«Պայմանագրեր կարող են լինել, եթե հարցի հետ կապված կա նոր իրավիճակ, կա՛մ վերջնական կարգավորում, կա՛մ այլ խնդիր». Դավիթ Բաբայանը՝ Հովհաննես Իգիթյանի առաջարկի մասին

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապրիլի 29-ին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածի վրա մոտ 40 րոպե տևած կրակոցներին, ասել էր, որ մոնիտորինգի մեխանիզմը, որը պետք է տարածվի Արցախի և Ադրբեջանի սահմանում, հավանաբար պետք է տարածվի նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

«Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների այս խախտման 2 հետևանք կարող է լինել։ Կարևորը՝ այդ մոնիտորինգի մեխանիզմը, որ նախատեսված է Արցախ-Ադրբեջան շփման գծի համար, երևի թե պետք է տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Դա լրիվ այլ ֆորմատ է, բայց պետք է մտածել։ Եվ երկրորդը՝ եթե Ադրբեջանն այդպիսի ոչ հուսալի գործընկեր է, չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ, որտեղ այդ պարտավորությունը պետք է հստակ նշվի՝ կողմերը բացառում են ոչ միայն՝ ռազմատենչ հայտարարությունները, այլև՝ ռազմական գործողությունները»,- նշել էր Հովհաննես Իգիթյանը։

Հ. Իգիթյանի այս հայտարարությանն արձագանքել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ, եթե այդ հայտարարությունն ինքնագործունեություն է և պարզապես անձնական կարծիք, ապա արագ պետք է սաստեն պատասխանատու պաշտոն զբաղեցնող իրենց պատգամավորին և սաղմում խեղդեն այդ անհեթեթ և լավ չհաշվարկված առաջարկությունը.

«Եթե այս հայտարարությունը պետական քաղաքականության մաս է, ապա ակնկալում եմ լրացուցիչ ու հստակ պարզաբանումներ առ այն.

1. Ի՞նչ է նշանակում զինադադարի մասին նոր փաստաթուղթ՝ այլ ձևաչափով: Հիշեցնեմ, որ 1994 թվականի զինադադարը եռակողմ է. Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը:

2. Զինադադարի ռեժիմի պահպանման և արդյունավետ վերահսկման համար ինչո՞ւ են պաշտոնական Երևանի զինանոցից անհետացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների պարտադիր կատարման մասին պահանջները:

3. Ո՞նց կարելի է հրապարակավ հարցականի տակ դնել գործող, միակ ու կարևորագույն այս փաստաթուղթը, եթե նորի մասին որևէ հստակություն դեռ չկա»:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նկատեց՝ գուցե հենց Հովհաննես Իգիթյանն էլ ասի, թե ի՞նչ պայմանագիր պետք է լինի։

«Խնդիրն այն է, որ շատ պայմանագրեր կարող են լինել 10-15 տարի հետո, մենք չգիտենք։ Պայմանագրեր սովորաբար կարող են լինել մի շարք դեպքերում, նախևառաջ, եթե հարցի հետ կապված կա նոր իրավիճակ, կամ վերջնական կարգավորում, կամ այլ խնդիր։ Այս պահին դժվար է կանխատեսել և ասել, թե ինչպիսի պայմանագրեր կարող են լինել կամ չլինել, քանի որ սա ապագայի խնդիր է, այն էլ՝ շատ անկանխատեսելի»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին՝ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ այդ պայմանավորվածություններից որևէ կողմ չի հրաժարվել, դա փաստաթուղթ է, որը գոյություն ունի։

«Չեմ կարծում, որ այդ պայմանավորվածություններն օրակարգից հանված են, քանի որ դրանք, իրոք, կարևոր են, որոնց իրականացումն իր դրական ազդեցությունը կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանության հարցում։ Ժամանակի խնդիր է, հասկանալի է, որ մենք այն ժամանակ էլ ենք ասել, որ Ադրբեջանը նույնիսկ ստորագրելով այդ ամենը, ամեն ինչ անելու է, որպեսզի խուսափի պայմանագրերի իրականացումից։ Կարծում եմ՝ մենք միշտ այդ ամենի մասին պետք է հիշեցնենք, քանի որ այդ պայմանավորվածություններից որևէ մեկը չի հրաժարվել, դրանք օրակարգի մեջ են»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս