Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ՝ «Ուպրավլենի»-ի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջնային պատի կտրած վերք ախտորոշմամբ  բուժօգնության է տեղափոխել տղամարդ՝ ծնված 1995 թվականին: Վերջինս հայտարարել է, որ «Ուպրավլենի»- ի մոտ իրեն դանակահարել են:

Նույն օրը՝ ժամը 13:15-ին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին նույն ԲԿ-ից ստացվել է մեկ հաղորդում ևս այն մասին, որ շտապօգնության խումբը «Ուպրավլենի»-ի մոտակայքից բուժօգնության է տեղափոխել 1963թ. ծնված տղամարդու՝  ձախ թուլակողմի շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Ընդունարանում շտապօգնության բժիշկը հայտարարել է, որ հիվանդը վնասվածքն ստացել է «Ուպրավլենի»-ի մոտ դանակահարության արդյունքում: Տղամարդը ստացած վնասվածքից, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անձ տուժող է ճանաչվել:

Որոշում է կայացվել քննչական խումբ կազմելու վերաբերյալ՝ հաշվի առնելով քրեական գործի բարդությունը, կատարվելիք անհետաձգելի քննչական գործողությունների մեծածավալ լինելը:

Նախնական տվյալներով` 1963թ. ծնված տղամարդը, ով Երևան քաղաքի բնակիչ է, տաքսու վարորդ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է վիճաբնության ժամանակ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ գտնվող, դանակով նախ դիտավորությամբ հարվածել է 55-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդին:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ զննության է ենթարկվել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարանի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են արնանման և կտրած-ծակած վնասվածքներին բնորոշ հետքեր:

Պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր և առարկաներ: Հայտնաբերվել և օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը և հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության: Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 և 1989 թթ.:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս