Բաժիններ՝

«Այս ամենն անարդյունավետ էր, որի արդյունքում ստացանք կեղծ պատկեր». Կրթության փորձագետը՝ միասնական քննության արդյունքների մասին

Դեռևս փետրվարին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարեց, որ 9-րդ դասարանցիները «Հայոց լեզու» առարկայից կհանձնեն միասնական քննություն՝ ձևավորված քննական կենտրոններում, այլ ոչ թե իրենց դպրոցներում։

Միասնական քննությունը կայացել էր մայիսի 26-ին, իսկ հունիսի 2-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակեց քննության արդյունքները, ըստ որի՝ 31.021 աշակերտից 1686-ը կամ 5,4 տոկոսը ստացել են անբավարար, իսկ 152-ը ստացել են 19-20 միավոր։

168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադառնալով միասնական քննության արդյունքներին, նկատեց՝ դեռ սկզբից էլ դեմ է եղել միասնական քննության անցկացմանը, քանի որ հայտարարվել էր, որ նման քննությունը դպրոցների աշխատանքի որակը չափելու ձև է։

«Ակնհայտ է, որ ավարտական քննություններով դպրոցների աշխատանքի որակը չափելու համար չի տալիս իրական պատկերը։ Մենք տեսանք, որ այս ընթացքում աշակերտների մեծ մասը պարապում էր։ Մենք այսօր տեսնում ենք նաև բարձր արդյունքներ, քննությունից կտրվել է միայն 1686 հոգի, իհարկե, նախորդ տարվա համեմատ՝ սա բարձր է։ Բայց եկեք հաշվի առնենք և սա համեմատենք Գնահատման և թեստավորման կողմից անցկացված միջանկյալ ստուգումների հետ։ Եթե հաշվի առնենք, որ բավականին մեծ թվով աշակերտներ այս անգամ պարապել էին, իսկ նախկինում չէին պարապել, ստացվում է այնպես, որ այս քննության արդյունքներն ավելի բարձր էին, քան ԳԹԿ-ից հայոց լեզվից անցկացրած ընթացիկ ստուգումը։ Հետևաբար, ստացվում է, որ մենք պատկերը չենք ստանում»,- ասաց Ս. Խաչատրյանը։

Նրա խոսքով, որպես կրթության մասնագետ, եթե ասի, որ 30 հազարից ավելի աշակերտից 1686-ն է ստացել անբավարար, ուստի արդյունքը լավ է, ինչը նշանակում է, որ կրթության ոլորտում որակը բարձր է, և պետք չէ բողոքել դպրոցներից։

«Այսինքն՝ կստացվի, որ յուրաքանչյուր դպրոցում կա ընդամենը մեկ 9-րդ դասարանցի, ով չի կարողանում դրական ստանալ։ Եթե գաղափարը պրոյեկտենք ռեալ դասարանի վրա, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր դասարանում ոչ թե մեկ, այլ մեկ տասնյակին մոտեցող աշակերտներ կան, որոնք շատ վատ են սովորում, և եթե նրանք այսօր բարձր են ստացել, չի նշանակում, որ սա արտացոլում է իրական պատկերը»,- շեշտեց Սերոբ Խաչատրյանը։

Նա նաև հավելեց, որ այդ ամենն իրականացնելու համար ծախսվել են ռեսուրսներ, ժամանակ, ինչը ցավալի է։

«Ինքս այս ամենը փոփոխություն չէի համարի, այլ միջոցառում, որը ոչինչ չտվեց։ Կարծում եմ՝ այս ամենն անարդյունավետ էր, որի արդյունքում մենք ստացանք կեղծ պատկեր»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս