«Պենտագոնի գեներալները գնացել են Սպիտակ տուն և խնդրել, որ Թրամփը թույլտվություն տա Իրանին հարվածելու… Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի». Սուրեն Սարգսյան

«Վերջին օրերին բավականին լարված են Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, բայց ամենակարևոր հանգամանքներից մեկը վերջերս Միացյալ Նահանգների անօդաչու թռչող սարքի խոցումն էր Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրմանը՝ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Վերջինս կարծում է, սակայն, որ այստեղ կա մի դրվագ, որին չեն անդրադառնում։ Խնդիրն ըստ էության կայանում է նրանում, կարծում է «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավարը, որ Իրանը հայտարարեց, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը ֆիքսել են մի քանի թռչող օբյեկտ, և դրանցից մեկն է եղել անօդաչու թռչող սարք, և ստացվում է այնպես, որ Իրանը փորձել է խուսափել բոլոր տեսակի մարդկային կորուստներից և խոցել է հենց անօդաչու թռչող սարքը։

«Սա չափազանց կարևոր է, որովհետև սրան ըստ էության պատասխան տվեց նաև Վաշինգտոնը։ Համաձայն գործողությունների պլանի, եթե խոցում են ԱՄՆ-ին պատկանող օդանավը, ապա, ըստ կանոնակարգի, Միացյալ Նահանգները պետք է պատասխան հարված հասցնի այն օբյեկտներին, որոնցից կրակ է բացվել։ Եվ դրա համար անհրաժեշտ է նախագահի հրամանագիրը։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ Ամերիկյան մամուլը նշեց, որ նախագահ Թրամփը փոշմանել է։ Սկզբում հրաման է տվել, հետո չեղարկել է այն։ Բայց այդպես չի եղել իրականում»,- նշեց միջազգայնագետը։

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ օդ են բարձրացել ամերիկյան համապատասխան ռազմաօդային ուժերը, որպեսզի հարվածներ հասցնեին իրենց անօդաչու թռչող սարքը խոցող թիրախներին, բայց դրա համար անհրաժեշտ է եղել նախագահի թույլտվությունը, և Պենտագոնի գեներալները գնացել են Սպիտակ տուն և խնդրել են, որ նա այդ թույլտվությունը տա։

«Եվ ի պատասխան այն հարցին, թե որքա՞ն մարդկային կորուստներ կլինեն, Պենտագոնի գեներալներն ասել են՝ 130-200։ Այստեղ չափազանց կարևոր է, որ Թրամփը կողմնորոշվել է այնպես, որ պետք է խուսափել մարդկային կորուստներից, որովհետև իրանցիները կարող էին հարվածել ինքնաթիռին, բայց անօդաչու են խփել, և ամերիկյան կողմը զինվորականի կորուստ չի ունեցել։ Նաև հենց այդ պատճառով է Թրամփը չեղարկել Իրանին հարված հասցնելու իր պլանը, թույլ չի տվել, որ Իրանին հարվածեն, և փոխարենը՝ սանկցիաներ է կիրառել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»,- ասաց Ս. Սարգսյանը։

Միջազգայնագետի պնդմամբ՝ այս իրավիճակը ցույց է տալիս, որ կողմերը փորձում են խուսափել լարվածությունից, զինված ուղիղ առճակատումից, և սա չափազանց կարևոր է այն առումով, որ տարածաշրջանում ցնցումներ չլինեն, քանի որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ այդ բախումներն Իրանի կամ ԱՄՆ տարածքում չեն լինելու։

168.am-ի այն հարցին, թե ո՞րն է լինելու Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում, ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի մեր երկիրը, Սուրեն Սարգսյանն ասաց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, ցանկացած զարգացման, և, եթե նույնիսկ սցենարի զարգացման հնարավորությունը մեկ տոկոս է, Հայաստանը պետք է դրան պատրաստ լինի։

«Ցավոք սրտի, Հայաստնի որևէ պետական հիմնարկություն այսօր չունի որևէ ռազմավարություն, ռազմավարական քայլերի հաջորդականություն, թե ինչ պետք է անել, եթե Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ լինեն, կամ ի՞նչ ենք մենք անելու, եթե Իրանն ու ԱՄՆ-ը գնան առճակատման։ Սա, կարծում եմ, մեր անվտանգության ամենակարևոր սպառնալիքներից է, և մեր համապատասխան մարմինները, մասնավորապես՝ Անվտանգության խորհուրդը, որն այս ողջ ընթացքում ոչնչով զբաղված չէ, և նույնիսկ անվտանգության ռազմավարությունը չի գրել, պետք է առաջին հերթին զբաղվեր այս հարցով ու ռազմավարական քայլերի հաջորդականություն գրեր ու ներկայացներ ՀՀ բարձրագույն հրամանատարական կազմին, Ազգային անվտանգության ծառայությանը, պաշտպանության նախարարությանը, Վարչապետին, Նախագահին, բայց, ցավոք, դա տեղի չի ունեցել։ Սա լրջագույն մարտահրավեր է, որին մեր իշխանությունները պետք է պատրաստ լինեն»,- թեման եզրափակեց Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, բանախոսի պնդմամբ՝ դրանք նույնպես չափազանց կարևոր են մեր երկրի համար, որովհետև ցանկացած ցնցում թե Վրաստանում, և թե Իրանում Հայաստանում նկատելի է լինելու, որովհետև և Իրանը, և Վրաստանը Հայաստանի՝ դեպի արտաքին աշխարհ երկու դուրս եկող հարևան, բացի դրանից՝ և բարեկամ պետություններն են, և այս երկրներում եղած ցնցումները մշտապես ազդում են թե մեր ներքաղաքական գործընթացների, և թե տնտեսության վրա։

«Այնպես որ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես, այս լարված իրավիճակը, Պառլամենտում տեղի ունեցող դեպքերը և ՌԴ նախագահի կողմից պատժամիջոցների կիրառումը նույնպես անհանգստացնող են։ Հույս ունենանք, որ խորացման միտում այստեղ կարծես թե չկա, դեպի լարվածության նվազում է գնում։ Հայաստանն այստեղ նույնպես պետք է պատրաստ լինի, որովհետև մենք հիշում ենք՝ 2008թ.-ի ռուս-վրացական դեպքերի ազդեցությամբ ինչ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսության հետ։ Մենք ուղղակի կաթվածահար էինք եղել, որովհետև չունեինք կապ մեր ռազմավարական դաշնակցի և մեր հիմնական գործընկերոջ հետ։ Դրա համար այս պարագայում ևս Հայաստանը պետք է ունենա, այսպես կոչված, Պլան Բ. եթե իրավիճակը Հայաստանում սրվում է, ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները»,- նշեց միջազգայնագետը։

Այն հարցին, թե արդյո՞ք իրավիճակի սրումը Վրաստանում կարելի է դիտարկել՝ որպես սադրանք, և եթե՝ այո, ապա ո՞ւմ կողմից, Սուրեն Սարգսյանը նկատեց, որ չի կարծում, որ սա ինչ-որ մի կողմից սադրանք է եղել հրահրված։

«Այլ խնդիր է, որ այստեղ շատ խաղացողներ փորձեցին իրավիճակն իրենց օգտին օգտագործել։ Շատ հասարակ օրինակ բերեմ։ Ադրբեջանական մամուլը շատ ակտիվ գրում էր, որ վրացական հրապարակներում երևում են հայկական հատուկ ծառայությունների գործողությունների հետքեր։ Սա շատ պրիմիտիվ մանիպուլյացիա է, բայց այն, իհարկե, կարող է բնակչության որոշ հատվածի համար որոշակի ազդեցություն թողնել։ Իհարկե, բոլորը հասկանում են, որ դա այդպես չէ, բայց բոլոր խաղացողները փորձում են իրենց օգուտը քաղել, և Ադրբեջանն էլ իրեն բնորոշ ձեռագրով փորձում է ամեն բան բարդել Հայաստանի վրա»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս