ԱՄՆ Կոնգրեսը վերարծարծում է Վիեննայի պայմանավորվածությունները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետ կապված հիմնական երկու իրադարձություններ ուղենշային իմաստ են ստանում՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացում համանախագահող երկրներից մեկի հետագա դիրքորոշումների ուրվագծման տեսանկյունից։

Առաջինը. «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումն է, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում։

Երկրորդը՝ հավանության է արժանացրել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկը, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար:

Երկու բանաձեւերն էլ եղել են Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախագծերը, որոնք հաստատել է ԱՄՆ ներկայացուցչիների պալատը։

Առաջին օրինագիծը ըստ էության այն առաջադրանքներն են, որ հայկական կողմը ապրիլյան պատերազմից հետո ամեն առիթով արծարծում էր, որոնք նաեւ պայմանավորվածության տեսք էին ստացել Վիեննայում եւ ապա Սանկտ Պետերբուրգում։ Այն առաջադրանքները, որոնց շուրջ կայացած պայմանավորվածությունների իրականացումը արգելակում էր Բաքուն։ Իհարկե այստեղ ուղղակի չեն նշվում մշտադիտարկման եւ հետաքննության գործիքակազմերի տեղադրման պահանջը, այդուհանդերձ շփման գծից դիպուկահարների եւ ծանր զինտեխնիկայի եւ նոր զինատեսակների հետքաշումն ու հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրումը այդ մասին են հուշում. այդ բոլոր գործողությունների իրականացումն ու դրա համապատասխան գործիքակազմերի տեղադրումը օրինաչափորեն ներառվում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնված լիազորությունների շրջանակում։

Իսկ երկրորդում՝ պարզ տեսքով ասվում է Ստեփանակերտի օդանավակայանը պետք է գործարկվի. միաժամանակ զգուշացնում Բաքվին հեռու մնալու ինքնաթիռ խփելու արկածախնդրական որեւէ փորձից։

Մեծ է ներդրումը այս բոլորում ԱՄՆ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի՝ առաջադրանքները ճիշտ պահին ներկայացնելու եւ մանավանդ հայկական եւ ամերիկյան կողմերի առաջադրանքային համընկնումներ ձեռք բերելու առումով։

Միաժամանակ նկատենք, որ ի տարբերություն մյուս երկու համանախագահող երկրների, ԱՄՆ օրենսդիր իշխանության կարեւորագույն հատվածը բանակցային գործընթացի ներկա հանգրվանին ուղենշային բանաձեւեր է քվեարկում։ Ամերիկացի համանախագահը պետական հետեւողականությամբ միջնորդական քննարկումներին նկատի կունենա իր երկրի ներկայացուցիչների պալատի բանաձեւերը։

Երկու բանաձեւերին ոչ միայն քարոզչաքաղաքական հնչեղություն ապահովելն է անհրաժեշտ, այլ մանավանդ բանակցային գործընթացում դրանց առանցքային թեմա վերածելը։ Թիրախը ուրեմն, Կոնգրեսի ներկայացրած օրինագիծն ու քվեարկած որոշումը մյուս երկու համանախագահող երկրների օրենսդրական դաշտ տեղափոխումն է։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս