ՄԻՊ-ը հեղափոխության օրերին ստացել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող շուրջ 500 ահազանգ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախորդ տարի հեղափոխության օրերին մարդու իրավունքների տեսանկյունից կարևոր է համարում «Իմ քայլը» շարժման հիմնարար բաղադրիչ հայտարարված բաց ձեռքերի սկզբունքը: Թաթոյանն, այնուամենայնիվ, ոստիկանության աշխատակիցների կողմից նկատել է խախտումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Թաթոյանն այս մասին խոսեց ԱԺ-ում՝ ներկայացնելով ՄԻՊ-ի գործունեության մասին հաղորդումը:
«2018 թ-ը նշանավորվեց մեր երկրի համար պատմական նշանակության իրադարձություններով, որոնք հանգեցրին հիմնարար փոփոխությունների պետության և հասարակության կյանքում: Նախադեպը չունեցող այս իրադարձությունները ակնհայտորեն բարձրացրին քաղաքացու վստահությունը հանրային իշխանության նկատմամբ, ինչն էլ փոխադարձաբար հանգեցրեց հանրային իշխանության հաշվետվողականության բարձրացման: Դեռ մարտի 31-ին, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց Իմ քայլը շարժումը Գյումրիից, իմ որոշմամբ սահմանվեց գործընթացի մշտական դիտարկում: Մարդու իրավունքների տեսանկյունից կարևոր էր, որ շարժման հիմնարար բաղադրիչ էր ի սկզբանե հայտարարված բաց ձեռքերի սկզբունքը: Երկշաբաթյա ժամկետում ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին ստացվեց հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող շուրջ 500 ահազանգ: Բազմաթիվ էին ոստիկանության կողմից թույլ տրվող խախտումները, որոնք առնչվում էին հավաքների մասնակիցների իրավունքներին և հատկապես նրանց ապօրինի ազատությունից զրկելուն»,-ներկայացրեց Թաթոյանը:
Նա նշեց, որ մասնավորապես հավաքների խաղաղ մասնակիցները զրկվում էին ազատությունից կամ պահվում էին սահմանված ժամկետից ավելի երկար՝ միայն ինքնությունը չներկայացնելու համար կամ նրա համար, որ որոշել էին օգտվել լռելու իրենց իրավունքից: ՄԻՊ-ը նկատել է նաև, որ մարդկանց ազատությունից զրկելու պահին պատճառները պարզաբանելու փոխարեն պարզապես հաճախ նշվել է, որ դա կարվի ոստիկանության բաժնում կամ բաժին տանելու ճանապարհին: Թաթոյանի խոսքով սակայն՝ հավաքների կազմակերպիչները ևս դիմում էին անկանխատեսելի գործողությունների, օրինակ` կարող էին հանկարծ հայտարարել նախապես չնշված որևէ փողոց փակելու մասին: Այնուամենայնիվ, նա հավաքների բնութագրիչ գիծը համարեց տարբերվող մարտավարությունը: