ԱՄՆ-ն հակամարտությունների կարգավորման ճանապարհին բացառում է ուժի կիրառումը. Պետքարտուղարության պաշտոնյա

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը վերահաստատեց ԱՄՆ դիրքորոշումը, համաձայն որի հակամարտությունների կարգավորման հարցում պետք է բացառվի ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը:

Այս մասին Քենթը հայտնեց մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Տարածաշրջանային անվտանգության հետ կապված մեր հույսերն ու ակնկալիքներն այն են, որ բոլոր երկրներն անվտանգ ու խաղաղ գոյակցեն իրենց հարևանների հետ: Հենց այդ նպատակով էլ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ենք, և մենք աշխատում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ օգնելու գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում: Մենք, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ պետություն, որի կազմում են նաև Հարավային Կովկասի պետությունները, համաձայնել ենք այն սկզբունքների շուրջ, որ պետք է բացառվի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Նաև համաձայնել ենք տարածքային ամբողջականության և ժողովուրդների կողմից իրենց ապագան ինքնորոշելու սկզբունքների շուրջ»,- ասաց Քենթը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

Տեսանյութեր

Լրահոս