Խամաճիկային դատական համակարգն ու իշխանության «զսպիչ մահակը»

ՀՀ դատական իշխանությունը և իրավական համակարգը անկախացումից ի վեր անցել են բարեփոխումների մի քանի փուլեր՝ հետևողականորեն արձագանքելով տարբեր ժամանակահատվածներում դատական և իրավական համակարգերի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին:

Այդ բարեփոխումների ծրագրերն ըստ փուլերի պլանավորել և սահմանել են մի շարք համալիր միջոցառումներ ու գործողություններ, որպես վերջնանպատակ ունենալով՝ աստիճանաբար հասնել անկախ, ինքնուրույն, արդար և արդյունավետ դատական իշխանության լիարժեք կայացմանը, իրավունքի գերակայության և ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի ամրապնդմանը:

Նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները, քաղաքական «հեղափոխության» հովերով տարված, իրենց խոշորացույցի տակ առան դատական համակարգում արմատական փոփոխությունների և «հլու» դատարաններ ունենալու գործընթացը։ Այս ամենը նոր թափ ստացավ այս տարվա մայիսի 18-ին դատարանի մի որոշմամբ, որով կալանքից ազատ արձակվեց ՀՀ երկրորդ նախագահը։ Այս որոշումից հետո իշխանությունը, իր համար հնարավոր բոլոր մեթոդներով ու լծակներով, գրոհ սկսեց որոշումը հրապարակած դատավոր Դավիթ Գրիգորյանի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը շատ արագ հասկացավ նոր քաղաքական իշխանության նախասիրությունը և նրան մատուցեց մարտի 1-ի այսօրվա գործը։ Մի գործ՝ որը չունի ոչ մի իրավական վստահություն, գրված է «ծնկան վրա», առանց լուրջ իրավական հիմքերի, մի իշխանական էլիտայի քաղաքական քիմքին հաճոյանալու համար։

Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) միջնորդություն էր ներկայացրել երեք դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Միաժամանակ նշենք, որ կասեցվել են դատավոր Գրիգորյանի լիազորությունները։ Կատարվածից պարզ է դառնում, որ Գրիգորյանն իր որոշումը կայացրել է գործող իշխանությունների բիրտ ճնշումների ազդեցության տակ, իսկ որ ճնշումներ եղել են՝ դա, ըստ էությա,ն ակնհայտ է։ Նախօրեին հայտնի դարձավ, որ շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։

Ակնհայտ է, որ այս փուլում շատ կարևոր է նաև դատավորների համայնքի միասնականությունն ու մեկ ընդհանուր գաղափարի շուրջ հանդես գալու առաջնայնությունը։ Թերևս նշենք մի կարևոր հանգամանք․ ըստ էության՝ ԲԴԽ-ն նախ պետք է այս ամբողջ գործընթացի կանխարգելողը լիներ՝ ապահովելու համար դատավորի անկախությունը։ Իսկ այն, ինչ այսօր անում է Բարձրագույն դատական խորհուրդը, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունների ձեռքին հերթական մահակն է, որով հարվածներ են հասցվելու իրավական դաշտի ցանկացած ոչ ցանկալի ներկայացուցչի, ով «կփորձի» հակադրվել իշխանական բուրգին։

Երբ գործող վարչախումբը բոլշևիկյան մեթոդներով փորձեց տապալել իշխանության հերթական ճյուղի բնականոն աշխատանքը՝ շրջափակելով դատարանների դռները, պարզ դարձավ, որ նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու և ցանկացած մեթոդով հասնելու են իրավիճակի՝ իրենց համար դրական հանգուցալուծում ունեցող ավարտին։ ԲԴԽ կողմից տարվող ոչ ադեկվատ գործունեությունը տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ իշխանությունները ցրեցին բոլորովին վերջերս ձևավորված անկախ մարմինը, ապա իրենց նախընտրած «կամակատարներին» նշանակեցին ոլորտի վերահսկողության պատասխանատուներ։ Որպեսզի յուրաքանչյուր կառավարման համակարգում լինի հստակ բալանսավորում, իշխանության ճյուղերը պետք է միմյանց հակակշռեն, այլապես տեղի կունենա պետական համակարգի ամբողջական պարալիզացում։ Դատական համակարգն ի հակակշիռ գործադիրին, պետք է լինի հակառակ նժարին: Եթե գործադիրը ցանկանում է ունենալ գրպանային, այսինքն՝ իր հետ նույն նժարին գտնվող դատական համակարգ, ապա մենք չենք ունենալու ոչինչ և պետական մեքենան հայտնվելու է կոլապսի մեջ։ Բացահայտ փաստ է, որ ցանկացած երկրում ընթացող դատաիրավական գործընթացներն ուղղակի ազդում են երկրի զարգացման հետագա առաջընթացի վրա՝ միաժամանակ ձևավորելով զարգացման համար ամենակարևորը՝ մթնոլորտը։

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս