«Ասում եմ՝ եթե սա վերահսկվեր, ապա նման խնդիրներ չէինք ունենա, նախարարը պատասխանում է՝ դե, կյանքն անարդար է». Ֆրանսիական համալսարանի ուսանողները՝ տարկետման իրավունքից զրկված լինելու մասին
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ Վահե Թումանյանը, Սամվել Ղարիբյանը, Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշման կարգով այս տարի դիմել են տարկետման իրավունք ստանալու համար, սակայն մերժվել են՝ հաշվի առնելով նշված որոշման մեջ սահմանված պահանջները, որոնք, նրանց խոսքով, ակնհայտ անարդար են ՀՖՀՀ շրջանավարտների նկատմամբ և անհավասար պայմաններ են ստեղծում նրանց համար: Բայց սա միակ խնդիրը չէ. պարզվում է՝ բուհի հավատարմագրման հարցն էլ կա:
Այս տարի մագիստրատուրան ավարտած Վահե Թումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հունիսի 19-ին Որակի ապահովման ազգային կենտրոնից պատասխան է ստացել, համաձայն որի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանն այդ օրվա դրությամբ կենտրոնին հավատարմագրում անցնելու խնդրանքով չի դիմել, ավելին՝ հայտնել են, որ հիմնադրամը չի տիրապետում ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի՝ այլ հավատարմագրող կառույցի միջոցով հավատարմագրում ստանալու վերաբերյալ տեղեկատվության:
«Գրանցամատյանում գոյություն չունի Ֆրանսիական համալսարանի անունը, և, եթե ՀՀ-ում գործող համալսարանը չունի պետական հավատարմագրում, նա չի կարող հայկական պետական նմուշի դիպլոմներ տրամադրել: Ուսանողներին երկու դիպլոմ է շնորհվում՝ հայկական և ֆրանսիական: Օրենքով սահմանված կարգով մեզ չի տրամադրվում դիպլոմի ներդիրը, որը հանդիսանում է ակադեմիական տեղեկանք, կա տեղեկություն գնահատականների վերաբերյալ, հիմնականում պետք է գալիս արտասահմանյան բուհեր դիմելիս»,- մանրամասնեց Վահե Թումանյանը:
Ուսանողները նշում են, որ քանի որ համալսարանում ֆրանսիական դիպլոմի գերազանցության միավորը 16-ն է, հայկական գերազանցության դիպլոմները տրվում են 14 միավորից սկսած: 18-ից բարձր միավոր համալսարանի գրեթե 20 տարվա գործունեության ընթացքում արձանագրվել է միայն 4-5%-ի մոտ։
«Ես և Հայկ Դավթյանը դիմել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու և մեր կրթությունն ասպիրանտուրայում ու մագիստրատուրայում շարունակելու համար: Ես 20-ից 16.2 միավոր եմ հավաքել, ստացել եմ ֆրանսիական և հայկական գերազանցության դիպլոմներ, սակայն իմ հայկական գերազանցության դիպլոմի միջին որակական գնահատականը պետք է լիներ առնվազն 18, քանի որ ՀՀ օրենսդրությունը գերազանցության շեմը սահմանում է 18 միավոր: Դիմել եմ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին, ԱԳՆ-ին, ստացել եմ շրջանցող պատասխաններ, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին երբ դիմել եմ՝ ասել է, որ բացառություններ չեն լինելու: Ասում եմ՝ եթե սա վերահսկվեր, ապա նման խնդիրներ չէինք ունենա, նախարարը պատասխանում է՝ դե, կյանքն անարդար է: Նամակ ենք ուղղել նաև ՀՀ վարչապետին, քանի որ տարկետումը տրվում է կառավարության որոշմամբ»,- հայտնեց Վահե Թումանյանը:
Ասուլիսին ներկա էին համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի ներկայացուցիչները, ովքեր հայտնեցին, որ իրենց շրջանավարտներն արտասահմանում ուսումը շարունակելիս ոչ մի խնդիր չեն ունեցել: Նշեցին, որ դիպլոմները Հայաստանում և արտերկրում ընդունվում են գործատուների, պետական մարմինների կողմից: Միաժամանակ արձանագրեցին, որ Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված չափորոշիչներն առերևույթ անարդարացի և խտրական պայմաններ են ստեղծում ՀՖՀՀ շրջանավարտների համար:
Ֆրանսիական համալսարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանները կներկայացնենք ավելի ուշ:
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Կարապետյան