ԲԴԽ առաջիկա նիստում Վճռաբեկ դատարանի դատավորներն անհարմար դրության մեջ կդնեն Արտակ Զեյնալյանին
2019 թվականի մայիսի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ ) նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդության հիման վրա պետք է քննվեր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որի քննությունը ԲԴԽ-ն հետաձգեց և նշանակեց 2019 թվականի հունիսի 6-ին, ժամը 12:00-ին, ապա, ևս մեկ անգամ հետաձգելով՝ նույն օրը, ժամը 15:00-ին:
168.am-ի տեղեկություններով` դատավորները գտնում են, որ Արտակ Զեյնալյանի միջնորդությունն անհիմն է, այն հակասում է միջազգային իրավական ակտերի և ՀՀ ներպետական օրենսդրության բազմաթիվ դրույթներին և տեղավորվում է վերջին շրջանում խիստ արդիական՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանը ճնշելուն ուղղված գործողությունների տրամաբանության մեջ:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ Վճռաբեկ դատարանի դատավորները բազմաթիվ հարցեր և ելույթներ են պատրաստել, որոնք պարզապես անհարմար դրության մեջ են դնելու Արտակ Զեյնալյանին:
Հիշեցնենք, որ չնայած դատավորները մայիսի 13-ին ներկայացել էին https://168.am/2019/05/13/1121445.html ԲԴԽ, սակայն նշված նիստը չկայացավ։ Լրագրողներին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը տեղեկացրել էր, որ նիստ չկա, եթե նիստի օր նշանակված լինի, ապա դրա մասին ԲԴԽ-ից տեղյակ կպահեն։
Իսկ դատավորներն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ նիստի օրը նշանակված է եղել այդ օրը՝ մայիսի 13-ին, սակայն այն հետաձգվել է:
«Պատճառների մասին ոչինչ չենք կարող ասել, ԲԴԽ-ից ճշտեք, մենք չգիտենք, թե հաջորդ նիստը երբ է կայանալու, այլ բան ասելու իրավունք չունենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց դատավորներից մեկը։
Տպավորությունն այնպիսին էր, որ նիստի հետաձգվելու պատճառը լրատվամիջոցների ներկայությունն էր, որոնք ԲԴԽ էին գնացել նիստը լուսաբանելու, քանի որ, երբ դատավորները դուրս էին գալիս ԲԴԽ շենքից, զարմացած հարցնում էին՝ իսկ ո՞ւր են լրագրողները։