«ՊԵԿ-ում «դուխով» խախտվում են մաքսավորների իրավունքները, վարչապետի կոչն օրենքը շրջանցելու պատճառ է դարձել». Հայկ Ֆարմանյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը զարմանում է, որ տնտեսությունը կարելի է զարգացնել հեղափոխական ճանապարհով և այն նույն գործիքակազմով, ինչ տեղի ունեցավ 2018 թ.-ի, այսպես կոչված, քաղաքական հեղափոխության ժամանակ, իսկ վարչապետի խոստման հետքերով առայժմ էական արդյունքներ և ծրագրեր չի տեսնում: Ներդրումային միջավայրի բարելավմանն ուղված լուրջ քայլեր, ասում է, չկան, իսկ այն, ինչ արվեց օրերս Հարկային օրենսդրության ոլորտում, ընդամենն առաջացնում է անկայունության սպասումներ։ Ճիշտ չի համարում, օրինակ, շահաբաժինների (դիվիդենտներ) հարկումը, որն արվում է՝ զուտ ֆիսկալ նպատակներից ելնելով: Մաքսային ոլորտի երկարամյա աշխատակիցը համարում է, որ մաքսային վարչարարության դաշտում վիճահարույց մոտեցումներ են կիրառվում, գտնում է, որ հետհեղափոխական շրջանում սահմանային ծառայություն իրականացնողները հաճախ ստորացվում են, որովհետև ներմուծողն օրենքներ խախտելիս հղում է անում վարչապետի խոսքերին:
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն իրենց կուսակցության երևակայած Հայաստանը մեծ ներուժով, արագ ռիթմով զարգացող երկիր է տեսնում, ասում է ՝ «Մենք մեր անելիքները չենք պրոյեկտել անպայմանորեն հներին պատժելու և նորերին փառաբանելու տրամաբանության վրա, մեր անելիքները բոլոր հայերին են հասցեագրված»:
– Մեր քաղաքական կուսակցության դիրքորոշումն այն է, որ չենք ընդունում սինդրոմ դարձած պայքարը հների և նորերի միջև, սևերի և սպիտակների բաժանումը…։ Մեզ համար անընդունելի է ղարաբաղցի-հայաստանցի, հյուսիս-հարավ տարանջատումը, որը ոչ այլ ինչ է, քան ազգային միասնական ներուժի ջլատում: Հայաստանը մեկն է, և ամբողջական պետք է ընկալել, ինչպես մեր կուսակցության անունն ու գաղափարային հիմքն է հուշում, անկախ այդ արհեստական բաժանումներից ու քաղաքական երանգներից: Մեր կուսակցությունը միտված է լուրջ տեխնոկրատական ներուժ ներգրավելու նպատակին։ Մեր բազմաբևեռ աշխատող երիտասարդ պրոֆեսիոնալ թիմն իր խոսքն ուղղում է ողջ հայ ժողովրդի ներուժին: Մենք Հայաստանը զարգացնելու ռացիոնալ տեսլական ունենք, ուստի մեր պատկերացրած երկրի զարգացման ճանապարհային քարտեզը բոլոր հանգրվաններում ունենալու է շատ առարկայական աճ, և ըստ ոլորտների՝ արտահայտված հստակ թվերով: Մենք տնտեսության բոլոր ուղղություններն ենք հաշվի առնում՝ պայմանավորված երկրի առանձնահատկություններով, գերակա ոլորտները՝ չկենտրոնանալով միայն պոպուլյար քաղաքականացված ճյուղերի վրա:
– Այդ հավակնոտ թիմում Դուք ամենաինտրիգային ոլորտն եք ուսումնասիրում՝ ՊԵԿ, մաքսային ոլորտը: Ինչպե՞ս կգնահատեիք ՊԵԿ-ի ներկայիս աշխատանքի թափանցիկությունն ու արդյունավետությունը՝ Ձեր տեսլականի և, միևնույն ժամանակ, այդ համակարգում ունեցած երկարամյա աշխատանքային փորձի համատեքստում:
– Արդյունավետ մաքսային և հարկային վարչարարությունը չափազանց կարևոր ազդեցություն ունի տնտեսության վրա։ Չեմ կարող ժխտել, որ տարիների ընթացքում այդ ոլորտներում զգալի աշխատանք է տարվել՝ և արդյունավետության բարձրացման, և թափանցիկության ապահովման ուղղությամբ, սակայն ասել, որ այսօր ամեն ինչ փայլուն է այդ բնագավառում, կնշանակի՝ աչք փակել բազմաթիվ պրոբլեմների վրա։ Դրանց առանցքում նաև քաղաքական պատճառներ կան: Դեռևս մեկ տարի առաջ քաղաքական ամենաբարձր մակարդակով առաջինը թիրախավորվեց մաքսային ոլորտը. կոչ արվեց մաքսազերծումն իրականացնել կայծակնային արագությամբ, չխոչընդոտել տարբեր անձանց կողմից որևէ ներմուծման, և այլ կերպ ասած՝ ով ինչ ուզում է, թող անի, ու, դժբախտաբար, ղեկավարի այս հայտարարությունը շատերը, այդ թվում՝ մաքսային ծառայողները, ընկալեցին բառացիորեն, իսկ հետևանքը եղավ այն, որ համակարգում առաջացավ մեծ խառնաշփոթ: Մաքսային ծառայողներից շատերը մինչ օրս չեն կողմնորոշվում՝ ինչպես ղեկավարվել՝ հեղափոխական կոչ-հանձնարարականո՞վ, թե՞ օրենսդրությամբ: Այդ դրվագով պայմանավորված՝ հետագա պրոցեսներից առաջինը պետության շահը տուժեց, շատ դեպքերում ոտնահարվեց օրենսդրությունը և գործող ընթացակարգեր։
Համակարգում այդպիսի անկումները վերականգնելը պահանջում է բավական երկար ժամանակ և մեծ ջանքեր։ Դա էր նաև պատճառը, որ վերջին մեկ տարում մենք բազմիցս ականատես ենք լինում տարբեր կոնֆլիկտային իրավիճակների, որոնք, հասկանալի չէ, ի վերջո, ինչո՞վ են ավարտվում՝ տնտեսվարողի վախո՞վ և մաքսավորի ոչ օրինական պահանջը կատարելո՞վ, թե՞ «կառուցողական» այլ ձևերով:
Բագրատաշենի մաքսակետում Թուրքիայից ներմուծվող ապրանքների հետ կապված միջադեպեր են լինում, թեկուզ միայն այն պատճառով, որ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքային խմբաքանակների նկատմամբ գործում է միայն արժեքային և քանակական սահմանափակումը, բայց օրենսդրորեն կանոնակարգված չէ պարբերականության գործոնը՝ տվյալ անձը մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում քանի՞ անգամ կարող է ներմուծել ապրանք՝ թույլատրելի խմբաքանակով կամ X արժեքի համապատասխան։
Եվ հետևաբար՝ բոլոր այն դեպքերում, երբ մաքսային ծառայողները կասկածում են, որ ներմուծվող խմբաքանակն առևտրային նպատակով է իրականացվում, ապա պահանջում են մաքսային ձևակերպում իրականացնել, սա էլ իր հերթին՝ դժգոհություն է առաջացնում, հաճախ՝ չարդարացված, և վերածվում է կոնֆլիկտի։ Ահա այսպիսի դեպքերն են, որ «ձեռքի ռեժիմով» են համակարգվում վերևից կամ անբարեխիղճ մաքսավորներին «այլ գործողությունների» շանս են տալիս։ Հիշենք Նորագավիթի մաքսատան աղմկահարույց միջադեպը, երբ ներմուծողի շահերի ներկայացուցիչը բարձրաձայնում էր կոռուպցիայի առկայության մասին, ինչին, սակայն, իրավական գնահատական այդպես էլ չտրվեց, պարզ չեղավ՝ ՊԵԿ-ում հարուցվե՞ց ծառայողական քննություն, թե՞ ոչ։ Այսպիսի միջադեպերը շատ են, և դրանք հաճախ զուգորդվում են մաքսային ծառայողների արժանապատվությունը նսեմացնելով և ստորացումներով:
Պետք չէ մոռանալ, որ նրանք ապահովում են երկրի սահմանային և տնտեսական անվտանգությունը և, վերջապես, կրում են սպայի ուսադիրներ, նրանց մեծ մասը բարեխիղճ և բարձր պրոֆեսիոնալներ են։
– Սրանք հետհեղափոխական ակցիաների շարքի՞ց են փաստորեն, որով գլխավոր մաքսավոր Շուշան Ներսիսյանն աչքի է ընկել մի քանի անգամ:
– Չէի ցանկանա քննարկել անձերին, սակայն համակարգում առկա բազմաթիվ խնդիրները հրատապ կանոնակարգման կարիք ունեն։ Եվ դրա համար կար բավարար ժամանակ, մինչդեռ պատասխանատու անձինք քայլեր անելու փոխարեն՝ հաճախ համակարգը կառավարում են, այսպես կոչված, «ռուչնոյ ռեժիմով»:
Մի քանի դեպքեր նշեմ. ԵՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն, ինչը թույլատրված չէ, երրորդ երկրներից ներմուծվող մինչև 200 եվրո արժեք ունեցող ապրանքների ստիպողաբար մաքսային ձևակերպումների դեպքերը, և այլն։ Չկանոնակարգված ընթացակարգերի հետևանքով տնտեսվարողները հաճախ բախվում են անհարկի սպասումների, և գոյանում են հերթեր։
- Եվ այստեղ կարող է նաև կոռուպցիոն դաշտ ստեղծվել, այո՞:
- Ակնհայտ է մեկ բան, որ ցանկացած չկանոնակարգված գործառույթ իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Կարծում եմ՝ մաքսային ոլորտում սպասարկման էական բարելավում չի նկատվում, դեռ ավելին՝ նկատելի են մաքսային վարչարարության վատթարացման միտումներ։
– ՊԵԿ-ի բողոքարկման հանձնաժողովի մասով ի՞նչ կասեիք: ՊԵԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ բողոքարկման հանձնաժողովը ստացել է շուրջ 760 դիմում- բողոքներ, որոնց 60 %-ը բավարարվել է, և սա վկայում է, որ ՊԵԿ-ի հանդեպ այսօր կա հանրային մեծ վստահություն, այո՞: Անցած տարի ՊԵԿ-ն ունեցել է շուրջ 290 դիմում, և ՊԵԿ նախագահն այս խոսուն թիվը մատուցում է՝ որպես մեծ առավելություն:
– Նախ՝ բողոքարկումների թվի աճը, իմ կարծիքով, միանշանակորեն չի կարող արտահայտել ՊԵԿ-ի նկատմամբ մեծացող հանրային վստահության մասին։ Կարելի էր նաև հակառակ պնդումն անել: Չէ՞ որ բողոքարկման նյութը շատ հաճախ բովանդակային առումով նույնն է տարբեր տնտեսվարողների մոտ: Օրինակ՝ ՀԴՄ-ների տուգանքների հետ կապված դեպքերը, հարկային հաշվետվությունների հետ կապված խնդիրները, և այլն:
ՊԵԿ-ն այս կրկնվող դեպքերից պետք է հետևություններ անի: Բողոքարկման հանձնաժողովն իր որոշումները պետք է դարձնի ավելի թափանցիկ, և դրանք հասու լինեն ինչպես՝ տնտեսվարողներին, այնպես էլ՝ ՊԵԿ համակարգի ստորաբաժանումներին:
Միայն այս դեպքում, իմ կարծիքով՝ հնարավոր կլիներ խուսափել բողոքարկումների գերակշիռ մասից, քանի որ ընդունված որոշումների նախադեպերը հասու կլինեին և տնտեսվարողներին, և ՊԵԿ համապատասխան աշխատակիցներին։
Սա ըստ էության կարելի է համեմատել դատական ոլորտի նախադեպային վճիռների հրապարակման պրակտիկայի հետ։
Եվս մեկ կարևոր հանգամանք՝ համոզիչ պիտի լինի նաև ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի անկախ լինելը, այդ մարմնի թափանցիկ աշխատանքը կարևոր է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար։ Սակայն բողոքարկման հանձնաժողովն ըստ էության գերատեսչական մարմին է և գործում է հենց ՊԵԿ-ի ներսում՝ անմիջականորեն ենթարկվելով ՊԵԿ նախագահին, սա լուրջ խնդիր է:
– Փորձենք առանձնացված գնահատել ՊԵԿ-ի վարչարարությունը նաև ներդրումների տեսանկյունից, նպաստավոր պայմաններ ստեղծվո՞ւմ են այս առումով:
– Որքան էլ իդեալական թվա ՊԵԿ-ի աշխատանքը (ինչից հեռու է իրականում), միևնույն է, այն ընդամենն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման կարող է լինել ներդրումների համար։ Հարկային քաղաքականության ոլորտում ամենակարևոր բաղադրիչները կանխատեսելիությունը և կայունությունն են համարվում, մինչդեռ մեր դեպքում այդ երաշխիքը չկա:
Վերջին փոփոխություններով պայմանավորված՝ ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունները դեռ միայն սկիզբն են, այն էլ՝ ընթացիկ փոփոխությունների, իսկ «պերմանենտ» փոփոխությունները վկայում են, որ ոչ տնտեսվարողները, ոչ էլ պոտենցիալ ներդրողը տեսանելի ապագայում կայունության և կանխատեսելիության սպասումներ չեն կարող փայփայել։
Գործարար աշխարհը պրագմատիկ է շատ, պատկերացրեք՝ ներդրողը պլանավորում է առնվազն 20 մլն դոլարի ներդումներ անել Հայաստանում՝ X ժամկետից հետո արդյունք ստանալու և զարգացնելու հաշվարկով, և հանկարծ ոլորտի վարչարարությունն ապահովող մարմնի ղեկավարից լսում է հայտարարություն՝ շարունակական փոփոխությունների մասին:
Եվ ի՞նչ պիտի անի գործարարը դրանից հետո, սպասի՞, թե՞ հետքայլ անի: Նրա համար կորչում է կանխատեսելիությունն այդ պահից սկսած, նա չգիտի՝ այսօրվա հարկային ռեժիմով ներդրումներից մի քանի տարի հետո իր ակնկալած եկամտի ի՞նչ ծավալը կարող է հետ ստանալ. հարկային վարչարարությունը կայուն միջավայր չի խոստանում:
- Ստացվում է՝ այլևս տեսանելի չէ՞ վարչապետ Փաշինյանի` տնտեսությունը զարգացնելու ծրագիրը, սպասել իմաստ չունի՞:
- Համենայն դեպս, առայժմ տեսանելի չեն որևէ լուրջ նախադրյալներ «թռիչքաձև հրաշքի» հավատալու համար: Եթե հիշում եք, անցյալ տարի մայիս ամսին վարչապետը հայտարարել էր, որ պետբյուջեն աճելու է թռիչքաձև…, բազմապատիկ…, սակայն բոլորս տեսանք, որ դա տեղի չունեցավ։ Տնտեսության որոշ սեգմենտներում, մասնավորապես՝ անշարժ գույքի շուկայում, ի հեճուկս թմբկահարվող աշխուժացմանը և գների աճին, փաստացի նկատվում են ստագնացիոն /ճահճացող/ պրոցեսներ:
– Նախկին իշխանությունը մեղադրվում էր պետական համակարգում իշխանական բուրգեր ձևավորելու մեջ ընկեր-բարեկամներով, սակայն հեղափոխությունից հետո բանկում աշխատող վարչապետի տիկնոջ մտերմուհին (հրապարակումների համաձայն) միանգամից հայտնվեց Մաքսային ոլորտի ամենաբարձր օղակում և մեկ ամիս անց ստացավ մաքսային ծառայողի գնդապետի կոչում: Սա ի՞նչ վերաբերմունք առաջացրեց համակարգի ներսում՝ հատկապես, որ վաստակածների կոչումներն ուշանում են անհարկի, և նորեկներով է թիմը համալրվում:
– Բնականաբար, դա չէր կարող դրական էմոցիաներ առաջացնել համակարգում։ Այս կարճ ժամանակում թույլ են տրվել Հարկային ծառայության մասին, Մաքսային ծառայության մասին ՀՀ օրենքների, Աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ աղաղակող խախտումներ, այդ թվում՝ աստիճանական կոչումներ շնորհելու հետ կապված, ինչը չափազանց բացասաբար է ազդում աշխատուժի բարոյահոգեբանական վիճակի, աշխատանքի հանդեպ մոտիվացիայի վրա։ Համակարգում վերջին շրջանում բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատանքից ազատումները ոչ միայն արժանապատվությունը ոտնահարող սադրանքներով են եղել, օրենքի կոպտագույն խախտումներով, այլև նոր նշանակումները՝ առանց մրցույթի անցկացման:
Ձեր նշած բուրգերի մասով՝ չգիտեմ, միայն կասեմ, որ բազմաթիվ ազատման դեպքերում միևնույն սցենարն է գործել՝ «դուք պետք է դիմում գրեք և ազատվեք, քանի որ մենք ուզում ենք աշխատել մեր թիմով»։
Այս մոտեցումը բուրգ ձևավորել չէ միայն, ես կանվանեի «կադրային ռասիզմի» դրսևորում։ Աշխատանքից ազատումների ամենաաղաղակող դրսևորումներն իբր կառուցվածքային փոփոխություններով փորձեցին հիմնավորել: Ընդ որում, այդ փոփոխությունները մեծ մասամբ ունեցել են ոչ թե օբյեկտիվ հիմնավորում, այլ հետապնդել են «անցանկալիներից» ազատվելու նպատակ։ Եվ այս դեպքում ամենաանպաշտպանը պետական ծառայողներն են դառնում, որոնց աստիճանական դիրքերով առաջխաղացումը մի օր ավարտվում է կամայական ազատումով, որովհետև նորանշանակ ղեկավարը որոշել է իր ճաշակով կառուցվածքային փոփոխություն անել:
Ցավալի է, որ այս երևույթը դառնում է համատարած գործելաոճ և մշտական սթրեսի մեջ է պահում հազարավոր պետական ծառայողների:
– Իսկ որքանո՞վ դիմակայեցին Ձեր ծառայակիցներն այդ ճնշումներին:
– Անձամբ ես դիմակայեցի, քանի որ հանգիստ էի, վստահ էի, որ մասնագետ եմ, վերջապես Մայր բուհում Մաքսային վարչարարություն առարկայի հիմնադիրն եմ եղել: Բայց իմ ազատման հրամանն էլ եկավ՝ հիմնավորվեց ստանդարտ դարձած կառուցվածքային փոփոխության «անհրաժեշտությունով», և վերջ…
Ես իմ իրավունքների պաշտպանության համար դատարան եմ դիմել, նույնը խորհուրդ կտայի ՊԵԿ համակարգի իմ կոլեգաներին և ընդհանրապես պետական համակարգի ծառայողներին, որոնց իրավունքները «դուխով» խախտվել են, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր խախտված իրավունքները՝ օրենքով սահմանված կարգով:
Սյուզի Բադոյան