«Եթե իշխանություններն ուզում են իրականում ֆեյքերի դեմ պայքարել, առաջին հերթին իրենց ֆեյքերից պետք է սկսեն». Քաղաքագետ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում ներկա է գտնվել Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը։
Իր խոսքում նա նշել է, որ համագումարի հետագա աշխատանքներին չի կարող մասնակցել:
«Կարծում եմ՝ հարգելի պատճառներով, որովհետև ի հեճուկս մեր բազմաթիվ լրատվամիջոցներում տարածվող լուրերի, թե ես սիրում եմ արտասահմանյան վոյաժներ անել, յուրաքանչյուր արտասահմանյան այցի ժամանակ աշխատում եմ առավելագույն օպտիմալ օգտագործել ժամանակը և շատ բան հասցնել անել: Եվ այս այցն էլ բացառություն չէ։ Ինչպես արդեն գիտեք, ունեմ հագեցած ծրագիր․ հանդիպում Լիբանանի նախագահի տիկնոջ հետ, այցելություն Լիբանանում առաքելություն իրականացնող մեր խաղաղապահներին…»,- ասել է Աննա Հակոբյանը:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը բնական է համարում երկրի ղեկավարի ու ընտանիքի վերաբերյալ տարբեր խոսակցությունները:
«Նախկինում էլ Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ՝ ճիշտ թե սուտ: Դա բնական է: Վերցնենք ԱՄՆ նախագահ Թրամփի ընտանիքը: Կնոջ, աղջկա մասին տարբեր հրապարակումներ կան: Նորմալ է: Եթե դու պետության ղեկավար ես, բնական է, լրատվամիջոցների ֆոկուսում ես հայտնվում: Այս ամեն ինչից հասարակությունը փորձում է հասկանալ, թե այս մարդը սոցիալական վիճակում ինչպե՞ս է իրեն պահում և ինչպե՞ս է ղեկավարում երկիրը. սա նորմալ է: Ուղղակի տիկին Աննա Հակոբյանն այս ամենին նոր է սկսել ուշադրություն դարձնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին՝ Աղասի Ենոքյանը նկատեց. «Հեղափոխությունից հետո խիստ բևեռացում կա լրատվական դաշտում: Այնպես, ինչպես հասարակությանը փորձեցին բաժանել սևերի և սպիտակների, այնպես էլ լրատվամիջոցները: Իշխանության աշխատանքի մեջ կոնկրետ զգում ենք, թե որոնց են համարում սպիտակ, որոնց՝ սև: Անգամ իշխանական պատգամավորներն են ասել՝ կարող եք վստահել այս հեռուսաընկերություններին ու կայքերին և չվստահել մյուսներին»:
Խոսելով ֆեյքերի դեմ պայքարի մասին՝ հայտնեց, որ կան կազմակերպություններ, որոնք հետազոտություններ են կատարում ֆեյքերի վերաբերյալ:
«Նրանք նույնիսկ եկել են այն եզրակացության, որ իշխանությունների հովանու ներքո գործում են ֆեյքերի ամբողջական ֆաբրիկաներ:
Այսինքն, եթե իշխանություններն ուզում են իրականում ֆեյքերի դեմ պայքարել, առաջին հերթին իրենց ֆեյքերից պետք է սկսեն:
Ֆեյք լուրերի, էջերի հետ կապված՝ կարծում եմ՝ ուղղակի պետք է կարգավորումներ լինեն, որ ամեն մեկն իր ասած խոսքի համար պատասխան տա»,- հավելեց քաղաքագետը:
Անի Կարապետյան