Բաժիններ՝

Դավիթ Խաժակյանը հակադարձում է քաղաքապետի խոսնակին

Երեկ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել. «Քաղաքապետն ապրիլի 29-ին կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման բյուջեն 243 մլն դրամով, որից 236 մլն վճարել մեկ անձով ձեռք բերված աղբատար մեքենաների համար։ Մակնիշը չեմ նշում․ կարծում եմ՝ գուշակում եք։

Երկրորդ նկարում փակագծերի մեջ նշված է մանկապարտեզների շենքերից կրճատված գումարը, իսկ երկրորդում աղբատարների գնման վերաբերյալ տեղեկությունը»՝ գրառմանը կցելով երկու փաստաթղթերի լուսանկարները։

Gepostet von Դավիթ Խաժակյան am Donnerstag, 2. Mai 2019

Դավիթ Խաժակյանը բազմիցս անդրադարձել է մեկ անձից ձեռք բերված աղբատարների ապօրինի որոշմանը, անգամ հանդես եկել Կառավարության շենքի մոտ ասուլիսով։

Ապրիլի 18-ին իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր.

«Քաղաքապետը խոստացավ որ տենդերները չեն լինի նախապես որոշված հաղթողով: Դե ոնց որ ճիշտ ա ասել , տենդեր չկա, որ նախապես որոշված հաղթող լինի:

Իսկ եթե լուրջ, Hayk Marutyan էս ի՞նչ եք անում։ Ինչի՞ են ավագանու անդամները (Դավիթ ԽաժակյանԹեհմինա ՎարդանյանAni Khachatryan) ասում, որ կոպիտ ասած ում ուզում ինչ ուզում ումից ուզում՝ առնո՞ւմ եք։ Եթե պիտի ասեք ժամանակ չկա, քաղաքը աղբի մեջ ա, կարծում եմ՝ լավ պատասխան չի, ու ինձ թվում ա օրենքի խախտում ա:

Ավագանիներ ջան, չե՞ք կարա դատի տաք, եթե իրոք առանց մրցույթի սենց գնումներ են արել»։

168.am-ը Դավիթ Խաժակյանից փորձեց որոշ մանրամասներ ճշտել իր գրառման բովանդակության վերաբերյալ։

– Պարոն Խաժակյան, Ձեր նշած 243 միլիոն դրամ գումարն արդեն նախապես հաստատված այս տարվա բյուջեի՞ց է կրճատվել։

– Այո, իր իսկ կողմից պլանավորած բյուջեից։

– Իսկ այդ աղբատար մեքենաների համար նախապես բյուջե չի՞ եղել առանձնացված։ Ինչո՞ւ են հիմա գումար ավելացնում։

– Նկատի ունենալով, որ ավագանու կողմից բյուջեի վերջին վերաբաշխման ժամանակ արդեն իսկ հայտնի էր, որ գնումը պետք է տեղի ունենա, ենթադրում եմ, որ գումարները թողնվել են պահուստային ֆոնդում՝ հետագա վերաբաշխման նպատակով։

Քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով Ձեր գրառմանը, նշել է, որ գումարը վերցվել է նախակրթական հաստատությունների հիմնանորոգման համար նախատեսված հոդվածից, և որ, ըստ իրեն, հիմնանորոգումների տարեկան ծրագրով նախատեսված մանկապարտեզներից շուրջ 30-ը ֆինանսավորելու են միջազգային դոնորները, այսինքն, Երեւանի բյուջեից խնայվում են միջոցներ, որոնք տարվա վերջում դառնալու էին տնտեսում: Փոխարենը, դրանք արդեն այս պահին կծառայեն քաղաքին՝ աղբահանության կարևորագույն խնդիրը լուծելու համար։

– Դա հիմք չի կարող հանդիսանալ, անտեղյակ մարդը կարող է կարծել, որ 2019թ․-ի համար միջոցներ էին նախատեսվել, հետո այդ մասով ստացվել է միջազգային ֆինանսավորում ինչի հետևանքով հարկ չեն համարել մի քանի մանկապարտեզ ավել վերանորոգել։

Իրականությունը հետևյալն է. այդ ծրագիրը մեկնարկել է դեռևս 2017թ. և 2018 ու 2019 թվականների բյուջեներում, բնականաբար, հաշվի է առնվել, որ կա նման ծրագիր։ Ավելին. այս տարվա մարտի 22-ին ավագանու որոշումով այդ բյուջեն էլ ավելի է մեծացվել՝ հաշվի առնելով մանկապարտեզների շենքային պայմանների անմխիթար վիճակը։ Իսկ մայրաքաղաքում 160 մանկապարտեզ կա, որոնց մեծ մասը ունեն սարսափելի շենքային պայմաններ։ Փաստորեն, դրանից ընդամենը մեկ ամիս անց քաղաքապետը կրճատում է այդ մասով ծախսերը՝ հղում տալով 2017 թվականի մի ծրագրի, որի արդյունքները արդեն իսկ արտացոլված էին տարեկան բյուջեներում։

Հիշեցնենք, որ hraparak.am-ն արդեն իսկ անդրադարձել էր, որ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «զոռբայությամբ» հասավ իր ուզածին։ Նա, թքած ունենալով մամուլի բազմաթիվ հրապարակումների, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների բարձրաձայնած մտահոգությունների վրա, արեց այնպես, որ իր և իր ընկերոջ ջանքերով դասավորած 900 մլն դրամի 24 միավոր «ԿամԱԶ»-ի ապօրինի գնումը տեղի ունենա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս