«Դատարանին մի քանի անգամ միջնորդել ենք, որպեսզի դատական նիստերը դռնփակ անցկացնեն, քանի որ բարձրաձայնելու էինք Մ. Գրիգորյանի հիվանդության հետ կապված որոշակի փաստեր, սակայն դատարանը մերժել է». փաստաբան
Հունիսի 2-ին ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանական խումբը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրեց՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Որպես հիմնավորում՝ պաշտպանական կողմը ներկայացրել էր Մանվել Գրիգորյանի վերջին բժշկական փաստաթղթերը՝ մատնանշելով այն հանգամանքը, որ կալանավորման ընթացքում նա դարձել է անդամալույծ։
Սակայն դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, մերժեց միջնորդությունը, նշելով, որ, եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել դատական գործընթացին։
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատական գործընթացին և իրենց ներկայացրած միջնորդությանը՝ նախ՝ տեղեկացրեց, որ դատարանին մի քանի անգամ միջնորդել են, որպեսզի դատական նիստերը դռնփակ անցկացնեն, քանի որ բարձրաձայնելու էին Մ. Գրիգորյանի հիվանդության հետ կապված որոշակի փաստեր, սակայն դատարանը մերժել է։ Փաստաբանը դժվարացավ ասել, թե դատարանը նման ցուցադրական ձևով է անցկացնում դատական նիստերը։
«Դատարանը մերժեց միջնորդությունը, երեկ եմ ստացել որոշումը։ Նախկինում մենք իրավապաշտպաններով միշտ բարձրաձայնում էինք տվյալ իրավանորմը, որ, օրինակ՝ դատարանը ճիշտ չկիրառեց օրենքը, սխալ մեկնաբանեց տվյալ իրավանորմը, և այլն։ Դատարանի այս որոշման մեջ ընդհանրապես անդրադարձ չի կատարվել ներկայացված ապացույցներին։ Իր որոշման մեջ դատարանը դրել էր ամիսներ առաջ այն միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները, որտեղ նշված է, որ Մանվել Գրիգորյանի հիվանդություևնները ծանր են, սակայն նա կարող է կրել հիվանդությունը»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց, որ նույն հիմքով կրկին միջնորդություն է ներկայացնելու դատարան, որը պարտավոր է այն քննել և տալ իր գնահատականը։
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի գործն այն բացառիկ դատական գործերից է, որի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու անգամ որոշում է կայացրել՝ ձեռնարկել անհապաղ միջոցներ։
«Ցավոք, այսօր ՀՀ կառավարությունն այս ամենից ոչ միայն հետևություններ չի անում, այլև այս անօրինական գործառույթներով փորձում է հասնել նրան, որպեսզի իրավապաշտպանները՝ առանց ներպետական ատյանները սպառելու, դիմեն ՄԻԵԴ։ Եթե սրանից դատական իշխանությունը համապատասխան հետևություններ չանի, պետք է արձանագրեք, որ ընտրովի արդարադատությունը որոշակի գործերում ուղղակի երևում է, և բանը հասել է նրան, որ ակնհայտ անօրինականություններ կատարելուց հետո դատական իշխանությունը որոշակի հետևություններ չի անում»,- շեշտեց փաստաբանը։
168.am–ի հարցին՝ ինչո՞ւ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, և դրա հետ կապված դատարանի պարզաբանումը պաշտպանական կողմին բավարարո՞ւմ է, փաստաբանը պատասխանեց.
«Երբ փաստաթուղթ է ներկայացվում դատարանին, որտեղ բժիշկների խումբն արձանագրել է, որ Մանվել Գրիգորյանը 24 ժամ պետք է կրի թթվածնային սարք։ Երբ հոսանքահարում են Մանվել Գրիգորյանի ոտքերը, հասկանալու համար, թե նա որքանով կարող է տեղաշարժվել, և արձանագրում են 70-80 տոկոս, որից անմիջապես հետո կոնսիլիում են հրավիրում և բժիշկների խումբ, որից հետո գալիս են այն եզրակացության, որ նա պետք է լինի բժիշկների հսկողության տակ։ Դրանից հետո եթե արձանագրում են, որ անձի դատարանում գտնվելը նշանակում է, որ նա առողջ է, այսքանից հետո բոլոր հետևությունները թողնում եմ բոլորիդ։ Այս ամենը մենք ներկայացրել են ՄԻԵԴ ուղարկած մեր դիմումի մեջ»,- ընդգծեց փաստաբանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան