Արթուր Ջավադյանի երկարակեցության գաղտնիքը
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն արդեն 11 տարի պաշտոնավարում է: Նախկին իշխանությունների օրոք ներկայիս իշխանության ներկայացուցիչները պարբերաբար սուր քննադատություններ էին հնչեցնում ԿԲ-ի և դրա նախագահ Ա.Ջավադյանի հասցեին: Մինչդեռ իշխանափոխությունից հետո արդեն 1 տարուց ավելի է անցել, իսկ Ջավադյանի աշխատանքից դժգոհություններ այլևս չեն հնչում:
Ինչպե՞ս Ջավադյանը «լեզու գտավ սիրո և թավշի»՝ նոր իշխանությունների հետ: Երեկ ԱԺ-ում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԿԲ նախագահը հայտարարեց. «Ես լեզու գտնելու ընդհանրապես տրամադրություն և վարքագիծ չունեմ: Ինձ թվում է, ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ և պրոֆեսիոնալ, և ամենակարևորը՝ ԿԲ աշխատակիցները մեր արտաքին, կարևորագույն ռեզերվներն են, ու ի շնորհիվ ԿԲ թիմի՝ մենք ապահովել և կշարունակենք ապահովել գների և ֆինանսական կայունություն: Ու դա կարևորագույն գրավականն է: Ես խնդիր չունեմ և երբեք չեմ կառչել իմ աշխատատեղին»:
Ա.Ջավադյանը նկատեց, որ դեռևս մի տարի ժամկետ ունի մինչև պաշտոնավարման ավարտը և մտադիր է աշխատել:
Նախկինում ընդդիմադիրների քննադատության թիրախում էին նաև ԿԲ-ի աստղաբաշխական ծախսերը, սպասարկող ավտոմեքենաները, նույնիսկ հեռախոսները, որոնց վճարը նույնպես պետբյուջեի հաշվին էր կատարվում: Այսօր արդեն ԿԲ-ն ինքն է նախաձեռնել կրճատումներ: Ըստ ԿԲ նախագահի՝ այժմ ավտոպարկի կրճատման հաջորդ փուլն է ընթանում, ԿԲ-ն մոտ 10 ավտոբուսներ և միկրոավտոբուսներ է վաճառում: Ընդ որում, թե ինչո՞ւ նախկինում այդ կրճատումները չէին արվում, Ջավադյանը հստակ պատասխան չտվեց: «Ցանկացած տեղում կրճատելու տեղ կա, կարելի է աշխատակիցներին էլ կրճատել»,- ասաց նա:
Մեր հարցին՝ ղեկավար կազմին սպասարկող ավտոմեքենաները մնալո՞ւ են, Ա.Ջավադյանը պատասխանեց. «Խորհրդի անդամների մեքենաները մնալու են, բայց եթե ուշադիր լինենք, մի քանին օրից ներկայացնելու ենք ծախսերը և եկամուտները, դուք այնտեղ կտեսնեք, որ բավականին կրճատվել են այդ մասով մեր ծախսերը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը «168 Ժամի» հետ զրույցում դրվատանքով արտահայտվեց Ա.Ջավադյանի աշխատանքի վերաբերյալ:
Ըստ նրա՝ 2020թ. ավարտվում է Ա.Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, և նա այլևս իրավունք չունի առաջադրվելու:
«Առանձին խնդիրների շուրջ ես էլ, որպես լրագրող, միշտ բանավեճի մեջ ենք եղել Կենտրոնական բանկի հետ, դա ավելի շատ մասնագիտական բանավեճ է եղել՝ պե՞տք էր արդյոք դրամի արժեզրկումն արհեստական միջոցներով կանխել 2014թ. և այլն: Բայց մենք այսօր ունենք մի փաստ, որի հետ չենք կարող հաշվի չնստել՝ մեր բանկային համակարգը ներկայումս իր ամրությամբ ամենաամուր համակարգերից մեկն է: Իրոք, ոչ մի խաբված ավանդատու այսօր Հայաստանում չկա, մինչդեռ, եթե հետևեք լրատվությանը, կտեսնեք, թե այլ երկրներում ինչեր են կատարվում: Այսինքն՝ օբյեկտիվորեն պետք է գնահատվի իրավիճակը»,- ասաց Հ.Գևորգյանը:
Պատգամավորը վերհիշեց, որ նախկինում ինքը շատ է քննադատել Կենտրոնական բանկին՝ Դիլիջանում կենտրոնի կապակցությամբ, և նկատեց, որ հիմա էլ չի փոխել իր կարծիքը. «Այսպիսի հարցեր շատ կան, բայց եթե ընդհանուր գլոբալ մինուսներն ու պլյուսները բերենք, հավասարակշռենք, ապա այսօր մեր բանկային համակարգը շատ ամուր է: 2018 թ. ապրիլի 22, 23, 24, 25-ին՝ հեղափոխության օրերին, շատ լարված պահ է եղել հոգեբանորեն, բայց ԿԲ-ն կարողացավ այդ ամբողջ խնդիրները չեզոքացնել, ու դրանից հետո, ինչպես հիշում եք, դրամը սկսեց արժևորվել, ոչ թե արժեզրկվել:
Եվ հիմա էլ է արժևորում տեղի ունենում: ԿԲ-ն այս տարվա ընթացքում շուկայից միայն դոլար է հավաքել, որպեսզի դրամը շատ չարժևորվի: Այսինքն՝ ճնշում կա դրամի փոխարժեքի վրա դեպի արժևորում, ոչ թե արժեզրկում: Իսկ դա լավ է, խոսում է տնտեսությունում միայն լավ իրավիճակի մասին»:
Անդրադառնալով ԿԲ-ի ծախսերին՝ Հ.Գևորգյանը նշեց, որ 2019 թ. բյուջեով ԿԲ-ի ծախսերի բավականին զգալի նվազումներ են նախատեսված. «Այդ ծախսերի հարցը շատ միանշանակ չէ, քանի որ ԿԲ-ում բարձր աշխատավարձերն արդարացված են, այնտեղ լավ մասնագետներ են աշխատում, իսկ եթե լավ մասնագետին լավ չվճարես, նա այլ աշխատանքի կանցնի»:
Ամեն դեպքում, ըստ պատգամավորի, ԿԲ-ն թե՛ գործադիրից, թե՛ օրենսդիրից անկախ մարմին է, և իշխանությունը որևէ կերպ ուղղակիորեն այդ կառույցի վրա ազդել չի կարող:
Մեր դիտարկմանը, որ, եթե ազդեցություն չկա ԿԲ-ի վրա, ինչո՞ւ հանկարծ որոշեցին այս տարի գնալ ծախսերի նվազեցման, Հ. Գևորգյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ մեկը զանգել է ԿԲ նախագահին ու ասել՝ լսի, հա… Չգիտեմ, ընդհանուր վիճակն է Հայաստանում փոխվել և բյուջեի կատարողականից, որ շուտով կքննարկվի ԱԺ-ում, կտեսնեք, թե ինչպիսի մեծ խնայողություններ են եղել՝ շրջագայություններ և այլն: Երևի մարդիկ ոգևորվել են: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սպառնացել է»: