Մի’ վնասիր
«Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրով Վայոց Ձորում անցկացված սոցիալական հարցումները ցույց տվեցին, որ հարցվածների գերակշիռ մասը ոչ միայն չունի մշտական բժիշկ, այլև ընդհանրապես չի դիմել բժշկի իր կյանքի ընթացքում: Բժշկին չդիմելը, հասկանալի է, ամենևին պայմանավորված չէր քաջ առողջությամբ: Հիվանդները բժշկի չեն դիմում նախ` ֆինանսական պատճառով: Մյուս կարևոր պատճառն այն է, որ բժիշկներին չեն վստահում:
«Առողջություն» եզրն ունի իր հստակ սահմանումը` համաձայն «Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը» (ԱՀԿ): Ըստ այդմ` «Առողջությունը ամբողջական ֆիզիկական, հոգեբանական և հասարակական բարօրության վիճակն է, և ոչ թե պարզապես հիվանդության բացակայությունը»: Այսինքն` առողջությունը մեր կյանքի վրա ազդող բոլոր գործոնների համադրությունն է, և մեր կյանքի ցանկացած ոլորտ այս կամ այն կերպ կապ ունի մեր առողջության հետ: ԱՀԿ-ն նաև նկատում է. «Առողջության բարձրագույն մակարդակը յուրաքանչյուր մարդու մարդու իրավունքն է `անկախ ռասայից, կրոնից կամ հասարակական դասից»: Տրամաբանական է հետաքրքրվել` որքանո՞վ է մեզ մոտ պահպանվում այս իրավահավասարությունը, և արդյո՞ք բոլորիս առողջ լինելու, այսինքն՝ ապրելու և կյանքը վայելելու իրավունքը պահպանվում է օրենքով:
Որպեսզի հասկանալի լինի, թե որոնք են առողջապահության և պրոֆիլակտիկայի հիմնական խնդիրներն, անդրադառնանք գիտության վերջին հայտնագործություններին:
Առողջության և էվոլյուցիային նվիրված ֆունդամենտալ հոդվածներից մեկում ասվում է, որ հազարամյակների ընթացքում մարդկային գեներն ադապտացվել են որոշակի տիպի կյանքի և ֆիզիկական աշխատանքի, քանի որ դա է եղել ողջ մնալու և սերունդը շարունակելու գրավականը: Մարդն ընդամենը մեկ դարի ընթացքում կտրուկ փոխել է իր կյանքի միջավայրը՝ էկոհամակարգը, և կյանքի անցել նոր տիպի բնակավայրերում՝ քաղաքներում: Սրան զուգահեռ՝ տեղի են ունեցել մարդկային կյանքին և գործունեությանն առնչվող մի շարք այլ սկզբունքային փոփոխություններ, որոնց մարդկային գենը պարզապես ադապտացված չէր: Սա բերեց մի շարք նոր հիվանդությունների, անբացատրելի մահերի և նոր տիպի խնդիրների, ինչը շարունակվում է մինչ օրս:
Ժամանակակից աշխարհում մարդկանց առողջությանը սպառնացող հիմնական խնդիրներից են ֆիզիկական աշխատանքի, բնական միջավայրի և հասարակական շփման բացակայությունը, կյանքի և գործունեության նոր մշակույթը և ոճը, հոգեբանական գերհոգնածությունը, ֆիզիկական և հասարակական միջավայրերի բացասական ազդեցությունը:
Այս խնդիրները լուծելու համար ժամանակակից աշխարհում օգտագործվում են երկու փոխկապակցված մեթոդներ: Առաջինը սոցիալական մարքեթինգն է, երկրորդը՝ օրենսդրական փոփոխությունները:
Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են ոչ միայն առողջապահական օրենքներին: Առողջապահական և քաղաքաշինական օրենքների համադրմամբ հնարավոր է փոխել մարդկային ապրելաոճը:
Օրինակ՝ Դանիայում ընդամենը մի քանի տարվա ընթացքում կարողացան հասնել նրան, որ երկրի ուսանողների և դպրոցականների 50 տոկոսից ավելին իրենց ուսման հաստատություններ են հասնում քայլելով կամ հեծանվով: Սա հնարավոր դարձավ պետական ծրագրի շնորհիվ. Ըստ այդմ` բոլոր դպրոցներին և համալսարաններին տրամադրվեց անվտանգ երթուղի՝ ճանապարհ դեպի դպրոց: Սա նաև հնարավոր դարձավ հատուկ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, ըստ որոնց՝ ճանապարհային երթևեկության հիմնական օբյեկտ դարձան հետիոտնը և հեծանվորդները, այսինքն` ճանապարհներն և համապատասխան օրենքներն ու կանոնները սկսեցին ծառայել հասարակական հենց ա՛յդ խմբերին: Նմանատիպ փոփոխություններ են մտցվում Սկանդինավյան և Եվրոպայի այլ պետություններում: Ավելին, բարեփոխումները չեն սահմանափակվում միայն ճանապարհային օրենսդրության փոփոխություններով:
Փոփոխվում են նաև քաղաքաշինությանը և շրջակա միջավայրի օգտագործմանը վերաբերող օրենքները` միջավայր ստեղծելով մարդկային առողջ և արժանապատիվ ապրելակերպի համար: Այսինքն, ցանկացած օրենսդրական և պետական որոշման հիմք է դառնում մարդկանց անմիջական օգուտը կամ վնասը` առողջապահության տեսանկյունից: Որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ավելի ակտիվ կյանք վարելու, Փարիզի քաղաքային ադմինիստրացիան ստեղծեց «Վելիբ» նախագիծը, ըստ որի` ամբողջ քաղաքով տեղադրվեցին հեծանվային կայաններ, որոնցից ամեն մարդ կարող է օգտվել. վերցնել հեծանիվ և հանձնել այն մեկ այլ կայանում, որոնք ընդհանուր թվով 1800-ն էին: Ընդ որում, քանի որ առաջին կես ժամն ընդհանրապես տրամադրվում էր անվճար, ապա գրեթե ցանկացած փարիզցի հնարավորություն ստացավ անվճար դառնալ հեծանվորդ: Որպեսզի այս ծրագիրը գործի էֆեկտիվորեն, ամբողջ ճանապարհային ցանցը վերափոխվեց թե՛ ֆիզիկապես, թե՛ երթևեկության նոր կանոնների շնորհիվ:
Առանձին կարևորագույն խնդիրներից է շրջակա միջավայրի, քաղաքային կանաչ տարածքների և, ընդհանրապես, անմիջական ֆիզիկական միջավայրի պահպանումը: Սա միակ ճանապարհն է՝ մարդկանց տրամադրելու բնականին մոտ կյանք, այսինքն` այնպիսի կյանք, որին մենք ադապտացվել ենք էվոլյուցիայի ընթացքում:
Սոցիալական մարքեթինգը վերաբերում է բոլոր այն փոփոխություններին, որոնք կապված են հասարակական գիտակցության մեջ դրական ազդեցություն ունեցող գաղափարների սերմանմանը: Սա նաև բացատրում է մեկ մարդու կողմից հասարակության վրա ազդելու հնարավորությունը և հակառակը՝ հասարակության կամ անմիջական շրջապատի կողմից ազդեցությունն անհատի վրա:
Այս ճյուղի արդիական խնդիրներից է, օրինակ, ծխախոտի օգտագործման դեմ պայքարը և պասիվ ծխելու, այսինքն՝ այլ մարդկանց ծխախոտի ծուխը ներշնչելու հետ կապված վտանգի մասին իրազեկումը և համապատասխան օրենքներն ընդունելու և դրանց խստորեն հետևելու կարևորությունը:
Ցանկացած մարդ պետք է գիտակցի, որ իր գործողություններն անմիջական ազդեցություն են ունենում իրեն շրջապատող մարդկանց վրա: Սա միանգամայն հոգեբանական խնդիր է (այսինքն` կապ ունի ազգային մենթալիտետի և տվյալ հասարակությունում ընդունված նորմերի և սովորույթների հետ):
Այսինքն՝ արատավոր սովորույթը կարող է խորը արմատներ գցել հասարակության մեջ, քանի որ այն չի դիտարկվում իբրև բացասական՝ հասարակության մեծամասնության կողմից: Եվ հակառակը՝ բնական և նորմալ երևույթները կարող են խիստ բացասական դիտարկվել մարդկանց կողմից՝ ավանդաբար եկած սխալ ընկալման պատճառով:
Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի պահպանման խնդրին, և դրանք դիտարկելով հասարակական մարքեթինգի տեսանկյունից` կարելի է ասել, որ մինչ հասարակությունն ինքը չհասկանա իր իրավունքներն և դրանց համար պայքարելու կարևորությունը, դժվար թե տեսնենք հասարակական կամ ցանկացած այլ փոփոխություններ:
Հասարակական կարծիք և բնավորություն ձևավորելու հիմնական գործիքներից է հեռուստատեսությունը, քանի որ այն հասանելի է գրեթե ամենքին:
Կարևոր խնդիր են նաև սխալ կարծրատիպերը: Օրինակ՝ շատ երիտասարդներ համոզված են, որ ծխելը կամ հայհոյելը, «դարդոտած» դեմքով խորհելը առնականության նշան են: Այսինքն, առողջության և հասարակական միջավայրի վրա բացասականորեն ազդող և, ըստ այդմ, հասարակության և մարդու կործանմանը տանող գործոններն ու երևույթները դիտարկվում են՝ որպես դրական կամ հարգանք առաջացնող (հավանաբար՝ վախի և հարգանքի տարբերությունը չհասկանալու պատճառով):
Ի վերջո, ինքներս ենք կերտում թե՛ մեր կյանքը, թե՛ մեր հասարակությունը և ֆիզիկական միջավայրը, և ցանկալի կլիներ, որ ամեն մեկս օգտագործեր այն կամքը, որով ինքն օժտված է:
ՍՈՒՐԵՆ ՍԻՆՅԱՎՍԿԻ
«Լույս» հիմնադրամի ուսանող
Հատուկ 168.am-ի համար