«Սահմանադրությունը, որը, շատերի համոզմամբ՝ կեղծված էր, շարունակում է գործել». Նարինե Դիլբարյան

«Վարչապետը որոշել էր համապատասխան քաղաքական տեխնոլոգիաներով ամփոփում կատարել։ Ասուլիսի ժամանակ հնչեցին բավականին խանդավառող փաստեր։ Դրանցից մեկն այն է, որ մենք ավելի երջանիկ ենք դարձել 13 կետով, չնայած, ինչպես նշեց վարչապետը՝ կառավարության դերակատարումն անուղղակի է: Ինձ տխրեցրեց այն, որ չտեսա համակարգային փոփոխությունների նախանշան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրած 100 փաստերի մասին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

«Հեղափոխության հիմնական նպատակը պետք է լիներ համակարգային փոփոխությունների կայացումը և անձնակենտրոն համակարգից անցումը դեպի համակարգային կառավարման համակարգ։ Սահմանադրությունը, որը, շատերի համոզմամբ՝ կեղծված էր, շարունակում է գործել, նույնը նաև Ընտրական օրենսգրքի դեպքում, որը, ճիշտ է՝ այս փուլում բերեց համեմատաբար ազատ ու արդար ընտրությունների կայացման, միևնույն է՝ ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովը չարտացոլեց ընտրողների մեծամասնության կարծիքը, որովհետև զգալի մասը չմասնակցեց ընտրություններին։ Չի փոխվում նաև «Կուսակցությունների մասին» օրենքը, որի պատճառով այսօր չունենք ձևավորված կուսակցություններ, անձնակենտրոն կղզյակներ են։ Չի փոխվում նաև Հարկային օրենսգիրքը, կետային ինչ-որ որոշումներ են կայացվում՝օգնել այս ձեռնարկությանը կամ ցեմենտ արտադրողներին։ Բայց չէ՞ որ վաղը կարող է փոփոխություն պետք գալ գաջ արտադրողներին։ Այսինքն՝ հսմակարգային փոփոխությունների, ծրագրերի մասին ավետիս չլսեցինք»,- հավելեց Նարինե Դիլբարյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը համոզված է՝ եթե համակարգը շարունակի լինել այսպիսին՝ անձնակենտրոն, իր կարծիքով, շատ արագ հանգեցնելու է այն հետևանքներին, ինչից անհանգստանում և իրավացիորեն վախենում է Նիկոլ Փաշինյանը։

«Երբ վարչապետին հարցրին՝ ինչո՞ւ չի ուզում ԱԱԾ-ի, Ոստիկանության և միայն իրեն ենթակա կառույցների հաշվետու լինելու աստիճանը բարձրացնել, նրանց նախարարության կարգավիճակ տալ, նա պատասխանեց, թե ի՞նչ է, ուզում եք, որ նոր Սերժ Սարգսյա՞ն ձևավորվի։ Բայց նշենք, որ մինչև ԱԱԾ նախարար դառնալը Սերժ Սարգսյանն արդեն ձևավորված էր, նա պարզապես ուժեղացրեց իր լծակներն ու ապահովեց կարիերային առաջընթաց։ Բայց մի համոզում ունեմ՝ եթե համակարգը շարունակի լինել այսպիսին՝ անձնակենտրոնությունը շատ արսգ հանգեցնելու է այն հետևանքներին, ինչից անհանգստանում և իրավացիորեն վախենում է Նիկոլ Փաշինյանը։ Պետք է հասկանալ, որ մեկ անձը չի կարող կտրել բոլոր թևերը, դրանք անձնակենտրոն համակարգի դեպքում աճում են։ Պետք է օրենքի շրջանակներում ներառել այդ թևերը»,- նշեց Նարինե Դիլբարյանը:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս