Զինվորական հանցագործությունների դեպքերով արդարացման դատավճիռ չի կայացվել
2009-2010թթ. զինվորական հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերից ոչ մեկով արդարացման դատավճիռ չի կայացվել: Միայն չորս ամբաստանյալների նկատմամբ դատարանի կողմից կայացվել են քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական վարույթը կարճելու դատավճիռներ, ընդ որում` մեղադրանքից հրաժարվել է մեղադրողը: Մյուս բոլոր դեպքերում կայացվել են մեղադրական դատավճիռներ: Այդ մասին նշված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից օրերս ներկայացված` «Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունքներ» զեկույցում:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ, դիտարկումների արդյունքների համաձայն, զինծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններից ամենատարածվածներն են զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունները խախտելը` նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, իշխանության չարաշահումը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, ինչպես նաեւ անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը:
Զինծառայողների կողմից ընդհանուր բնույթի հանցագործությունների կատարման դեպքում եւս առկա են որոշակի օրինաչափություններ. գերակշռում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Դրանց հաջորդում են հասարակական կարգի եւ բարոյականության, ինչպես նաեւ կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործությունները:
Նշենք, որ դիտարկված 181 գործերում ներգրավված են եղել 290 ամբաստանյալներ:
Գործերի 50%-ում ամբաստանյալներն եղել են շարքայիններ, 10%-ում` կրտսեր սերժանտներ, 6% -ում` ավագ լեյտենանտներ: Նվազագույն թիվ են կազմում այն գործերը, որոնցով ամբաստանյալներն ունեցել են փոխգնդապետի կամ ավագ ենթասպայի զինվորական կոչումներ:
Ի դեպ` դիտարկումների արդյունքները փաստում են, որ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից կատարված հանցագործությունները հիմնականում տեղի են ունենում ծառայության վերջին ամիսներին:
Զեկույցի հեղինակները դատական իշխանությանը, մասնավորապես, առաջարկում են բացառել դատարանում չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքների հիման վրա դատավճռի կայացումը, զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կողմից առանց պաշտպանի տրված ցուցմունքների օգտագործումը: Նաեւ առաջարկվում է վարքագծի եւ էթիկայի կանոնները խախտող դատավորների նկատմամբ ձեռնարկել պատասխանատվության արդյունավետ միջոցներ, ապահովել ներկայացրած միջնորդությունների մերժումների պատշաճ պատճառաբանվածությունը, ինչպես նաեւ` կասկածյալի եւ մեղադրյալի լռելու իրավունքի իրացումը, պաշտպանի ներգրավումը գործով վարույթի ամենավաղ փուլերից: