Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը
Amazon-ը դարձել աշխարհի ամենաթանկ բրենդը՝ առաջին հորիզոնականից հետ մղելով անցյալ տարվա առաջատար Google-ին: Դա ցույց է տվել BrandZ Top 100 Most Valuable Global Brands հերթական ռենքինգը:
Amazon-ի արժեքը, որը վերջին տարիներին վերածվել է «բրենդ-էկոհամակարգի» եւ ընդլայնվել շուկայի նոր սեգմենտներում, մեկ տարում աճել է մեկուկես անգամ՝ մինչեւ 315 միլիարդ դոլար: 2018 թվականին Amazon-ը ցուցակում երրորդն էր: Ռենքինգում երկրորդ հորիզոնականն այս տարի կրկին զբաղեցրել է Apple-ը (309,5 միլիարդ դոլար), իսկ ահա Google-ն իջել է երրորդ հորիզոնական (309 միլիարդ դոլար):
Այնուհետեւ գալիս են Microsoft-ը, Visa-ն, Facebook-ը, Alibaba-ն: Ընդամենն այս տարվա ռենքինգում կա Չինաստանի 15 ընկերություն, 2019 թվականին ցուցակ են մտել Didi Chuxing տաքսու կանչի ծառայությունը եւ հեռախոսներ արտադրող Xiaomi-ն: BrandZ Top 100 Most Valuable Global Brands 2018 ռենքինգը կազմում է Kantar Millward Brown գործակալությունը՝ աշխարհի խոշորագույն գովազդային ընկերության՝ WPP-ի պատվերով:
Ցուցակը կազմելիս հաշվի են առնվում ֆինանսական ցուցանիշները եւ սպառողների արձագանքները: Brandz Top 100 աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը կազմվում է ամեն տարի՝ սկսած 2006 թվականից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: