Գազային պատերազմ. Հայաստանը գրոհել է «Գազպրոմը»

Հայաստանը Ռուսաստանից գազի գնի էժանացում է պահանջում

Հայաստանը չի ուզում ռուսական գազի համար վճարել այնքան, որքան նրան առաջարկում է «Գազպրոմը», և արդեն սկսում է տուգանքներով ճնշել գազպրոմյան դուստր-ձեռնարկությունը Հայաստանում։ Փորձագետները նախազգուշացնում են, որ գազի գնի նվազման սպասել չարժե։ Ավելի էժանացնելու տեղ չկա։ Կոնֆլիկտը կարող է լուծվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ։

Այս մասին գրում է ռուսական պարբերականը։

Հայկական իշխանությունները ցանկանում են Մոսկվայից ստանալ ռուսական բնական գազի գնի իջեցում։ Բանակցություններն արդեն մի քանիս վարվում են, և բոլոր վերջնաժամկետները վաղուց ավարտվել են, բայց համաձայնության այդպես էլ չեն եկել։ Ռուսաստանում գազի գնի ինդեքսացիան հուլիսի 1-ից պաշտոնական Երևանի համար նոր առիթ է՝ վերադառնալ հնացած խնդրին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2019թ. հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացրել է գազի գինը Հայաստանի համար՝ խորանարդ մետրի համար 150-ից դարձնելով 165 դոլար։ Բայց այդ գինը սահմանին գինն է, իսկ ազգաբնակչության համար երկրի ներսում գազի գինը նույնն է մնացել։

Սակագինը չէին բարձրացնում այն բանի շնորհիվ, որ երկրին գազ մատակարարող հիմնական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «Գազպրոմին», դեռևս տնտեսում է իր վրա։ Ընկերությունը պատրաստվում է օպտիմալացնել ներքին ծախսերը՝ գրեթե 6 000 թվակազմ ունեցող 13 մասնաճյուղերի անձնակազմը կրճատելով։ Սեղմում է նաև ներդրումային պլանները։

Օպտիմալացման ծավալները չեն բացահայտվում, բայց խոսքը գնում է թվով 500-1000 աշխատակիցների կրճատման մասին։

Միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, բացառված չէ այն տարբերակը, որ «Գազպրոմ Արմենիան» չի կարողանա բավարար միջոցներ հայթայթել՝ ծախսերի օպտիմալացման հաշվին, ու հայտ կներկայացնի ազգաբնակչության համար գազի սակագինը բարձրացնելու համար արդեն այս տարի։

Այդ մասին ավելի վաղ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը, ով խոստովանել է, որ, ըստ օրենքի՝ «Գազպրոմ Արմենիան» այդպիսի իրավասություններ ունի։

Տեսականորեն սակագինը չբարձրացնել հնարավոր կլիներ, եթե Հայաստանի իշխանությունները սուբսիդավորեին բնական գազի գինը ներքին սպառողի համար։ Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս այս տարվա սկզբին հրաժարվեց դա անել։

Նա գազի սակագինը զսպելու այլ լուծում է տեսնում՝ փաստորեն, ռուսական «Գազպրոմի» հաշվին։

«Խոսքը դեռևս գնում է այն մասին, որ 2019թ. գազի գինը սպառողների համար չի բարձրանա։ Մենք մի տարի ժամանակ ունենք Ռուսաստանի, «Գազպրոմի» և ԵԱՏՄ  մեր գործընկերների հետ կոնսուլտացիաները շարունակելու համար՝ հարցը երկարաժամկետ հեռանկարի համար լուծելու»,- ասել է Փաշինյանը։

«Газеты.Ru»-ի աղբյուրը Հայաստանի Կառավարությունում պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ վարչապետ Փաշինյանը, երբ Եվրասիական տնտեսական միությունը հիշատակում էր գազային խնդրի համատեքստում։

Քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը ԵԱՏՄ անդամներ են ու գտնվում են միասնական տնտեսական տարածքում, ապա անհրաժեշտ է հավասար պայմաններ ստեղծել և ռուսական, և հայկական բիզնեսի համար։ Այսպես են կարծում Երևանում։ Հիմա դա խնդրահարույց է, քանի որ արդյունաբերական սպառողների համար մեկ խորանարդ մետր գազի սակագինն ավելի բարձր է, քան Ռուսաստանում։

«Դա բացասաբար է ազդում արտադրանքի ինքնարժեքի վրա։ Դա Եվրասիական միությունում անառողջ մրցակցություն է ստեղծում»,- ասաց մեր աղբյուրը։ Այսինքն՝ ԵԱՏՄ շրջանակներում գները պետք է հավասարեցնել, բայց չբարձրացնել, ինչպես կարծում են Հայաստանում։

Էներգակիրների չխտրականացված սակագները շատ կարևոր են ԵԱՏՄ-ում բիզնեսի զարգացման համար։

Բայց քանի որ Մոսկվան ոչ մի խոստում չի տալիս դեռ (ամեն դեպքում, հրապարակայնորեն այդ մասին կոնկրետ խոսք չի գնացել), ապա Հայաստանի իշխանություններն անցել են հակահարձակման։ Հունիսին «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանել են 10 մլն դրամով (շուրջ 20 000 դոլար)։ Այս որոշումը կայացվել է ՀԾԿՀ նիստում։ Հանձնաժողովը նշել է, որ մի շարք դեպքերում գազի ռուսական մատակարարը չի հետևել տեղական ընկերությունների ու բնակելի շենքերի՝ գազային ցանցին միացմանը։

«Գազպրոմ Արմենիայում» նեղվել ու վիրավորվել են պրեսինգից և ի պատասխան՝ հայտարարել են, որ ոչ մի անօրինական գործողություն չեն ձեռնարկել ու համաձայն չեն տուգանքի հետ։ Տուգանքի չափը, իհարկե, աննշան է, բայց դա ահազանգ է «Գազպրոմին» ու Կրեմլին։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում, անհասկանալի է։

«Газета.Ru»-ն հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիային»՝ երկու երկրների միջև գազի սակագնի հարցով վարվող բանակցությունների ընթացքից տեղեկություններ իմանալու համար։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պատասխանը հետևյալն էր. «Արդեն երկար ժամանակ վարվող բազմակողմ բանակցությունները գազի սակագնի շուրջ, մեր տեղեկություններով, գտնվում են ավարտական փուլում»։

Ընկերությունը խոստացել է բանակցությունների արդյունքներով համապատասխան տեղեկատվություն տրամադրել։

Բայց հարցի արագ լուծման չարժե սպասել։ Բանակցությունների առաջին արդյունքներն ըստ երևույթին կհայտնվեն հոկտեմբերից ոչ շուտ։ Այդ ժամանակահատվածում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան։ Ավելի վաղ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպել էր Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ։ Հանդիպման արդյունքներով՝ նա հայտարարել է, որ հույս ունի Ռուսաստանի հետ ընդհանուր լեզու գտնել Հայաստանի համար գազի սակագնի հարցում։

Փորձագետները, սակայն, համարում են, որ Ռուսաստանը պատրաստ չէ նվազեցնել գազի սակագինը։

«Հայաստանն արդեն իսկ գազ ստանում է լիովին մրցունակ գնով, շուկայականից ցածր։ Ավելի էժան գազ ստանում է միայն Բելառուսը։ Այնպես որ, ավելի նվազեցնելու տեղ չկա»,- ասում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։

Վրաստանը, օրինակ, ադրբեջանական գազը գնում է  200-215 դոլարով, Թուրքիան՝ 290, Իրանն էլ իր գազը Թուրքիային վաճառում է խորանարդ մետրի համար 300-400 դոլար գնով։

Մյուս կողմից՝ գազի գները միշտ ունենում են ոչ միայն ֆինանսական բաղադրիչ. Դա միշտ էլ մեծ քաղաքականության հարց է։ Ռուսաստանի համար շահավետ է հարևանների վրա ազդեցության գործիքների տիրապետելը, նույնիսկ շատ թե քիչ լոյալ հարևանների, ինչպիսիք են Հայաստանը և նույն Բելառուսը, նկատում են փորձագետները։

«Հայկական նոր առաջնորդ Փաշինյանը բարեկամություն է անում Ռուսաստանի հետ, բայց հետևել բացառապես Կրեմլյան քաղաքական գծին պատրաստ չէ»,- համարում է Սիմոնովը։

Երկու երկրների միջև խնդրահարույց թեմաներ միշտ էլ տեղ են գտնում։ Այսպես է կարծում Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը։

Օրինակ, Մոսկվային կատեգորիկ կերպով դուր չի գալիս Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը։ Ներկայիս իշխանությունները նրան մեղադրում են իշխանության բռնազավթման մեջ։ Միևնույն ժամանակ համարվում է, որ հենց Քոչարյանի նախագահության տարիներին (1998-2008 թթ.) Հայաստանն ընտրեց պրոռուսական քաղաքական կողմնորոշումը։

«Եվ Ռուսաստանն ունի Հայաստանի ներկայիս իշխանությունների վրա ազդելու բոլոր լծակները։ Եվ դա միայն գազը չէ, այլև Լեռնային Ղարաբաղի խնդրով անվտանգության երաշխիքները»,- ասում է Մակարկինը՝ ենթադրելով, որ Հայաստանը քիչ հնարավորություններ ունի Ռուսաստանի գազի սակագնի հարցով հերթական արտոնությունները ստանալ։

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս