Բաժիններ՝

«Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է, որից հրաժարվել են մի շարք երկրներ». Հանրային խորհրդի անդամ

Այսօր հանրային խորհրդի հերթական նիստում Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգներին:

Նրա խոսքով՝ Կոնվենցիայի նպատակ է հայտարարվել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերից պաշտպանությունն ու կանխարգելումը, հետապնդել և վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը:

«Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարել են հակասահմանադրական: Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրական դատարանն այդ պայմանագիրը պաշտոնապես ճանաչել է՝ որպես հակասահմանադրական: 2017 թվականի հունիսի դրությամբ այն ստորագրվել է 44 երկրների և Եվրամիության կողմից»:

2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց Կոնվենցիան, որին հաջորդեցին 27 այլ երկրներ՝ 2013-2017 թվականների ընթացքում (Ալբանիա, Անդորա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Մալթա, Մոնակո, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա)։

Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կոնվենցիայի ստորագրումը 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում։ 2019 թվականին Կոնվենցիայի հաստատման շուրջ ծավալվող հանրային քննարկումների ընթացքում հնչել են ինչպես՝ կողմ, այնպես էլ՝ դեմ կարծիքներ: Մի շարք քաղաքական, պետական գործիչներ հայտարարել են, որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, ներդնում է «երրորդ սեռ» ունենալու գաղափարը:

«Կոնվենցիայի հոդված 36-ի 3-րդ կետում, հոդված 46-ի «ա» կետում, հոդված 59-ի 1 և 2 կետերում նշվում է, որ մասնակից պետությունները պետք է  ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի  անհրաժեշտ բոլոր միջոցները  զուգընկերների պաշտպանության համար։ Սրանից հետևում է, որ Կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև նույն  սեռին պատկանող, ինչպես նաև մերձավոր ազգական հանդիսացող անձինք, և ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը:
Նշված իրավադրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին առ այն, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ Սահմանադրության 35-րդ հոդվածի տառին և ոգուն համապատասխան՝ Ընտանեկան օրենսգրքով հստակորեն ընդգծվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր միությունն է, և արգելվում է մերձավոր ազգականների միջև ամուսնությունը:

Ավելին՝ Ընտանեկան օրենսգրքի հետագա շարադրանքում հստակորեն տարանջատվում է նաև երեխայի ծնողների սեռային պատկանելությունը՝ բացառելով նույնասեռ անձանց կողմից երեխայի որդեգրման հնարավորությունը:

«Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ ակնհայտ է դառնում, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի երկրորդ  կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին: Այսինքն, Կոնվենցիան պարտավորեցնում է մասնակից պետություններին ձեռնարկել օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները զուգընկերներին՝ նաև միասեռականներին, գենդերային բաղադրիչի՝ գենդերային ինքնության հիմքով ապաստան, ներառյալ՝ փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգերի ստեղծման համար։

Այլ կերպ ասած, Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապաստան և փախստականի կարգավիճակ տալ արտերկրից Հայաստան ժամանած հազարավոր միասեռական զույգերին, սեռափոխ անձանց և այլ գենդերային ինքնություն ունեցող անձանց»,- հավելեց նա:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս