«Կա՛մ կհարուցվեն քրեական գործեր և կկասեցվեն Ձեր լիազորությունները, կա՛մ էլ հրաժարական ներկայացրեք և վայելեք Ձեր սոցիալական երաշխիքները»

Երեկ սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» հ/կ-ի համահիմնադիր Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Е-draft էլեկտրոնային կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղադրվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Հատուկ ուշադրություն նա հրավիրել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում նախատեսվող երկու փոփոխություններին։

1) Նախագծի անցումային դրույթում նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։

2) Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում նրա լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։

168.am-ը Գոհար Մելոյանին խնդրեց մեկնաբանել իր գրառումը, ինչ հեռահար նպատակ է հետապնդում օրենքների և հարակից նախագծերի փաթեթը, ում դեմ է այն ուղղված, և առհասարակ ինչ խնդիրներ են առկա նրանում:

«Նախ՝ պետք է նշեմ, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը սպասելի էր։ Եթե հիշում եք, վերջերս հրապարակվել էր Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի զեկույցը, որում նշված էր, որ քաղաքական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ այն ժամանակ այդքան բարձրաձայնված վեթինգի կիրառումը բոլոր դատավորների նկատմամբ աննպատակահարմար և անօգտակար էր գնահատվել, ինչի փոխարեն՝ որոշվել էր ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը, և կապը հայտարարագրման համակարգի հետ։

Այդ պայմանավորվածության համաձայն՝ հայաստանյան կողմը պետք է Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը ստանալու նպատակով՝ ներկայացներ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը»,- նշեց սահմանադրագետը:

Վերջինս նկատում է սակայն, որ, այնուամենայնիվ, անսպասելի էին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում հատկապես երկու կարգավորում։:

«Առաջին՝ սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում նրա լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։ Երկրորդ՝ նախագծի անցումային դրույթներում կարգավորում է սահմանվում, համաձայն որի՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանելու են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ»,- ասաց Գոհար Մելոյանը:

Ըստ նրա` այս կարգավորումներն առնվազն տարակուսելի են, որոնք կարելի է մեկնաբանել՝ որպես այլընտրանքային առաջարկներ՝ ուղղված ՍԴ դատավորներին. այն է՝ «կամ կհարուցվեն քրեական գործեր և կկասեցվեն Ձեր լիազորությունները, կամ էլ հրաժարական ներկայացրեք և վայելեք Ձեր սոցիալական երաշխիքները:

«Ուշագրավ է, որ հրաժարական ներկայացրած դատավորը շարունակելու է ստանալ աշխատավարձ, ինչը կարելի է ասոցիացնել այլընտրանքային կաշառքի հետ, որը կունենա իրավական հիմք։ Բացի այդ, նախագծերի փաթեթը հրապարակվել է օգոստոսի 9-ին, սակայն ՍԴ դատավորների համար երաշխիքներ է նախատեսում օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում. արդյոք ակնկալվե՞լ է, որ առաջարկն այնքան գայթակղիչ կարող է թվալ ՍԴ դատավորներին, որ հետին թվով հրաժարականի դիմում ներկայացնեն, միևնույն ժամանակ՝ սահմանելով այդ առաջարկի այդքան սեղմ վերջնաժամկետ»,- հավելեց Գոհար Մելոյանը:

Ամփոփելով՝ սահմանադրագետն ընդգծեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է, որում փոփոխությունները կատարվում են ձայների որակյալ մեծամասնությամբ։

«Ուստի՝ ակնկալում եմ, որ հաշվի առնելով Նախագծերի առանձնահատկությունները՝ դրանք կարժանանան հանրության, առավելապես՝ մասնագիտական համայնքի և օրենսդրի ուշադրությանը, և կնախաձեռնվեն մի շարք մասնագիտական քննարկումներ, իսկ ՍԴ դատավորներին ուղղված «վերջնագրին» անդրադառնալու լրացուցիչ վերլուծության առիթ, վստահ եմ, դեռ կլինի»,- եզրափակեց Գոհար Մելոյանը:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս