Հայաստանի և Իսպանիայի ԱԳ գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Երևանում մայիսի 7-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսպանականը՝ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելան (Fernando Valenzuela):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իսպանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և կարևորել Իսպանիայի կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը:
Իսպանական պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով հյուրերի խնդրանքով ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը և բանակցային գործընթացի ներկա փուլը:
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ շրջանակներում Իսպանիայի հետ համագործակցությանը: