Բաժիններ՝

Ակցիայի մասնակից տաքսու վարորդները բացեցին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը

Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի՝ դեպի Աբովյան պուրակ բարձրացող հատվածը փակած տաքսու վարորդները բացել են փողոցը, և վերականգնվել է արդեն մի քանի ժամ կաթվածահար եղած երթևեկությունը: Բողոքի երթ կազմակերպած վարորդների հետ հանդիպելու էր եկել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նա նշեց, որ տաքսու կայանատեղ թույլ տալը միայն ճանապարհային ոստիկանության գործառույթը չէ: «Եթե դուք դիմում եք, ՃՈ-ն կարճ ժամանակում ուսումնասիրություն է կատարում, և եթե պարզվում է, որ երթևեկությունը չի խոչընդոտվի, ՃՈ-ն համապատասխան գրություն է ուղարկում քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետարանն ինքը թույլ տա: Քաղաքապետարանի համապատասխան թույլտվությունից հետո, բերվում են նշանները՝ կլինի կանգառ արգելող կամ կայանումն արգելող, կատարվում է տաքսու կայանատեղի գծանշում»,- ասաց նա:

ՃՈ պետը հավելեց, ակտերի մասով համապատասխան վարույթ կիրականացնեն, ամբողջը կուսումնասիրվի և խնդրին լուծում կտան: Նա հորդորեց դիմում գրել: «Վարույթ կիրականացվի, և եթե խնդիրը միայն ձեր ասած տեղի մասով է, ակտերը կբեկանվեն, իսկ եթե խոսքը հասարակական տրանսպորտի կանգառի մասին է, ակտերը չեն բեկանվի»,-նշեց Կարապետյանը, հավելելով, որ եթե քաղաքապետարանը թույլ տա, համապատասխան նշաններն ամենաուշը վաղն առավոտյան կտեղադրվեն:

Բանակցություններից հետո վարորդները բացեցին փողոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս