Բրիտանական խորհրդարանը Brexit-ի գործարքի շուրջ կքվեարկի հունիսի սկզբին
Բրիտանական խորհրդարանը Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ կքվեարկի հունիսի սկզբին: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը՝ ամփոփելով նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյի եւ ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդիպման արդյունքները:
Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 14-ի երեկոյան, դրա ընթացքում քննարկվել է Brexit-ի իրագործման հարցը: Ավելի վաղ վարչապետի դիվանատունը հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու գործարքը թագուհու կողմից պետք է հաստատվի մինչեւ հուլիսի վերջը: Մինչ այդ խորհրդարանը մի քանի անգամ մերժել է Մեյի կողմից առրաջարկվող համաձայնագիրը՝ պահանջելով վերանայել մոտեցումը Brexit-ի նկատմամբ:
«Վարչապետը եւ ընդդիմության առաջնորդը ցանկություն հայտնեցին… իրականացնել Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Մենք խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը կքննարկենք հունիսի երեքին սկսվող շաբաթվա ընթացքում: Դա պարտադիր է անել, որպեսզի Բրիտանիան Եվրամիությունից դուրս գա մինչեւ ամառային խորհրդարանական արձակուրդների սկսվելը (սկսվում են հուլիսի վերջին),- ասված է Մեյի ներկայացուցչի հայտարարության մեջ», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: