Հունիսին Արցախում անցկացվելու են Երևանի օրերը և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի երեկոն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, մաեստրո Տիգրան Մանսուրյանին։ Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը փոխանցել է քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի խոսքը, ինչին ի պատասխան Արցախի Հանրապետության նախագահը իր ջերմ ողջույններ է հղել Երևանի քաղաքապետին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսին նախատեսվող «Երևանի օրերը Արցախում» ծրագրի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկոյի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խոսելով «Երևանի օրերը Արցախում» ծրագրի մասին, նախագահ Բակո Սահակյանը կարևորել է ոչ միայն Երևանից Արցախ եկող, այլև տեղի խմբերի՝ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ելույթ ունենալու հնարավորությունը: Արդեն այս ամիս Արցախի թատրոնը հյուրախաղերով կլինի Երևանում՝ քաղաքապետարանի ենթակայության Մհեր Մկրտչյան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոններում:

«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում կանցկացվեն տարատեսակ մշակութային միջոցառումներ՝ համերգային և թատերական ներկայացումներից բացի կլինեն նաև մի շարք ցուցահանդեսներ:

Քննարկման ընթացքում հնչել է առաջարկ՝ «Երևանի օրերը Արցախում» և մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային ծրագրերը անցկացնել հունիսին։

Տեսանյութեր

Լրահոս