Բաժիններ՝

Ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղարը պարզաբանում պահանջեց թիվ 94 մանկապարտեզում գրանցված միջադեպի վերաբերյալ

Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին, երբ մանկապարտեզում 3,5 տարեկան երեխայի նկատմամբ կատարվել էր բռնություն, և ըստ ծնողի՝ այն կատարել էր մանկապարտեզի դաստիարակը։

«Մանկապարտեզում նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նա նշանակվել է հունվարին։ Սակայն ամիսներ հետո նա մասնակցում է Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկի տնօրենի մրցույթին և անցնում։ Ի՞նչ մոտեցումներ ունենք մենք այս հարցերի հետ կապված»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը։

Անդրադառնալով բարձրացված խնդրին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին ծանոթացել է այն ժամանակ, երբ լրագրողներից մեկը կապ է հաստատել իր հետ և ասել, որ իրեն  են ներկայացրել լուսանկարներ և հայտարարել են, որ երեխայի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն։

«Նյութեր են ուղարկվել ոստիկանություն, որն էլ նյութեր է նախապատրաստում քրեական գործ հարուցելու համար, սակայն արդյունքում՝ բավարար հիմքեր չունենալու պատճառով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Որոշում է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն՝ քրեական գործը հարուցելու կամ մերժելու համար, որտեղից պատասխանել են, որ ոստիկանության որոշումն իրավաչափ է։ Ծնողը հրաժարվել է երեխային տանել դատաբժշկական փորձաքննության, ինչը կարող էր լրացուցիչ հիմքեր տալ, որպեսզի հարուցվեր քրեական գործ։

Ծնողի փաստաբանը եղել է Դատախազությունում, որին ներկայացվել են մերժման պատճառները։ Տվյալ մանկապարտեզում դաստիարակը և օգնականը գտնվում էին արձակուրդում, օգնականը վերադարձել է և իր դիմումի համաձայն՝ ազատվել աշխատանքից, իսկ դաստիարակն այժմ գտնվում է արձակուրդում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ վաղվանից սկսած քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները կսկսեն իրենց ուսումնասիրությունները, այնպես, որ չխոչընդոտեն նախաքննությանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս