Բաժիններ՝

«Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել». մարզպետարան

Hraparak.am կայքի՝ «Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործողումը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ

Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Արագածոտնի մարզից Արցախ են ուղևորվել Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածավան և Ծաղկահովիտ համայնքների բոլոր մարզիկները, համայնքների և մարզի պատվիրակությունները:

Մարզկենտրոն Աշտարակից Արցախ են մեկնել ոչ թե 7-8 ավտոբուս, այն էլ կիսադատարկ, այլ 1 ավտոբուս՝ Աշտարակ համայնքը ներկայացնող մասնակիցների, և 3 միկրոավտոբուսներ՝ Ապարան, Արագածավան և Ծաղկահովիտ համայնքների մասնակիցների:

Նշված տրանսպորտային միջոցները ուղևորվել են նստատեղերի ամբողջական հագեցվածությամբ, այնտեղ ազատ նստատեղեր չեն եղել (դրանցով տեղափոխվել են նաև մարզիկների համար նախատեսված մարզահագուստները, հեծանիվներ և այլ սպորտային պարագաներ): Թալին համայնքի այցը Արցախ, Համակայկական խաղերի համաշխարհային կոմիտեի որոշմամբ, կազմակերպվել է մարզի մյուս համայնքներից առանձին և այլ ժամանակացույցով:

Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են մարզպետարանները՝ մարզպետների անմիջական համակարգմամբ, և առնվազն տարօրինակ կլիներ մարզպետի բացակայությունը մարզի պատվիրակության կազմում:

Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել, և Արագածոտնի մարզպետը ստացել է օգոստոս ամսվա համար իրեն հասանելիք վառելիքը:

Մարզպետի այցը Արցախի Հանրապետություն կազմակերպվել է հնարավոր նվազագույն միջոցներով: Ասվածից հետևում է, որ գործուղումը բնավ «թանկարժեք» բնույթ չի կրել:

Մարզպետի գործուղման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար աշխատանքային շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրվա ավարտից կարճ ժամանակ առաջ լրատվականը դիմել է մարզպետարան: Մարզպետարանը չի զլացել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, ավելին պատրաստակամություն է հայտնել հարցումը ստանալուն պես սահմանված ժամկետում պաշտոնապես պատասխանել դրան:

«Հրապարակ» լրատվականին և նյութը տարածած մյուս լրատվականներին հայտնում ենք, որ «մարզից ստացած» տեղեկատվությունը թյուր է, ստահոդ և իրականությանը չի համապատասխանում:

Լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվությունը իբրև ճշմարիտ նյութ ներկայացնելուց և նախքան այն տպագրելը առաջարկում ենք սպասել մինչ Արագածոտնի մարզպետարանը կտրամադրի իրենց իսկ կողմից կատարված հարցման պատասխանը:

Հիշյալ բովանդակությամբ հրապարակումներ կատարած բոլոր լրատվամիջոցներից պահանջում ենք. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով «Հերքում» խորագրի ներքո կատարել տեղեկատվության հերքում:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս