Պահպանողականներն ու լեյբորիստները պարտություն են կրում Անգլիայի տարածաշրջանային ընտրություններում. Sky News
Մեծ Բրիտանիայի երկու խոշորագույն կուսակցությունները՝ կառավարող Պահպանողականը եւ ընդդիմադիր Լեյբորիստականը, պարտություն են կրում մայիսի 2-ին Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այդ մասին վկայում են տրված ձայների հաշվման միջանկյալ արդյունքները, որոնք մայիսի 3-ին հրապարակել է Sky News հեռուստաալիքը:
Ըստ նրա տեղեկատվության, պահպանողականներն Անգլիայում կորցրել են հսկողությունը 18 տեղական խորհուրդների նկատմամբ՝ 2015 թվականի նախորդ ընտրությունների համեմատությամբ կորցնելով 380 մանդատ: Financial Times թերթի գնահատումների համաձայն, ընդամենը ձայների հաշվումից հետո վարչապետ Թերեզա Մեյի գլխավորած կուսակցությունը կարող է կորցնել մոտավորապես 750 մանդատ: Դրա հետ մեկտեղ Sky News-ը նշում է, որ թորիներին հաջողվել է խուսափել աղետալի պարտությունից:
Այս ընտրություններն անհաջող են դարձել նաեւ Լեյբորիստական կուսակցության համար, որը պահպանողականների հետ ապարդյուն բանակցություններ է վարում ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու թեմայի շուրջ: Ջերեմի Քորբինի ղեկավարած կուսակցությունը չի կարողացել պահպանել հսկողությունը տեղական երեք խորհրդի նկատմամբ՝ կորցնելով 81 մանդատ, թեեւ, ինչպես սպասվում էր, հենց լեյբորիստները պետք է առավել մեծ օգուտն ստանային պահպանողականների կողմից կորցված մանդատների վերաբաշխումից:
Ընտրությունների գծով բրիտանացի փորձագետ Ջոն Քուրտիսի կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ բնակչությունը դժգոհություն է հայտնել Brexit-ի շուրջ փակուղուց ելք գտնելու եւ ԵՄ-ի հետ «ապահարզանի» պայմանների վերաբերյալ համաձայնագիրը համաձայնեցնելու բրիտանական երկու առաջատար կուսակցությունների անկարողությունից:
Այս վերլուծությանը համաձայնել է նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, որը Twitter-ում միջանկյալ արդյունքը որակել է «ապտակ երկու հիմնական կուսակցություններին»:
Ներկա դրությամբ կայացած ընտրությունների ակնհայտ հաղթողներից մեկը դարձել է «Լիբերալ-դեմոկրատներ» կուսակցությունը, որը կարողացել է ավելի քան 300 լրացուցիչ մանդատ գրանցել իր հաշվին:
«Հնարավոր է՝ մենք գտնվում ենք լավագույն արդյունքի տանող ճանապարհին, որը մենք երբեւիցե ունեցել ենք վերջին առնվազն 15 տարվա ընթացքում»,-միջանկյալ արդյունքները մեկնաբանել է լիբերալ-դեմոկրատների ներկայացուցիչ Թոմ Բրեյքը: Բացի այդ, ընտրությունները հաջող են դարձել նաեւ ոչ մեծ կուսակցությունների համար, ներառյալ «կանաչների» կուսակցությունը եւ անկախ թեկնածուները, որոնք կարողացել են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանային մակարդակով:
Ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարվեն մայիսի 3-ի երեկոյան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: