Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել: Այս մասին ասված է Փայլանի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին քաղաքագետներ, գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժներ, գիտնականներ, բանասերներ և այլ բազմաթիվ հայ մտավորականներ: Նրանք նաև աքսորվեցին Այաշ ու Չանղրը, ապա մեծ մասը սպանվեցին:Թեև 1915 թ. կորուստները հնարավոր չէ վերադարձնել, սակայն միասնաբար ապրելու տեսակետից արժեքավոր է հասարակության հիշողության ներսում ստեղծված ցավերը ընդունելն ու իրար առողջացնելու ուղղությամբ աշխատելը:
Խորհրդարանը պետք է վերականգնի իրավունքները ու պետք է ապրեցնի հիշատակն այն մտավորականների, որոնք աշխատում էին հանուն օսմանյան և հայ ժողովուրդների լուսավորության, ոտքի էին կանգնեցնում կրթական հաստատությունները, գրում էին, արտադրում, մտածում և որոնք սակայն սպանվեցին այս հողի վրա:1915 թ. ապրիլի 24-ը ողջ աշխարհի կողմից ընդունված է որպես Հայոց ցեղասպանության մեկնարկի օր:
Հայոց ցեղասպանությունը եղել է աշխարհի տասնյակ խորհրդարանների քննարկման առարկա, սակայն երբեք չի քննարկվել Թուրքիայի խորհրդարանի ներսում: Մինչդեռ, խորհրդարանը, որտեղ պետք է խոսվի մեծ աղետի մասին, հենց այն երկրի խորհրդարանն է, որտեղ պատահել է աղետը: Այսինքն` Թուրքիայի խորհրդարանը:
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը 104 տարի արդարության վերականգնում է պահանջում: Արդարությունը կարելի է վերականգնել միայն թուրք ժողովրդի խղճի մեջ ու Թուրքիայի խորհրդարանի ներսում: Խորհրդարանը, որ պետք է քննարկի հայ ժողովրդին պատուհասած աղետը, նախ պետք է լինի Թուրքիայի խորհրդարանը: Այս ուղղությամբ պահանջում ենք անցկացնել խորհրդարանական քննություն»,- ասված է հայտարարությունում: