«Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ դատարանի վրա իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ էին գործադրվում. հենց այդ պայմաններում Դավիթ Գրիգորյանը կայացրեց իր որոշումը». Ալեքսանդր Ազարյան

Հուլիսի 27-ին օրենքի ուժով կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։

168.am-ը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանից հետաքրքրվեց, թե դատավոր  Գրիգորյանի լիազորությունների կասեցումն իր հետ տեղի ունեցած գործընթացների շարունակությո՞ւնն է, թե՞ ոչ։

«Ինքս որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ, թե պայմանական ինչ մեղադրանք է առաջադրվել դատավորին, և լիազորությունների կասեցումն ինչ գործի շրջանակներում է եղել։ Այդ պատճառով էլ որևէ գնահատական չեմ կարող տալ։ Բացի այդ, ի պաշտոնե իրավունք չունեմ ԲԴԽ-ի որոշումներին գնահատականներ տալ։ Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել՝ նյութերին տեղյակ չլինելով և էթիկայի կանոններից ելնելով»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի դատավորի նկատմամբ տեղի ունեցած երևույթն առհասարակ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ դատարանի վրա իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ էին գործադրվում. հենց այդ պայմաններում Դավիթ Գրիգորյանը կայացրեց իր որոշումը։ ճնշումներ եղել են։ Ես պնդել եմ և հիմա էլ պնդում եմ, որ իմ որոշումից հետո ՀՀ վարչապետի ցանկացած արտահայտություն՝ դատարաններին վերաբերող, դա ճնշում է հետագա դատավորների և դատարանների վրա։ Սա իմ կարծիքն է, և ես մնում եմ այդ կարծիքին»,- եզրափակեց Ալեքսանդր Ազարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի օգոստոսի 13-ին դատավոր Ալեքսանդր Ազարյանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին՝ վերացնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, որպես հիմք ընդունելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը, հայտարարելով, որ նախագահի գործողությունները բխել են իր լիազորություններից։ Այս ամենից հետո Հատուկ քննչական ծառայությունը դատարանի որոշումը որակեց ապօրինի։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորագիրը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս