Ովքե՞ր են «Սասնա ծռերի» ավտոերթի ստվերային համակարգողները

Ինչպես արդեն հայտնի է՝ «Սասնա ծռեր» կուսակցության անդամները, մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանը,  տևական ժամանակ է՝ հայտարարում է «Դեպի Արցախ» միասնության ևս մեկ ավտոերթի միջոցառումների մասին, որոնք, ըստ նրա,  տեղի են ունենալու 2019թ. մայիսի 25-28-ը՝ ներառյալ:

Ըստ նրա՝ ավտոերթի նպատակներն են՝ 1) ցույց տալ, որ մեր ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ, 2) խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը։

Ավտոերթով շարժվելու են Արցախի տարածքում և հանդիպումներ են ունենալու Արցախի վարչական շրջանների կենտրոններում:

Նրանք բոլորին  կոչ են անում իրենց ավտոմեքենաներով միանալ երթին և դրա կազմակերպման համար ֆինանսապես կամ վառելիքի կտրոններով աջակցել։ Ֆինանսական աջակցության կոչերով դիմել են նաև արտերկրում ապրող հայերին։

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավտոերթի և «Սասնա ծռերի» լոզունգներին անդրադառնալով՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր.

«Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը։ Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն, ովքեր ընդունում են այս տարբերակը, մենք պատրաստ ենք բոլորին ընդունել։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն կամ փորձում են կոչեր անել, որ պետք է հեղափոխություն անեն, որ պետք է իշխանափոխություն անեն Արցախում, ես նրանց խորհուրդ կտայի ընդհանրապես ձեռնպահ մնալ և չխառնվել Արցախի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին»։

Նրան իր պատասխան՝ լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն ասել էր.

«Վիտալի Բալասանյանը Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել, որի մասին ինքը խոստովանեց։ Արցախը Հայաստանի Հանրապետության մարզ է, և որևիցե մեկը չի կարող ասել՝ ով պետք է հատի, և ով՝ ոչ։ Հույս ունեմ, որ իր հակապետական գործողությունները որոշակի արձագանք կստանան, նա առնվազն պետք է զրկվի այդ պաշտոնից»։

«168 Ժամի» տեղեկություններով՝ «Սասնա ծռերին» այդ գաղափարն իրագործելու համար ստվերային կերպով աջակցում են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Տեղեկությունները ճշտելու նպատակով մեր լրագրողը փորձեց հարցեր ուղղել նրանց։

Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնաբանել Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը, որ պատրաստվում է ավտոերթ կազմակերպել դեպի Արցախ՝ «Արցախը Հայաստանի մարզ է և վերջ» կարգախոսով: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում 168.am-ի հարցին ի պատասխան՝ նա հորդորեց դրա վերաբերյալ հարցերն ուղղել Սէֆիլյանին: «Ոչ, չեմ մեկնաբանի»,- ասել էր նա: Մեր դիտարկմանը, որ խոսակցություններ կան, թե Սէֆիլյանին նաև ինքն է աջակցում, Ա.Միրզոյանը հարցով էր հակադարձել. «Ինչո՞վ եմ աջակցում, չհասկացա»: Մեր ճշտմանը, որ Արցախում գործողությունները կազմակերպելու հարցում է աջակցում, Միրզոյանը պատասխանել էր. «Ես Ղարաբաղում ոչ մի գործողություն չեմ կազմակերպում»:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ կտրականապես հրաժարվել էր պատասխանել 168.am-ի լրագրող Գայանե Խաչատրյանի հարցին՝ Ժիրայր Սէֆիլյանի կողմից կազմակերպվող ավտոերթի ու դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ:

Լրատվամիջոցը ճշտելուց հետո, հարցը կիսատ լսելով, Ա. Քոչարյանը հայտարարել է. «Հարցազրույց չեմ տալիս»:

Մեր լրագրողի հարցին՝ ինչո՞ւ հարցազրույց չի տալիս, Ա.Քոչարյանը պատասխանել է, թե զբաղված է:

Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, թե ինքը՝ Ա. Քոչարյանն է աջակցում այդ ավտոերթի կազմակերպմանը, պատասխանել է.

«Ո՞վ է էդ տեղեկությունը տվել, ո՞վ է շրջանառում: Սաթիկ Սեյրանյա՞նն է շրջանառում: Ամոթ ա: Ամոթ ա էդպիսի բաները, դուք հո «7օրը» չե՞ք, դուք «168 Ժամն» եք, որ կենսագրություն ունի: Որտե՞ղ են էդ լուրերը շրջանառվում: Մի հատ ասեք տեղը: Էդ ախմախությունները որտե՞ղ են շրջանառվում: Ամոթ ա: Շրջանառվում են լուրեր, էն էլ՝ սենց ախմախ լուրեր: Պարոն Քոչարյանն ա՞ շրջանառում, թե՞ իմ մասին են շրջանառում: Շրջանառողը Քոչարյան Ռոբերտն ա՞»:

Տեսանյութեր

Լրահոս