Բաժիններ՝

Հունաստան-Հայաստան. հայկական համառությունը՝ ընդդեմ հունական ոգու

Լիխտենշտեյնի հավաքականին խոշոր հաշվով հաղթելուց հետո, Հայաստանի ազգային ընտրանուն սպասվում է ավելի լուրջ փորձություն արդեն Աթենքում: Իտալիային պարտվելուց հետո Հունաստանին հաղթանակ է պետք, սակայն այդ հաղթանակն ավելի քան պետք է նաև Հայաստանին:

Հունաստան

Հուաստանը չի հաղթում արդեն երեք խաղ անընդմեջ: Թիմը ոչ-ոքի է խաղացել Բոսնիայի հետ (2:2), պարտվել է Իտալիային (0:3) և Թուրքիային (1:2)՝ արդեն ընկերական խաղում: Նախընտրական փուլում Հունաստանը վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Սեփական հարկի տակ Հունաստանը չի հաղթում արդեն 2 խաղ անընդմեջ:

Փորձառու պաշտպան Վասիլիս Տորոսիդիսը, ում ակտիվում կա 100 խաղ և 10 գոլ, չի հայտնվի դաշտում, քանի որ դուրս է մնացել թիմի հայտացուցակից: Թիմին չի օգնի նաև հավաքականի կազմում 17 գոլ խփած Կոստաս Միտրոլգուն:

Կարդացեք նաև

Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսը նշում է, որ իր թիմը պետք է պարտադիր երեք միավոր վաստակի: Մարզչի խոսքով՝ Հայաստանի հետ հույները խաղալու են հենց հունական ոգով, որը բացակայում էր Իտալիայի հետ խաղում:

Հայաստան

Հայաստանի հավաքականը ոչ այնքան հաջող սկսեց պայքարն ընտրական փուլում, բայց վստահ խաղ անցկացրեց Լիխտենշտեյնի հետ և հույսեր արթնացրեց երկրպագուների մոտ:  Բոսնիայի և Հերցեգովինայի (1:2) և Ֆինլանդիայի ազգային հավաքականներից (0:2) կրած պարտություններից հետո պետք է լրացնել  միավորները:

Ազգային լիգայի D խմբում Հայաստանը  չկարողացավ հաղթել, չնայած նրան, որ ազգային ընտրանին շատ լավ հնարավորություններ ուներ: Բայց, ցավոք, Հյուսիսային Մակեդոնիայից (0:2) և Ջիբրալթարից (0:1) կրած պարտությունները թույլ տվեցին հավաքականին լինել միայն երկրորդ տեղում:

Խաղից առաջ իր մտքերով է կիսվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

«Թե՛ հաղթած խաղը և թե՛ պարտված խաղը պետք է շուտ մոռանալ և պատրաստվել հաջորդ խաղին: Ինձ թվում է՝ նոր խաղ է լինելու, մեծ տրամադրվածությամբ պետք է մոտենանք այս խաղին, որ կարողանանք լավ արդյունք գրանցել:

Երբ խաղում ես մի թիմի հետ, հատկապես՝ ուժեղ հավաքականի հետ, վերլուծում ես ուժեղ և թույլ կողմերը: Բայց մենք ավելի շատ կենտրոնանալու ենք մեր խաղի վրա: Իհարկե, որոշ գործոններ հաշվի կառնենք: Ամեն ինչ անելու ենք, ամեն ինչ հաշվի ենք առնելու, որ հասնենք լավ արդյունքի:

Մենք ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունենք: Մենք հագնում ենք հավաքականի շապիկը և պետք է կարողանանք մեր նվիրվածությամբ, աշխատանքով, մեր մարդկային ու ֆուտբոլային որակներով բարձր պահել հավաքականի պատիվը: Ամեն խաղին»:

Խաղի հայտացուցակից այս անգամ դուրս է մնացել Էրիկ Վարդանյանը: Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ ըստ բժիշկների՝ Էրիկը տաքություն ունի և չի կարող մասնակցել խաղին:

Հիշեցնենք, որ խաղը տեղի ունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս