«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել լյարդի փոխպատվաստում. Աղջկանից փոխպատվաստվել է մորը». Արսեն Թորոսյան
Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում մինչև օրակարգի հաստատումը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել լյարդի փոխպատվաստում՝ կենդանի դոնորից ռեցիպիենտին։
«Սա այնքան մեծ բժշկագիտական իրադարձություն էր, որ անպայման ուզում էի ասել։ Աղջկանից փոխպատվաստվել է մորը, այսինքն՝ մի հատված տրվել է այն մարդուն, ում լյարդը չի աշխատում։ Վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» բշժկական կենտրոնում, մեր ռուս գործընկերների օգնությամբ և Առողջապահության նախարարության աջակցությամբ։ Ուզում եմ նաև հավելել, որ մենք այս ուղղությունը զարգացնելու ենք, ունենք երիկամների և լյարդի փոխպատվաստում ունեցող պացիենտներ։ Դրա համար հաջորդ տարի բյուջեից գումար ենք հատկացնելու, որպեսզի կարողանանք պացիենտներին ցուցաբերել օգնություն, այն տատանվում է 1000 դոլարի սահմաններում»,- նշեց Առողջապահության նախարարը։
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ սուր իշեմիկ կաթվածի բուժումը լավ է ընթանում։
«Երկու օր առաջվա տվյալներով՝ 85 պացիենտի բուժօգնություն է ցուցաբերվել, նրանցից 60-ը դուրս են գրվել, 12-ի կյանքը չի հաջողվել փրկել, քանի որ ծանր վիճակում են եղել։ Սա համարում ենք հաջողված ծրագիր։ Այս տարի նախատեսել ենք դրա համար հատկացնել շուրջ 400 մլն դրամ»,- ասաց Ա. Թորոսյանը։
Զվարթ Խաչատրյան