Բանակցությունների գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի համար չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խաղաղությանը նպաստող միջավայրը։ Այս մասին Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպման մանրամասներին։
«Մենք քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ. դրանք կառուցված են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը։ Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում, երբ մենք ունեինք շփման գծում լարվածության որոշ աճ և, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանդիպման վրա։ Բնականաբար, բավականին մեծ տեղ հատկացրեցինք այդ իրողությանը և քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի իրավիճակի լարվածությունը նվազեցնենք և խուսափենք որևէ լրացուցիչ զարգացումից, որոնք էլ ավելի կսրեն իրավիճակը»,- ասաց Մնացականյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ կան մի քանի նախաձեռնություններ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ևս առաջ են բերվել. դրանք կբերեն մի իրավիճակի, որը կնպաստի խաղաղ գործընթացին։
«Խաղաղությանը նպաստող միջավայրը մեզ համար չափազանց կարևոր գերակա խնդիրներից մեկն է։ Այդ միջավայրն իր մեջ պարունակում է երկու կարևոր բաղադրիչ, որից մեկը վերաբերում է մարդկային շփումներին, հռետորաբանության նվազեցմանը և այնպիսի մի միջավայրին, որտեղ ատելության մթնոլորտը զարգացում չի ստանա, այլ հակառակը։ Դրա մյուս բաղադրիչն այն է, որ պետք է շարունակենք աշխատել էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Սա մի համակարգ է, որն իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ։ Մենք ունեինք իրավիճակ , որը պահպանվում էր Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա և սա մնում է գերակա խնդիր մեզ համար»,- ընդգծեց ԱԳ նախարարը։
Մնացականյանը շեշտեց, որ բանակցությունների գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում, չի լինելու իրավիճակ, երբ բանակցությունները կարող են ընթանալ սպառնալիքի, վտանգի լույսի ներքո։
«Մյուս բաղադրիչը, որը նույնպես կարևոր է, Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցն է, որովհետև Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա և ուժեղացնի սեփականության զգացումը բանակցային գործընթացի մեջ։ Սա նույնպես օրակարգային հարց է»,- եզրափակեց Մնացականյանը։