«Կեղծ հայտարարություններով Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են համատեղ զորք տեղակայել սահմանի ողջ երկայնքով». Փորձագետ

Ադրբեջանը և Թուրքիան բազմիցս Հայաստանին մեղադրել են Քրդստանի բանվորական կուսակցության ձեռքով Իգդիրում և Նախիջևանում իրավիճակը սրելու համար։ Երկու երկրների այս մեղադրանքներին, սակայն, Հայաստանից որևէ պատասխան չի տրվել։

168.am-ի հետ զրույցում քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ Թուրքիան Քրդստանի բանվորական կուսակցությանը ճանաչում է՝ որպես ահաբեկչական կառույց։ Եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները ևս այդ կուսակցությանը դիտարկում են՝ որպես ահաբեկչական կառույց։

«Այս դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն այն է, որպեսզի Հայաստանի հետ սահմանային տարածքներում այս կամ այն դեպքերը, որոնք տեղի են ունենում Քրդստանի բանվորական կուսակցության միջոցով, կապեն Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանի հետ սահմանին տեղակայվելիք զորքի արդարացումը լինի։

Այսինքն՝ սրանով նրանք փորձում են արդարացնել իրենց այն մտադրությունը, որը փորձում են իրականություն դարձնել վերջին շրջանում։ Այն է՝ համատեղ զորքի կուտակում թե՛ Նախիջևանի , թե՛ ՀՀ սահմանային տարածքում»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ այդքան էլ իրատեսական չէ, որ Թուրքիային և Ադրբեջանին կհաջողվի զորք կուտակել հայ-թուրքական սահմանի մոտ, քանի որ այդ հատվածը հսկում են ռուս սահմանապահները։ Նույնը, սակայն, ըստ նրա՝ չի կարելի ասել Նախիջևանի հատվածի վերաբերյալ, քանի որ երկու երկրների բուն նպատակը հենց այն է, որ այդ հատվածում զորք տեղակայեն։

«Իրենց այդ բաղձալի երազանքն իրականություն դարձնելու պատճառով էլ լուրեր են շրջանառում, թե Հայաստանը Քրդստանի բանվորական կուսակցության ձեռքով իրավիճակն ապակայունացնում է Իգդիրում և Նախիջևանում»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի հերքում այդ հայտարարությունը և դրան հակազդում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ այն վտանգավոր հայտարարություն է Հայաստանի համար, ուստի անհրաժեշտ է, որպեսզի Արտգործնախարարության մակարդակով այդ լուրը հերքվի, չնայած՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այդ հայտարարությունը ոչ պաշտոնական շրջանառվում է տվյալ երկրների մամուլում։

«Պետք է հերքել, որ Հայաստանն ընդհանրապես առնչություն չունի Քրդստանի բանվորական կուսակցության և Թուրքիայում տեղի ունեցող ռազմական բախումների ու պայթյունների հետ։ Կարծում եմ՝ մենք այստեղ շատ մեծ բացթողում ունենք, որից էլ օգտվում  են Թուրքիայի և Ադրբեջանի մեդիադաշտերը»,- շեշտեց Կարեն Հովհաննիսյանը։

Հարցին՝ եթե արձագանք չլինի Հայաստանի կողմից, սադրանքների դեպքում հնարավո՞ր է՝ Թուրքիան և Ադրբեջանը պատասխանատվությունը թողնեն Հայաստանի վրա,  Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրատեսական չէ, որ այդ հայտարարությունները կարող են պատճառ լինել, որպեսզի Նախիջևանի հատվածում որևէ ռազմական գործողություն տեղի ունենա։

«Պարզապես սա լինելու է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորքի տեղակայում սահմանի ողջ երկայնքով»,- եզրափակեց փորձագետը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս