտությամբ: Գիտությունից են գալիս բոլոր փայլուն մտքերը, գաղափարները: Եթե դու գիտական գործունեությամբ չզբաղվես, ապա վաղ թե ուշ ստիպված ես լինելու կրկնօրինակել ուրիշի արածները, ինքդ քոնը չես կարող ունենալ և մշտապես պարտվողի դերում կլինես: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի գիտական ոլորտը Հայաստանում վերակենդանանա: Դրա լավագույն միջոցը կլինի այն, որ աշխարհով մեկ սփռված լավագույն, արդեն կայացած հայ գիտնականները գան Հայաստան և այստեղ աշխատեն: Բայց նրանց գործունեության համար պայմաններ պետք է ստեղծվեն: Խոսքը հաջողության հասած գիտնականների մասին է, որոնցից շատերն արդեն ինչ-որ տարիքի են հասել և իմաստնություն ունեն: Նման մարդիկ ոչ միայն մասնագիտական փնտրտուքների մեջ են, նրանք այլ կարևոր բաներ են փնտրում կյանքում, ուզում են ոչ միայն մասնագիտական, ալև այլ ոլորտներում էլ կայանալ: Եվ Հայաստանն այդ ոլորտներում մարդկանց կայանալու հնարավորություն պետք է տա` իրենց կյանքում մեծ գործեր կատարելու, իրենց երկրին, ժողովրդին ծառայելու հնարավորություն: Հայաստանը դրա փորձն արդեն ունի, մենք ուղղակի պետք է մեզ վերագտնենք այդ առումով, որպեսզի Հայաստանը հայ ազգի համար դառնա հզորագույն մի կենտրոն, որը կգրավի նման մարդկանց: Մարդիկ այդ ժամանակ կհասկանան, որ իրենք այլընտրանք չունեն, քան՝ վերադառնալ Հայաստան և Հայաստանում գործել, ոչ թե ինչ-որ մի հեռու տեղ, օտարանալով… Այսպես թե այնպես, օտար ազգերը մեզ կամաց-կամաց կլանում-տանում են:

Այսօր նույնիսկ Ռուսաստանն է դրա մասին մտահոգվում, այն դեպքում, երբ Ռուսաստանն ունի գիտնականներ, գիտությամբ զբաղվող հզոր հաստատություններ, լավ համալսարաններ… Այսօր Ռուսաստանը աշխարհով ընկած` փորձում է ետ վերադաձնել ռուս գիտնականներին, որոնք հաջողությունների են հասել արտասահմանում: Փորձում է նրանց ներգրավել Ռուսաստանի գիտական աշխատանքների մեջ: Այդ նպատակով է «Սկոլկովոն» ստեղծվել, որի մեջ ներգրավվել են մարդիկ, ովքեր ժամանակին գնացել են դրսում աշխատելու: Հայաստանն այսօր դրա կարիքն ավելի շատ ունի, որովհետև մենք ավելի մեծ կորուստներ ենք ունեցել: Ցավն այն է, որ մենք չենք գիտակցում դա, մենք շատ հանգիստ ենք վերաբերվում այն փաստին, որ Հայաստանում գիտություն համարյա չկա: Իսկ եթե գիտություն չկա, ուրեմն մենք որևէ ոլորտում, այդ թվում` ՏՏ ոլորտում, որևէ հաջողության չենք կարող հասնել, որքան էլ այն գերակա ճյուղ հայտարարենք: Հիշենք ամերիկյան օրինակը. Սիլիկոնային ամբողջ հովիտը ստեղծվել է համալսարանների շուրջ: Եվ եթե մենք նման ֆենոմեն Հայաստանում չստեղծենք, ապա ոչինչ չի ստացվի:

Հայաստանն այսօր գոյատևում է արտասահմանից եկող տրանսֆերտների շնորհիվ` արտասահման աշխատուժ ուղարկելով: Մարդիկ մեկնում են այլ երկրներ, գումար են աշխատում և ուղարկում Հայաստանում ապրող իրենց ընտանիքներին: Այդ վիճակը երկար չի կարող տևել: Վաղ թե ուշ այդ մարդիկ իրենց ընտանիքներին կտեղափոխեն Հայաստանից, և այստեղ կմնան միայն այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն դա անել: Փոփոխությունների համար պետք է կտրուկ քայլերի դիմել, որպեսզի Հայաստանում զարգանա գիտությունը, տնտեսությունը, որպեսզի Հայաստան վերադառնան արտերկրում հաջողության հասած մարդիկ և Հայաստանը կերտեն, զարգացնեն: Համայն հայության համար Հայաստանի վերաստեղծումը պետք է դառնա կարևորագույն խնդիրներից մեկը, իսկ դրա համար պետք է, որպեսզի Հայաստանում պայմաններ ստեղծեն: Հայաստանը պետք է ձգողական ուժ դառնա:

– Լինելով նաև կրթական հաստատության ղեկավար, Ձեր դպրոցի պատրաստած կադրերը հետագայում սովորելու են բուհերում, հայաստանյան բուհերի կրթական մակարդակն ինչպե՞ս եք գնահատում:

– Ֆունդամենտալ կրթությունը Հայաստնում դեռ բավական բարձր որակի վրա է, հիմնական առարկաները բավականին լավ են նախապատրաստում ուսանողներին, բայց կիրառական` նեղ մասնագետներ պատրաստելու առումով վիճակը շատ վատ է: Եթե խոսում ենք ՏՏ ոլորտի կրթական մակարդակի մասին, ապա այդ իմաստով շատ հետ է ընկել իրական տեխնոլոգիաների զարգացման, պահանջարկի մակարդակից: Դա ցավալի խնդիր է, և դրա լուծումը պարզ չէ: Մենք հիմա մեր ուղղությամբ մասնագիտացող Մոսկվայի երկու լավագույն ինստիտուտներում ABBYY-ի ամբիոններն ենք բացել, ուր լավագույն ուսանողներին անհրաժեշտ մասնագիտական կրթություն ենք տալիս: Ստիպված էինք այդ ամբիոնները բացել, որովհետև մենք բավարարված չէինք անգամ լավագույն հաստատությունների տված կրթությամբ: Տեսական գիտելիքներ տրվում են այդ ինստիտուտներում, պարզապես համապատասխան կադրեր չկան` իրական փորձով, իրական նախագծերում աշխատող կադրերի խնդիր ունեն համալսարանները: Պետք է այնպես անել, որ բիզեսում ընդգրկված փորձառու և պրակտիկ մարդիկ ցանկություն ունենան գալ և դասավանդել համալսարաններում: Նման խնդիր Հայաստանում էլ կա:

Հայաստանում «Այբ» կրթահամալիրում նման մոտեցում է ներդրվել` ուսուցչական կազմում այնպիսի մարդկանց ենք ներգրավել, ովքեր այս պահին գիտությամբ են զբաղվում: Այդպիսով նաև երեխաների մոտ փոխվում է գիտության նկատմամբ վերաբերմունքը: Նույնը պետք է արվի նաև համալսարաններում` իրական բիզնեսում աշխատող մարդիկ պետք է դասավանդեն, որովհետև իրենց փորձը և գիտելիքները շատ արժեքավոր են:

– ՏՏ ոլորտում գործող որոշ ընկերություններ` «Սինոփսիս Արմենիան», «Մայքրոսոֆթը», արդեն իսկ հայաստանյան բուհերից մեկում նեղ մասնագիտացված կադրեր են պատրաստում, ամբիոններ են բացել:

– Դա խնդիրների լուծման սկիզբն է, ժամանակի ընթացքում պետք է համակարգային մոտեցում տրվի այդ երևույթին: Օրինակ, ABBYY-ի ամբիոններում սովորող ուսանողները պարտավորված չեն հետագայում մեզ մոտ աշխատելու: Իհարկե, մենք հույս ունենք, որ նման կրթություն ստացած ուսանողները կգան մեզ մոտ , բայց պետք է խոստովանեմ, որ նրանց զգալի տոկոսը այլ ընկերություններում է գնում աշխատելու, եւ մենք դա շատ բնական ենք համարում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս