Մեկնե՞լ այս ամիսներին Վրաստան հանգստի, թե՞ ոչ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ ռուսական ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների՝ այժմ Վրաստանում է գտնվում զբոսաշրջային գործակալությունների միջոցով ՌԴ-ից մեկնած 5-7 հազար զբոսաշրջիկ։ Ինքնուրույն մեկնած քաղաքացիների թիվը երկու-երեք անգամ ավելի է։
168.am-ը «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հ/կ նախագահ Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս արգելքներով պայմանավորված՝ դեպի Վրաստան մեկնող տուրիստների հոսքը կարող է Հայաստանը նախընտրել՝ որպես այլընտրանք, և վերջինով պայմանավորված՝ հնարավո՞ր է՝ մեզ մոտ տուրիստների կեղծ աճ գրանցվի այս ամիսների ընթացքում։
Մ. Ապրեսյանը նկատեց, որ բոլոր զբոսաշրջիկներին միշտ սպասում են՝ անկախ իրավիճակից, անկախ թռիչքների արգելքներից, իսկ տուրիստների աճի մասին դիտարկումն էլ հնարավոր համարեց. «Տուրիստների աճի մասին դեռևս չենք կարող փաստել. ժամանակը կգա, վիճակագրական տվյալները կհրապարակվեն, կամփոփվեն, կտեսնենք պատկերն ու կվերլուծենք։
Նման բան հնարավոր է, եթե լինի չվերթերի արգելք, և այլընտրանքներից մեկը լինի Հայաստանը։ Վերջինի հետ կապված՝ հնարավոր է այցելությունների ավելացում, բայց ես չէի ուզենա, որ մեր աճը նման դեպքերով պայմանավորված լինի, հույսներս դնեինք նման դեպքերի վրա, և չենք էլ դնում. միևնույն է, մեզ մոտ դինամիկան դրական է այս ասպարեզում։ Կարծում եմ՝ մեր քայլն էստեղ պետք է լինի այն, որ շարունակենք պահել որակը և բարելավել ծառայությունների մատուցումը»։
Մեր հարցին, թե վտանգավոր չէ՞ հայերի համար այս ամիսներին Վրաստանը դիտարկել՝ որպես ամառային հանգիստ անցկացնելու ուղղություն, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հ/կ նախագահը պատախանեց. «Սովորաբար ԱԳՆ-ն է հանդես գալիս հայտարարություններով, եթե տեսնում են նման խնդիր որևէ ուղղության վրա, խորհուրդ են տալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում մեկնել (համաշխարհային պրակտիկա է), բայց նման բան կարծեք թե չկա, և բոլորն էլ իրազեկ են, տեսնում են՝ ինչ է կատարվում, իրենք կարող են որոշել՝ մեկնել կամ չմեկնել» ։
Զարուհի Դիլանյան